Հոգեւոր ինչպիսի՞ կեանքով է ապրում այսօր վիրահայութիւնը:

Ամբողջութեամբ ասելը դժուար է. կայ զանգուած, որն ակտիւ մասնակցութիւն ունի ինչպէս համայնքի հոգեւոր-մշակութային, այնպէս էլ ազգային կեանքում: Բայց հայութեան մի մեծ մասը տեղեակ չէ ոչնչից եւ չի խառնւում հայութեան կեանքին: Կան մարդիկ, որոնք դեռեւս կարծում են, թէ Հայաստանի կաթողիկոսը Վազգէն Առաջինն է:

Մեզ մօտ ժամերգութիւններ, պատարագներ են լինում, հանդիպում ժողովրդի հետ, ֆիլմերի ցուցադրում, երգի-պարի խմբակներ, կիրակնօրեայ դպրոցներ, բայց անկեղծ լինելու համար ասեմ, որ տուածի դիմաց առայժմ ընդամէնը նուազագոյն արդիւնք ունենք: Գուցէ վաղը-միւս օրը ինչ-որ բանի հասնենք, բայց այս պահին հոգեւոր կեանքը, չէի ասի, թէ փայլուն է:

Ո՞րն է դրա պատճառը. եկեղեցին չի՞ կարողանում իր մօտ բերել մարդկանց:

Կայ վրացական եկեղեցու շատ հզօր գործօնը: Կան մարդիկ, որ վրաց եկեղեցում են մկրտւում, դժուարանում եմ ասել, թէ որն է պատճառը: Ասում են, թէ այդպէս աւելի անվտանգ է, բայց նման բան չի կարող լինել: Սամցխէ Ջաւախքում քիչ են գործող եկեղեցիներն ու հոգեւորականները, եւ սպասուած արդիւնքը այն չէ: Այսօր Ախալքալաքի 70-ից աւելի գիւղեր սպասարկում են երկու քահանայ: Երբ գայ մի օր, եւ մենք գոնէ 5 գիւղում կ'ունենանք մի հոգեւորական, կÿունենանք հոգեւոր արդիւնք:
Մեզ համար կարեւոր է նաեւ մեր եկեղեցիների վերադարձը, որը հայութեանը գոնէ Թիֆլիսիում կուտայ մի նոր յոյս, նոր շունչ՝ կրկին իր արմատներին վերադառնալու եւ այդ արմատներով ապրելու: Լինում է Կիրակի, որ ունենում ենք կիսադատարկ եկեղեցի: Ասում են նաեւ, թէ սա սոցիալական բնոյթ ունի: Հայութեան մեծ զանգուած ապրում է հեռու շրջաններում, դժուարանում են կենտրոն գալ-գնալիս 3-5 լարի  ծախսել:

Յուլիսի սկզբին ընդունուեց օրէնք, որով ի թիւս այլոց, հայ եկեղեցուն տրւում էր իրաւաբանական կարգավիճակ: Դա ա՞յն էր, ինչին ձգտում էր մեր եկեղեցին:

Աղմուկն աւելի շատ էր, քան օրէնքն ինքնին: Դա ընդամէնը հնարաւորութիւն էր տալիս իրաւաբանօրէն ձեւակերպուել, հանրային կարգավիճակ ունենալ, որպէսզի մեր պատմական յուշարձանները կարողանանք վերադարձնել:

Գրանցման համար դիմե՞լ էք:

Դեռ ոչ: Չենք շտապել, որովհետեւ վրաց հասարակութեան մէջ ստեղծուեց մթնոլորտ, որ այս ամէնն արուեց յանուն հայերի: Արդէն 2-3 կրօնական կազմակերպութիւն գրանցուել է, մենք էլ կը լինենք 4-րդը կամ 5-րդը՝ մէկ անգամ եւս վրաց հասարակութեանն ասելու համար, որ դա միայն մեզ համար չէր:

Հայկական քանի՞ եկեղեցի կայ, որոնք պահանջում էք վերադարձնել:

Պատմական տաճարները, որ պահանջում ենք, հինգը այստեղ՝ Թիֆլիսիում են, մէկը՝ Սուրբ Նշանը, Ախալցխայում: Թիֆլիսիի Սուրբ Նշան եւ Սուրբ Նորաշէն եկեղեցիների վերանորոգութեան եւ պահպանութեան համար վրաց պետութիւնը գումար է յատկացրել, եւ հիմա նախահաշիւ են անում եւ հնարաւոր է 2012-ին դնեն նորոգութեան իրենց պետական ծրագրով: Այս պահին մեզ բաւարար է նոյնիսկ, որ դրանք փրկուեն, չփլուեն, իհարկէ, մինչեւ որ ժամանակի հետ կապուած՝ մենք կարողանանք այդ տաճարները վերադարձնել: Այս պահին Թիֆլիսիում երկու տաճար է կանգուն՝ Սուրբ Նշանը եւ Նորաշէնը, մնացած երեքը կիսաւեր կամ աւերուած են՝ Մուղեցոց Սուրբ Գէորգը, Շամխորեցոց Աստուածածինը եւ այստեղ՝ Հաւլաբարում գտնուող Սուրբ Մինասը: Մօտ մէկ ամիս առաջ Հայաստանի մշակոյթի նախարարութիւնից այստեղ էին եկել մասնագէտներ, հանդիպում ունեցան Վրաստանի յուշարձանների վերականգնման եւ պաշտպանութեան կոմիտէի ղեկավարութեան հետ: Նրանք չեն հերքում, որ կը վերականգնեն, բայց չեն ասում, թէ երբ: Այս պահին բացատրում են, որ տեղը յարմար չէ, կան շինութիւններ կողքին, եւ դժուար է վերանորոգելը:

Վերջերս Վրաստան այցելեց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը: Համայնքին ի՞նչ տուեց Վեհափառի այցը:

Ակնկալել, որ Վեհափառի այցից յետոյ մեր բոլոր հարցերը կը լուծուեն, առնուազն միամիտ կը լինէր: Վեհափատի այցը մեր համայնքային կեանքին տուեց ներքին ոգեւորութիւն՝ թէ՛ Թիֆլիսիում, թէ՛ Ջաւախքում: Վրաստանի թէ՛ պետական, թէ՛ հոգեւոր վերնախաւի մօտ Վեհափառը հիմնաւոր կերպով բարձրացրեց մեզ յուզող կարեւոր հիմնախնդիրները: Միանգամից լուծելու խոստում չտրուեց, սակայն մեր հարցերի բարձրացումը համապատասխան մարմիների մօտ ցոյց տուեց, որ ոչ միայն այդ հարցերի տէրը մենք ենք, համայնքը, այլեւ մեր հոգեւոր իշխանութիւնը Էջմիածնում:

Եկեղեցին այստեղ մուտք ունի՞ դպրոց:

Վերջին տարիներին մեր դպրոցները դարձան միջնաբերդ, եթէ առաջ դպրոցներում միջոցառում լինէր, մենք կը գնայինք, կամ դրանք կը լինէին մեր նախաձեռնութեամբ, հիմա դա շատ փակ զոնա է:

Եկեղեցուն համայնքը աջակցո՞ւմ է:

Թիֆլիսի հայութեան բաւական մեծ զանգուած իներտ է, ոչինչ չի անում, բայց քննադատում է: Գուցէ սա խեղճութիւնից է: Գուցէ նրանից է, որ առաւօտից երեկոյ թերթերով ու հեռուստատեսութեամբ հայութեան դէմ քարոզ է գնում: Կոչում են ազգային փոքրամասնութիւն, եւ դու առանձնանում ես ամբողջից: Ի՞նչ փոքրամասնութիւն, մենք այս նոյն երկրի քաղաքացի ենք:

Վիրահայութեան ամենակարեւոր խնդիրներն այսօր որո՞նք են:

Կրթութիւն եւ մշակոյթ: Ամենակարեւորները դրանք են: Ցաւօք, այսօր Վրաստանում կայ ձուլում: Վրաստանի կրթական նոր քաղաքականութիւնը կարծես հապշտապ ամէն ինչ վրացականացնելու միտում ունի: Վրաստանը մի կողմից ստիպողաբար ներդնում է վրացերէնը, միւս կողմից՝ տարածում է դոմինանտ հաւատը, ապա՝ վրացական մշակոյթը: Սարսափելի վիճակ է, երբ դպրոցներում չգիտեն Յովհաննէս Թումանեանին կամ Աւետիք Իսահակեանին: Ցաւօք, այս տարիներին փակուեցին հայկական դպրոցներն ու հայկական բաժինները: Մնաց մէկ հայ-վրացական եւ մի առանձին հայկական դպրոց: Երկու փոքրիկ դպրոցներ էլ կան՝ երկու հայերէն դասարաններով, որոնք, կարելի է ասել, ներկայ չունեն, ապագան էլ անորոշ է:
ՀՀ նախագահի Վրաստան կատարած այցի ժամանակ բարձրացրի գոյք պարտքի դիմաց հարցը: Վրաստանը 17 միլիոն տոլար արդէն քանի տարի պարտք է Հայաստանին: Գուցէ այդ պարտքի մի մասով մեզ այստեղ՝ Թիֆլիսիում տրամադրուի դպրոցի շէնք, որպէսզի հայութիւնը կարողանայ այստեղ ունենալ իր առանձին ազգային դպրոցը, որտեղ ինքը տնօրէն նշանակի, ուսուցիչներին՝ պահպանելու համար հայախօս զանգուածը: Այլապէս մենք ուրախանում ենք, որ վաղը-միւս օրը թատրոն կը վերանորոգուի, կարող է տաճարները վերադարձուեն, բայց եթէ պէտք է հայերէն խօսողներ, հայերէն հասկացողերը չլինեն, ո՞ւմ համար ենք անում: Ցաւօք, այսքան հարցերը բարձրացնում ենք, մեզ քիչ լսողներ կան:


Սեւակ ՅԱԿՈԲԵԱՆ