Սիրելի հայրենակիցներ,
Արցախի իշխանութիւնների եւ անձամբ իմ անունից ի սրտէ շնորհաւորում եմ բոլորիս կարեւորագոյն պետական տօնի՝ Արցախի Հանրապետութեան օրուայ առթիւ. պատմական օր, որը շրջադարձային եղաւ մեր ժողովրդի կեանքում եւ նախանշեց հետագայ զարգացման ուղին:


Այդ ճանապարհին մեզ համար ուղենիշ դարձան ժողովրդավարական սկզբունքներն ու համամարդկային արժէքները: Մեր նպատակն է կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան պետութիւն, որտեղ կը հարգուեն մարդու իրաւունքներն ու ազատութիւնները. պետութիւն, որը կարող է պաշտպանել իր ժողովրդին եւ անհրաժեշտ պայմաններ ստեղծել նրա զարգացման համար: Մենք պետք է աւարտին հասցնենք այդ սուրբ գործը, որին իրենց կեանքն են նուիրաբերել հայ ժողովրդի լաւագոյն զաւակները: Փա՜ռք ու պատիւ մեր նահատակներին:
Այս տօնական օրը ես մաղթում եմ, որ իրականանան մեր բոլոր համազգային նպատակներն ու իղձերը, ձգտումներն ու ծրագրերը: Եւ անպայման կ’իրականանան, որովհետեւ մենք լեցուն ենք հաւատով ու վճռականութեամբ, որ ընտրել ենք ճիշտ ճանապարհ, դէպի յաղթանակ տանող ճանապարհ: Կ’իրականանան, որովհետեւ այդ նպատակներն արդար են եւ վեր են ամէն ինչից:
Մէկ անգամ եւս շնորհաւորում եմ մեր ողջ ժողովրդին, Արցախի Հանրապետութեան բոլոր քաղաքացիներին եւ մաղթում քաջառողջութիւն, խաղաղութիւն ու բարօրութիւն:
Թող Աստուած պահապան լինի մեր ընտանիքներին եւ մեր հայրենիքին:

Ստեփանակերտ, 2 Սեպտեմբերի 2012