«Ազատ Ձայն» լրատուականը կը ներկայացնէ հարցազրոյց «Ախալցխայի վերածնունդ» կայքի գլխաւոր խմբագիր Էդուարդ Այվազեանի հետ՝ «Ջաւախքում ապրող հայերի առօրեայից մինչ Հայաստան-Վրաստան յարաբերութիւններ» նիւթի շուրջ:

Պարո՛ն  Այվազեան, բազմիցս է խօսուել ջաւախահայերի խնդիրների մասին: Խնդրում եմ՝ ներկայացնէք դրանք՝որպէս ջաւախահայերին մօտ կանգնած եւ նրանց խնդիրներին լաւատեղեակ անձ:
Ջաւախքում խնդիրները բազմաթիւ են, սակայն միշտ չէ, որ դրանք ճիշդ են ներկայացւում հայաստանեան մամուլում տարբեր մարդկանց կողմից: Խնդիրների մասին  այսօր, ցաւօք, խօսում են այն մարդիկ, ովքեր հնարաւորութիւն չունեն այդ խնդիրները լուծելու, իսկ ովքեր ունեն, բացարձակապէս չեն խոօսում: Բնակուելով Ջաւախքում՝ հայերի հետ կապուած մի քանի հիմնական  խնդիր եմ տեսնում: Առաջինը  սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակն է: Երկրորդը՝ ոչ պակաս կարեւոր, մեր եկեղեցիների վիճելի մնալու խնդիրն է, որը դեռեւս չի յաջողուել լուծել ոչ մէկին: Կան խոչընդոտներ հասարակական կազմակերպութիւններ  գրանցելու կամ նոյնիսկ վերագրանցելու գործում, որին անձամբ ինքս եմ բախուել եւ լսել նմանատիպ բազմաթիւ դէպքեր: Հայկական դպրոցների հետ կապուած խնդիրներ եւս կան, որոնք, իմ կարծիքով, շատ մտահոգիչ են: Լեզուի խնդիրը հրատապ է դարձել Ջաւախքում:
Մի ժամանակ վրացական սահմանից հայատառ մամուլ ու գրքեր տեղափոխելու խնդիրներ կային, սակայն հիմա կարծես թէ այդ հարցը լուծուել է: Սակայն նոյնիսկ այսքան խնդիրների առկայութեան դէպքում, այնուամենայնիւ, ես լաւատես եմ եւ համոզուած, որ եւրոինտեգրման ճանապարհը վստահօրէն բռնած Վրաստանը օրէցօր ընթանում է առաջ եւ վերջապէս կը լուծի փոքրամասնութիւնների հետ կապուած բոլոր առկայ խնդիրները:
Քանզի դէպի եւրոպական ընտանիք տանող այլ ուղի, ինչին այդքան ձգտում է Վրաստանը, գոյութիւն չունի:
 
Ի՞նչ էք կարծում, ո՞ր դէպքում է հնարաւոր լուծել Ջաւախքում ապրող  մարդկանց յուզող հարցերը:
Իմ կարծիքով՝  հարցերի լուծման լաւագոյն տարբերակը  Հայաստան-Վրաստան ներկայիս սերտ կապերի առկայութիւնն է, որի շրջանակներում հայկական կողմը պէտք է բարձրաձայնի ջաւախահայերի խնդիրների մասին եւ օգնի Վրաստանին լուծելու դրանք: Մեր ժողովուրդը երկու  երկրների միջեւ ցանկացած բարձր մակարդակի հանդիպումից միայն դրա սպասելիքն ունի:
Մի քանի օր առաջ Թիֆլիսիում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հիանալի պայմանագիր ստորագրուեց, ինչի շնորհիւ երկու երկրների սահմանները դառնալու են հեշտ անցանելի, ինչպէս եւրոպական մի շարք երկրներում: Նաեւ պայմանաւորուածութեան շրջանակներում կառուցուելու է նոր, ժամանակակից ճանապարհ, որը կապելու է Հայաստանը Աջարիայի հետ, ինչը անցնելու է Ջաւախքի միջով:
Հիանալի ձեռքբերում է երկու երկրների համար եւ իր հերթին, բնականաբար, ինչ-որ չափով նպաստելու է ջաւախահայերի խնդիրների լուծմանը: Ըստ իս՝  նաեւ սփիւռքը իր հզօր ներուժով պէտք է անմասն չմնայ ջաւախահայութեան  խնդիրների յաղթահարման  գործում: Կարծում եմ՝ սփիւռքի հզօր լոպպիստական կազմակերպութիւնները օգտակար կարող են  լինել Վրաստանին՝ տարբեր հարցերի լուծման եւ դիրքերի ամրապնդման գործում, ինչի արդիւնքում Վրաստանն էլ իր հերթին պարտաւորուելու է օգնել ջաւախահայերի խնդիրների լուծմանը: 
 
Վրաստանի հայ փոքրամասնութիւնը դպրոցներում ո՞ր լեզուով է հաղորդակցում:
Ներկայումս հայկական դպրոցներում հաղորդակցւում են միայն հայերէնով, սակայն շուտով, խօսք կայ, որ դասերի կէսը դասաւանդուելու է վրացերէնով, ինչը մեծ մտահոգու-թիւն է առաջացրել ջաւախահայերի շրջանում: Յուսով ենք՝ տուեալ մեթոտը կեանքի չի կոչուի, եւ դրա փոխարէն Կրթութեան եւ Գիտութեան նախարարութիւնը մի այլ ծրագիր կը մշակի պետական լեզուի իմացութիւնը բարձրացնելու համար, եւ այն չի արուի հայերէնի հաշուին:
 
Առհասարակ, լեզուի պատճառով ի՞նչ դժուարութիւններ են առաջանում:
Այս հարցը շատ  ցաւօտ է մեր ժողովրդի համար: Երեսունից բարձր տարիք ունեցողները վատ են տիրապետում վրացերէնին, ինչը մեծ դժուարութիւններ է առաջացնում մարդկանց համար. այդ իսկ պատճառով շատերը ուզում են մայրենի լեզուով վարել իրենց գործերը տարածաշրջանում: Դա ժողովրդական պահանջ է, եւ կարծում եմ՝ երկրում ժողովրդավարութեան աւելի զարգացման դէպքում տուեալ հարցը իր դրական լուծումն է ստանալու: Նաեւ տուեալ խնդրի շուրջ երկու տարի առաջ ՀՀ դեսպանների հետ հանդիպման ժամանակ նման դիրքորոշմամբ հանդէս է եկել նախագահ Սերժ Սարգսեանը:
 
Հայերը որքանո՞վ են ներգրաւուած Վրաստանի քաղաքականութեան մէջ:
Վրաստանի քաղաքական ուժերը հայերի խնդիրների լուծման առումով ոչ մի էական խոստումներ չեն տալիս, եւ դա է հիմնական պատճառը, որ հայերը հեռու են երկրի ներքին քաղաքական պրոցեսներից, չնայած ընտրութիւնների ժամանակ բաւական ակտիւ են: Այս ամէնը, սակայն,  չի խանգարում հայերին երկրի լաւ ու հայրենասէր քաղաքացիներ լինել:
 
Խնդիրների շարքում դուք թուարկեցիք նաեւ եկեղեցիների հարցը:
Հայկական եկեղեցիները շարունակում են մնալ  վիճելի, եւ դա  ցանկացած հայի անհանգստացնում է մեր շրջանում ու ամբողջ Վրաստանում:
 
Ի՞նչ քայլեր են ձեռնարկւում Վրաստանում ապրող հայերի ապրելակերպը փոքր-ինչ լաւացնելու համար:
Շատ կարեւոր է խնդիրների կողքին նաեւ դրական զարգացումները նկատել: Մի քանի տարիների ընթացքում տարածաշրջանը լիովին փոխուել է: Կառուցուել են բազմաթիւ ենթակառուցուածքներ, ինչը ուղղակի անդրադառնում է ջաւախքցու սոցիալ-տնտեսական կեանքի վրայ:
Քաղաքները կառուցւում են նոր թափով: Ամբողջ երկրի հետ մեկտեղ նաեւ տարածաշրջանում արմատախիլ է արուել կաշառակերութիւնը: Վրաստանը դարձել է օրէնքի երկիր, եւ ահա թէ ինչն է յոյս ներշնչում մեր խնդիրների լուծման առումով: 
 
Հայաստանի իշխանութիւններն ինչ-որ կերպ օգնութիւն ցուցաբերու՞մ  են:
Հայաստանի իշխանութիւնները մի փոքր օգնում են հայկական լրատուամիջոցները պահպանելու համար՝ այն, ինչ կայ, ինչը շատ կարեւոր է: Սփիւռքի նախարարութիւնն էլ իր ծրագրերն է իրականացնում Ջաւախքում եւ կապեր հաս-տատում  կրթամշակութային կազմակերպութիւնների հետ: