Դաշնակցութեան 3 պատգամաւորներ՝ Արմէն Ռուստամեանը, Արտաշէս Շահբազեանը եւ Ռուզաննա Առաքելեանը երէկ Շիրակի մարզ կը գտնուէին։ Անոնք հանդիպումներ ունեցան Սառնաղբիւր գիւղի, ապա նաեւ Արթիկի ընտրողներուն հետ։
Արթիկցիներու հետ հանդիպման ընթացքին՝ դաշնակցական պատգամաւոր Արտաշէս Շահբազեանը նշեց, որ իրենք ճակատները բաց են մտնում ժողովուրդի մէջ ու յորդորեց այս անգամ չխաբուիլ գեղեցիկ խոստումներով - «Այս օրերին բոլորը գալու են հանդիպումների, գեղեցիկ բաներ են ասելու, մեզանից շատ աւելի լաւ բաներ են ասելու... խաբելու են։ Ինչո՞ւ եմ ասում՝ խաբելու են: Կայ մի չափանիշ՝ ոչ թէ խօսքը, այլ ո՞վ ի՛նչ է արել։ Ասում ենք՝ պաշտօնապէս 63 հազար դրամ սահմանուած է կենսապահովման նուազագոյն զամբիւղը։ Այսինքն, մարդը այդքան գումարով պիտի սնունդ ընդունի։ Դու տալիս ես 32.5 հազար դրամ աշխատավարձ, նպաստ՝ դրանից պակաս։ Ինչպէ՞ս ապրի մարդը։ Բա որ իշխանութիւն ես, չես ապահովում մարդուն ապրելու հնարաւորութեամբ, ո՞նց ես այդ քաղաքացու հետ խօսում, մի հատ էլ գալիս ասում՝ հաւատա՛, լաւ է լինելու։ Ինչի՞ հիման վրայ։ Պիտի փոխենք, ոչ թէ իրենց ասածի պէս՝ մնանք փոխենք։ Որ մնաք՝ չէք փոխի, որովհետեւ նոյնն էք։ Ուրիշները պիտի գան, որ փոխեն»։
Ռուզաննա Առաքելեանը խօսեցաւ մարզերու համաչափ զարգացման մասին։
«Իշխանութիւնը 5 տարի խօսեց մարզերի համաչափ զարգացման մասին, բայց նորից էլի Երեւան քաղաքում կեդրոնացուեց ամբողջ հարստութիւնը, արտադրողական ուժը։ Մեր գիւղերը դատարկւում են։ Գիւղեր կան, որտեղ մենք գնում ենք հանդիպումների՝ միայն տատիկներ ու պապիկներ են», - ըսաւ դաշնակցական պատգամաւորը։
Առաքելեանը նաեւ յայտարարեց, որ ազգային խնդիրները, անշուշտ, գերխնդիրներ են՝ «բայց մեզ համար նոյնքան գերխնդիր է հայ մարդուն Հայաստանում պահելը»։
Արմէն Ռուստամեանը իր խօսքին մէջ նոյնպէս անդրադարձաւ արտագաղթին - «Գումարային էֆեկտը այս իշխանութիւնների ձախողման, ուրիշ եթէ բան չասենք, հէնց այն արտագաղթն է, որ աննախադէպ չափերի է հասել։ Արտագաղթը կանգնեցնելու մասին չի կարող խօսել այն իշխանութիւնը, որի օրոք այդ արտագաղթը թափ է հաւաքել։ Արտագաղթը հնարաւոր չէ կասեցնել մարդկանց խաբելով, 5000- 10000 դրամ տալով, ասելով եկէք քուէարկէք մեզ ու լաւ կը լինի։ Այդ ձեւով մենք քուէարկել ենք արդէն։ Եւ չի կարող փոփոխութիւններից խօսել մի քաղաքական ուժ, որը առաջին հերթին ինքը իրեն պիտի փոխի, որ ինչ-որ մի բան այս երկրում փոխւի։ Ինքը չի անի դա, որովհետեւ պիտի կտրի այն ճիւղը, որի վրա նստած է»։
«Ձեր քուէի գինը իմացէք։ Եկէք՝ ում ուզում էք ձայն տուէք, մենք կը համարենք մեր յաջողութիւնը։ Այ այս ծրագրով ենք մենք ուզում այսօր գնալ» իր խօսքը ամբողջացուցած է Դաշնակցական գործիչը: