Ատրպէյճանի արտաքին գործոց նախարարութիւնը բողոքագիր մը յղած է Թանզանիոյ արտաքին յարաբերութիւններու տեսչութեան, պահանջելով հանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անունը՝ նախարարութեան պաշտօնական կայքին մէջ նշուած պետութիւններու ցանկէն:
Պաքու անհանգըստացած էր իմանալով թէ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները Թանզանիա կրնան այցելել, մուտքի արտօնագիրի մը համար վճարելով 50 ամերիկեան տոլար:
Թանզանիան ճանաչում է
Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը
Վերջերս լրատուամիջոցները տեղեկատուութիւն տարածեցին այն մասին, որ Թանզանիան Լեռնային Ղարաբաղը դասել է այն երկրների թիւին, որոնց քաղաքացիների համար նախատեսւում է այդ հանրապետութիւն մուտքի վիզա: Տեղեկատուութեան մէջ նշւում էր, որ Թանզանիայի արտաքին գործոց նախարարութեան պաշտօնական կայքին մէջ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներու համար երկիր մուտքի վիզան արժէ 50 տոլար: Մինչդեռ այլ երկրների քաղաքացիների համար Թանզանիայի վիզաներն աւելի թանկ են: Օրինակ, ԱՄՆ քաղացիները Թանզանիա մուտքի վիզա ստանալու համար պէտք է վճարեն 100 տոլար, իսկ Փաքիստանի քաղաքացիները՝ 200 տոլար: Արդիւնքում ստացւում է, որ Թանզանիան ճանաչում է ԼՂՀ անկախութիւնը, քանի որ հաշուի է նստում ու փաստացի ընդունում ԼՂՀ անձնագրերն ու քաղաքացիներին: Չնայած իրա¬ ւական տեսանկիւնից, այսինքն՝ պետական մակարդակով Թանզանիան չի ճանաչել Ղարաբաղի անկախութիւնը, այնուամենայնիւ, այս քայլը որոշակի դրական հետեւանքներ կþունենայ ԼՂ հակամարտութեան հայանպաստ կարգաւորման գործընթացում:
Չի բացառւում նաեւ, որ այս փաստից գազազած՝ մեր հարեւան ազերիները կը սկսեն Թանզանիայի վրայ դիւանագիտական ու տեղեկատուական լուրջ ճնշում գործադրել...
Վերոնշեալ տեղեկատուութեան վերաբերեալ իր մեկնաբանութիւններն արեց քաղաքագէտ Դաւիթ Բաբայեանը.
-Այն, ինչ վերջին ժամանակներս կապուած է Թանզանիայի հետ, դա իսկապէս հետաքրքիր զարգացում է, սակայն ես ուզում եմ հարցին նայենք այլ տեսանկիւնից: Թանզանիայի օրինակը ժամանակին քննարկուել եւ ուսումնասիրուել է մեր կողմից եւ նոյնիսկ առաջարկներ են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին:
Ճիշդ է՝ այս առաջարկներն արդէն արդիական համարել չի կարելի, քանզի փոխուել է իրավիճակը, եւ այն խնդիրները, որոնք քննարկուել են՝ արդէն օրակարգից դուրս են: Բայց խնդիրը կայանում է նրանում, որ ինքը՝ Թանզանիան համարւում է ժողովրդավարութեան իւրատեսակ մի օրինակ՝ ոչ միայն Աֆրիկայում, այլ, ընդհանուր առմամբ, աշխարհում:
1998թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացրել են հակամարտութեան կարգաւորման երկու տարբերակ, որոնցից մէկը՝ փուլային տարբերակը մերժուել է հայկական կողմից, որն անընդունելի է եղել, եւ միւսը եղել է ընդհանուր պետութեան մօտեցումը, ըստ որի՝ այն ժամանակ համանախագահները մտածում էին, թէ հնարաւոր է ստեղծել կոնֆեդերատիվ կազմաւորում Ատրպէյճանի եւ Արցախի միջեւ:
Մեր կողմից այն ժամանակ դա որպէս հիմք բանակցութիւններում ընդունուել է՝ ոչ որպէս տարբերակ, այլ՝ որպէս հիմք: Մենք կարծում էինք, որ եթէ Ատրպէյճանն ընդունի, որ մենք իրար հետ հաւասար ենք, դա աւելի կը հեշտացնի, որպէսզի հետագայում հակամարտութիւնը կարգաւորուի: Ատրպէյճանի կողմից մեր¬ ժուեց այդ առաջարկը:
Նրանց մերժման փաստարկները նաեւ մեր աշխատանքի շնորհիւ պարզապէս ծիծաղելի դարձան աշխարհին: Իսկ այս ամէնի մէջ մեզ օգնեց Թանզանիան: Երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից եղել է այդ առաջարկը, Ատրպէյճանը փաստարկներ է բերել հետեւեալ մօտեցումները, որ, նախ եւ առաջ, Ատրպէյճանը տարածքով մօտ 6 անգամ գերազանցում է Արցախին, եւ բնակչութեամբ Արցախին գերազանցում է մօտ 57 անգամ, եւ, հետեւաբար, անհնարին է լինել հաւասար մէկը միւսին:
Սակայն այս տեսանկիւնից մենք բերում էինք Թանզանիայի օրինակը, որը լրիւութեամբ չէզոքացնում էր Ատրպէյճանի փաստարկները: Թանզանիան ինքը համարւում է դաշնային պետութիւն, որը կազմուած է երկու սուբյեկտից, եւ անգամ այդ պետութեան անուանումն է գալիս այդ երկու սուբյեկտների բառերի առաջին վանկերի միաձուլումից:
Չնայած այդ երկու կղզիները տարածքով մօտ 900 անգամ են իրարից տարբերւում եւ բնակչութեամբ՝ մօտ 200 անգամ, միեւնոյն է նրանք իրար լիահաւասար են: Թանզանիան դասական օրինակ է, որտեղ երկու անհամեմատելի՝ իրենց քանակական եւ տարածքային առումով սուբյեկտներ ստեղծել են մի ընդհանուր պետութիւն, որտեղ բոլորն էլ լիահաւասար են: Բերելով այս փաստարկները, մենք փորձել ենք Ատրպէյճանին ցոյց տալ, որ նրանք զբաղւում են քաղաքական սպեկուլացիաներով եւ խախտում են մարդու իրաւունքները եւ ժողովրդավարական սկզբունքները:
Այս տարբերակն, իհարկէ, հիմա արդէն հնացած է, սակայն դա մեր դիւանագիտութեան պատմութեան էջերից կարելի է համարել: Եւ հիմա, երբ Թանզանիան ճանաչում է ԼՂՀ անկախութիւնը, դա ցոյց է տալիս Աֆրիկեան ժողովրդավարութեան հա¬ սուն մակարդակը:
Անի Ազատեան