Հայաստանի Ազգային Ժողովի պատգամաւոր Ռուբէն Հայրապետեան, որու պատկանող Հարսնաքար ճաշարանին մէջ դաժանօրէն ծեծի ենթարկուած եւ մահացած էր բժիշկ սպայ Վահէ Աւետեանը, երէկ հանդիպում ունեցաւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հետ, ապա յայտարարեց, որ կը հրաժարի Ազգային Ժողովի իր աթոռէն:
Ռուբէն Հայրապետեան հետեւեալ յայտարարութիւնը տարածած է մամուլին.-
«Ամէն ինչ կը տայի, որ այդ չարաբաստիկ երեկոյեան լինէի այնտեղ, բռնէի երիտասարդների վրայ բարձրացող բռունցքները, կանգնեցնէի այս դժբախտութիւնը, որ կեանք խլեց, ընտանիքներ կործանեց, երեխաներ որբացրեց: Ամէն ինչ կը տայի այս ամէնը յետ պտտելու համար: Բայց չեմ կարող: Վահէն արդէն չկայ: Ու ես դրանով պէտք է ապրեմ: Ու պէտք է նայեմ նրա ընտանիքի անդամների աչքերին: Չգիտեմ ոնց:
Ասում են ամէն ինչ օրէնքով պիտի լինի. վստահ եմ օրէնքով կը լինի, 100 մեղաւոր կը լինի 100 պատիժ կը լինի: Բայց հարցը միայն օրէնքը չի:
Հարցը շատ աւելի բարդ է: Ու ես դա շատ լաւ եմ հասկանում: Հիմա շատերն են մեղադրում ինձ, նոյնիսկ բաների համար, որ ինձ հետ կապ չունեն կամ յօրինուած են. երեւի իրաւունք ունեն: Բայց իմ առաջին մեղադրողը հէնց ես եմ:
Ես պիտի կանխէի նման դժբախտութիւնը ու չեմ կարողացել դա անել: Չպէտք է իմ եւ իմ ընտանիքի հետ առնչութիւն ունեցող միջավայրում նման իրադարձութիւն հնարաւոր լինէր: Ես ինձ չեմ ներում, ու չգիտեմ ոնց պիտի ներում հայցեմ:
Այս պահին ես յայտարարում եմ, որ բարոյական պարտաւորութիւն եմ զգում եւ վայր եմ դնում Ազգային Ժողովի պատգամաւորի իմ մանդատը: Ես ներողութիւն եմ խնդրում իմ բոլոր ընտրողներից, որ չեմ կարողանայ արդարացնել իրենց սպասելիքները, բայց վստահ եմ, որ ուղղակի պարտաւոր եմ այս քայլն անելու: Ուզում եմ հաւատալ, որ աւանցիներն ինձ ճիշդ կը հասկանան: Յոյս ունեմ, որ մի օր էլ կը կարողանամ ներում ստանալ Վահէենց ընտանիքում. յամենայն դէպս ամէն ինչ կÿանեմ դրա համար: Սգում եմ բոլոր հարազատների հետ միասին»:
Ինչպէս նախապէս տեղեկացուցած էինք, Յունիս 17ին, ԱԺ հանրապետական պատգամաւոր, Հայաստանի Ֆութպոլի համադաշնութեան նախագահ Ռուբէն Հայրապետեանին (Նեմեց Ռուբօ) պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մէջ դաժան ծեծի ենթարկուած էին ռազմական հիւանդանոցի բժիշկներ են՝ Էդգար Միկոյեանը, Արկադի Աղաջանեանը, Գարիկ Սողոմոնեանը, Արտակ Բայադեանը եւ պաշտպանութեան նախարա- րութեան կեդրոնական կայազօրի ռազմական հիւանդանոցի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայութեան գնդապետ Վահէ Աւետեանը:
Յունիս 29ին գնդապետ Վահէ Աւետեանը հիւանդանոցին մէջ մահացած էր: Այս առնչութեամբ կալանաւորուած են 6 հոգի՝ Արման Խաչատրեանը, Նորայր Հայրապետեանը, Գարիկ Մարգարեանը, Արման Բաղդասարեանը, Դաւիթ Ադամեանն ու Արթուր Բաբլոյեանը, որոնց մէջ են Ռ. Հայրապետեանի թիկնազօրի անդամներ: