Ռամիլ Սաֆարովը Ատրպէյճան կը գտնուի, եւ հիմա, ըստ ՀՅԴ Բիւրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Վահան Յովհաննիսեանի, մեզ պէտք է հետաքրքրեն մի քանի հարցեր:


«Առաջինը՝ եւրոպական արժէքների ամբողջ համակարգը, որոնց շուրջ գումարւում է Արեւելեան գործընկերութիւնը, մեր մասնակցութիւնը տարբեր եւրոպական կամ եւրոպակեդրոն միջազգային կառոյցներին, պարզւում է՝ այս ամէնը ոչինչ չարժէ:
Երկրորդ դասն այն է, որ, փաստօրէն, Հունկարիան թոթափեց Սաֆարովի անվտանգութիւնը բանտում ապահովելու պարտաւորութիւնը, եւ հիմա Սաֆարովը ազատութեան մէջ է, որը նաեւ ազատութիւն է տալիս նրա հետ վարվելու այնպէս, ինչպէս որ ինքը արժանի է:
Իսկ ամէնակարեւորն այն է, որ Հունգարիան, երբ Սաֆարովին յանձնում էր Ատրպէյճանին, շատ լաւ գիտէր, որ նրան հռչակելու են ազգային հերոս:
 Ըստ ՀՅԴի պատգամաւորի, առհասարակ աշխարհը,Z Հունգարիան, ՆԱԹՕ-ն եւ Եւրոպական միութիւնը պէտք է վերջապէս որոշեն՝ սկզբունքնե՞ր, թէ՞ շահ: «Բաւական է Հայաստանին դաստիարակեն սկզբունքներով, որոնք իրենք չեն կիրառում»,-նշեց ան:

Վահան Յովհաննիսեանի նամակը ուղղուած Եւրանեսթի ղեկավար մարմնին

Տկն Հերցզոգ Էդիթ, Եւրախորհրդարանի անդամ
Պրն Գյորք Անդրաս, Եւրախորհրդարանի անդամ
Պրն Դոյչ Տամաս, Եւրախորհրդարանի անդամ
Տկն Գալ Կինգ,    Եւրախորհրդարանի անդամ
Պրն Գլատֆելդեր Բելա, Եւրախորհրդարանի անդամ
Տկն Գուրմաի Զիտա, Եւրախորհրդարանի անդամ

Յարգելի գործընկերներ

Ես ձեզ եմ գրում ափսոսանքով, քանի որ հայ-հունգարական յարաբերութիւնները ամբողջովին խզուել են վերջին իրադարձութիւնների հետեւանքով: Ինչպէս հասկանում էք՝ խօսքս Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի մասին է՝ ատրպէյճանական բանակի լեյտենենտի, որին ցմահ ազատազրկման էիք դատապարտել ձեր երկրում 2004 թուականին ՆԱԹՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպայ Գուրգէն Մարգարեանի դաժան սպանութեան համար:
Ինչպէս գիտէք, Սաֆարովին դատել էին Գուրգէն Մարգարեանին քնած ժամանակ սպանելու համար: Սաֆարովի սառնասրտօրէն կատարած յանցագործութիւնը, որը նա իրականացրեց կացնի 16 հարուածներով՝ գրեթէ կտրելով հայ սպայի գլուխը, համապատասխանում է նրա խղճի բացակայութեանը կամ ապաշխարութեանը:
Վերջին 8 տարիների ընթացքում Ատրպէյճանի կառավարութեան պաշտօնեաները, քաղաքական եւ հասարակական գործիչները շատ անգամ են արտայայտել իրենց հրճուանքը այդ ահասարսուռ գործողութեան վերաբերեալ: Հետեւաբար՝ Հունգարիայի իշխանութիւնները չէին կարող վստահ չլինել, որ Սաֆարովին կը հերոսացնեն իր երկրում՝ հէնց վերադարձի առաջին իսկ օրից, որն, իր հերթին, հպարտութեան աղբիւր կը հանդիսանայ գալիք սերունդների համար: Եւ հէնց դա էլ տեղի ունեցաւ, երբ ձեր երկիրը որոշեց նրան հետ ուղարկել Ատրպէյճան. ան ազատ արձակուեցաւ եւ ներուեց:
Ես այժմ կը խօսեմ Սաֆարովի էքստրադիցիայի իրաւական կողմի մասին. դա արդարադատութեան լուրջ խախտում է, ակնյայտ մար- դասպանութիւն, եւ որը վտանգաւոր ազդանշան կը լինի Ատրպէյճանի կառավարութեանը, որը կը շարունակի քաջալերել հակահայկական քարոզչութիւնը եւ աւելի մեծ մասշտաբներով յարձակում գործել Հայաստանի եւ ԼՂՀ-ի վրայ: Հունգարիայի իշխանութեան արարքի հետեւանքը ոչ միայն կանխատեսելի էր, այլեւ ակնյայտ, նրանք յանցագործութեան ողջ պատասխանատուութիւնն իրենց ուսերին վերցրին եւ թոյլ չտուեցին, որ մարդասպանը 10 տարի անգամ իր պատիժը կրի:
Եւրոպական գործընկերների հետ մեր կիսած համատեղ արժէքների հայեցակարգը այնքան է ապականուել, որ ես չեմ կարող ակնկալել որեւէ բարոյական բարելաւում:
Բայց գոնէ հիմա, երբ դաժան մարդասպանը հերոսացուել է Ատրպէյճանում, Հունկարիան եւ եւրոպական երկրները կը հասկանան՝ ինչու Լեռնային Ղարաբաղի հայերը  չեն ցանկանում Ատրպէյճանի իշխանութեան տակ ապրել:

Յարգանքներով
Վահան Յովհաննիսեան

«Եւրանեսթ» ԽՎ Բիւրոյի անդամ
«Եւրանեսթ» ԽՎ փոխ նախագահ