Խորհրդարանական ընտրութիւնների ողջ օրուայ խօսակցութիւնը վերջ նականապէս բիւրեղացաւ արդիւնքների ամփոփումից յետոյ։  Օդում կախուած է մի հարց՝ ինչպէ՞ս մեր հայրենակիցները վաճառեցին իրենց  քուէն: Հարց տուողի աչքերին պէտք է նայել, ու կþերեւայ ահը, որ կայ մեր երկրի ապագայի նկատմամբ, ահ, որի պատճառը մեր հասարակութեան բարոյական անկումն է:


Ինչպէ՞ս վաճառեցին քուէն մեր հայրենակիցները։ Իհարկէ, կը գտնուեն մարդիկ, ովքեր կþասեն, թէ չի եղել ընտրակաշառք: Ուրեմն, եթէ ազատ կամքով, հաւատքով ու համոզմունքով են քուէարկել, պէտք է արձանագրել մի կարեւոր փաստ. մեր երկում չկայ անարդարութիւն, հասարակութիւնը համոզուած է դրանում եւ իր աջակցութիւնն է յայտնում իշխանութեանը։ Մեր երկրում փողոցի տղան, մեծահարուստը, պաշտօնեան, դատաւորը, մաքսաւորը, տեղական ցանկացած չինովնիկ արդարադատ են, եւ բոլորը գոհ են նրանցից, եթէ հասարակութեան կէսն աջակցում է իշխանութեանը։ Մեր երկրում չկայ տնտեսական անարդարութիւն, մանր ու միջին պիզնեսին  որեւէ մէկը մեր երկրում չի ճնշում, մեծահարուստների օր-օրի աւելացող սուպերմարկետների պատճառով որեւէ կրպակ չի փակւում։ Չկայ մեր երկրում մենաշնորհ եւ կապիտալի ու փողի գերկենտրոնացում։ Հակառակ դէպքում հասարակութեան մեծ մասը չէր աջակցի իշխանութեանը։ Ճիշդ չէ, թէ մեր երկրում թոշակառուն չի կարողանում անգամ իր տարրական կարիքները բաւարարել, կոմունալ մուծումները վճարել, ու երեւի դրա համար Մայիսի 6-ին ընտրատեղամասերի մօտ կուտակուածների մէջ շատ էին  հէնց նրանք ու չէին էլ թաքցնում, որ ընտրում են իշխանութեանը։ Մեր երկում սոցիալական վիճակը փայլուն է, աշխատավարձը՝ բարձ, գիները՝ ցածր, բոլորն ապրում են անհոգ կեանքով ու հաւատում են վաղուայ օրուան: Հակառակ դէպքում հասարկութեանը մեծամասնութիւնը չէր ընտրի իշխանութեանը։ Հայաստանում արտագաղթ չկայ, սխալմամբ արտագաղթածներն էլ երազում են վերադառնալ բարեկեցիկ հայրենիք ու ապրել շենութեան մէջ։ Սուտ են ամէն վայրկեան ու ամէն քայլափոխի լսուող այն կարծիքները, թէ արտագաղթը հասել է վտանգաւոր մակարդակի։ Հակառակ դէպքում հասարակութեան մեծամասնութիւնը չէր ընտրի իշխանութեանը։ Ճիշդ է Թեղուտի անտառների ոչնչացումը, պետական կարիքների անուան տակ հարիւրաւոր մարդկանց անտուն թողնելը։ Մեղաւոր էին այն երիտասարդները, ովքեր բողոքում էին դրանց դէմ։ Հակառակ դէպքում ընտրողների մեծամասնութիւնը չէր քուէարկի իշխանութեան համար։ Արդարութիւն չկայ մեր երկրում, թոշակառուն չի կարողանում ապրել, կրպակատէրը գոյատեւել, ընտանիքի հայրը ապահովել իր զաւակների ապագան, երիտասարդը խորհում է արտագաղթի մասին։
Սա է իրականութիւնը, որը հերթական անգամ ներկուեց գունաւոր մի պարզ պատճառով. հայ ընտրողների մեծամասնութիւնը վաճառեց իր ձայնը, քուէն։ Մարդիկ գնացին ընտրութեան ու առանց քաշուելու, հրապարակաւ վաճառեցին իրենց ձայնը, քուէն, քաջ իմանալով, որ դա վաղը իրենց կաշուից է  դուրս գալու։ Վաճառեցին իրենց քուէն՝ սոցիալական վիճակից ելնելով, մէկ օր առնուազն դեղորայք առնելու, տունը պահելու, երեխային խաղալիք առնելու յոյսով։
Իսկ վճարողը քաջ գիտի, որ վաղը խորհրդարանում, երբ առաջարկուի թոշակ ու աշխատավարձ բարձրացնել, կենսաթոշակային նուազագոյն զամբիւղի շեմ որոշել, հերթական Կառավարութիւնը մերժելու է դա, որ յաջորդ ընտրութիւնների նախօրեակին արժանապատիւ թոշակ ու աշխատավարձ վճարելու փոխարէն տայ ընտրակաշառք ու ապահովի իր վերարտադրումը։

ՅԳ - Առաջատարութեամբ կուրացածները Մայիսի 7-ին արթնանալիս չեն  էլ անդրադառնում, որ փողոցում քայլող, աշակերտից քննութիւն վերցնող, շուկայում իր քրտինքով մի քանի գլուխ կաղամբ վաճառող, բալիկի հետ այգում զբօսնող երիտասարդ մայրիկը, շինականը, ուսուցիչը, վարորդը, սեփական քարտուղարուհին, իր հարեւանն եւ ազգականն այլեւս նրա համար Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի չէ, հայրենակից չէ։ Նրանց բոլորին նա համարում է ձայն ունեցող եւ վաճառող մարդ։
Երէկ «Facebook» սոցիալական ցանցում Կրթութեան նախարար, հանրա-պետական Արմէն Աշոտեանը գրել էր, թե «Երկիր մեդիան» էլ է exit-poll արել, եւ առաջարկել էր կռահել` ո՞վ կը լինի առաջատարն այդ ցանկում։ Պատասխանեմ՝ մեր exit-poll-ում ընտրութիւններին մասնակից 9 կուսակցութիւններից բացի, աւելացրել էինք «Փող» բառը: Ու առաջատարը   հէնց փողը դարձաւ։ Այն փողը, որ անխնայ բաժանուեց ողջ Հայաստանում։ Միայն ՓՈՂԸ եւ ընտրակաշառքը յաղթեց Մայիսի 6-ի ընտրութիւններում։


Երկիր Մետիա