Լ.Ղ.Հ. Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրաւան գիւղի տարածքին մէջ նոր մարդակերպ կոթողներ յայտնաբերուած են, որոնք ըստ մասնագէտի, Արցախի մէջ այս շարքի կոթողներու լաւագոյն օրինակներն են: Նոր Կարմիրաւանէն յայտնաբերուած կոթողները կուգան հաս
տատելու այն կարծիքը, որ այս կոթողները կանգնած են յատկապէս Արցախի մարգագետնեայ-տափաստանային գօտիին մէջ՝ ներկայիս Մարտակերտի շրջանին մէջ եւ շրջակայքը,- «Արցախթայմս»ին այսպէս մեկնաբանած է Հ.Հ. Գ.Ա.Ա. հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Նժդեհ Երանեան:
Քանի որ հարցը ձեզ համար խիստ մասնագիտական է, նախ՝ խօսենք այդ կոթողների պաշտամունքային նշանակութեան ու գործառոյթներու մասին:
Նախ՝ նշեմ, որ Արցախից արդէն յայտնաբերուել է շուրջ երեք տասնեակ նմանատիպ կոթող: Կոթողների այս խումբը, որը պայմանական կարելի է անուանել արցախեան, առանձնանում է պատկերագրական եւ տեխնիկական որոշ առանձնայատկութիւններով: Արցախի քարէ մարդակերպ կոթողները երկրամասի նախաքրիստոնէական մշակոյթի կարեւոր բաղկացուցիչներից են: Սալերը երկու հորիզոնական ակօսների միջոցով բաժանւում են երեք մասի՝ ընդգծելով մարմնի երեք մասերը՝ գլուխը, իրանը եւ ներքնամասը: Կոթողները քանդակուած են ինչպէս դիմացից, այնպէս եւ հակառակ կողմից: Այս, ինչպէս նաեւ պատկերագրական այլ մանրամասներ, ինչպէս օրինակ ձեռքերի դիրքը (բոլոր կոթողների վրայ ձեռքերը ծալուած են կրծքին), որոշ կոթողների վրայ դաշոյնի առկայութիւնը, խօսում են կոթողների ծիսական-պաշտամունքային դերի մասին: Այս կոթողները կանգնեցուել են անձնակազմի ոեւէ անդամի մահուան դէպքում: Հաւանաբար, խօսքը գնում է մարդու մասին, ով հասարակական բարձր խաւի է պատկանել:
Նոր գտածոները արդեօ՞ք նոր խօսք են բերում Արցախի տարածքում այդ կարգի կոթողների ուսումնասիրման համար:
Նորայայտ կոթողները մեծ հետաքրքրութիւն են ներկայացնում նախ եւ առաջ մասնագիտական տեսանկիւնից:
Այս նիւթը թոյլ է տալիս հաստատելու կամ մերժելու նախկինում արուած որոշ ենթադրութիւններ: Նրանց հետագայ ուսումնասիրութիւնը անկասկած կ’օգնի էլ աւելի մանրամասնել որոշ հարցեր: Սակայն նախնական դիտարկման արդիւնքում արդէն նկատելի է, որ նորայայտ կոթողներն առանձնանում են իրենց խոշոր չափերով, շատ աւելի լաւ են պահպանուել եւ որոշ պատկերագրական մանրամասներ աւելի լաւ են երեւում, քան Արցախից յայտնի միւս կոթողների դէպքում: Հետաքրքրական է նաեւ այսքան կոթողների կուտակումը մէկ վայրում: Այս դէպքում գուցէ կարելի է խօսել նաեւ այն մասին, որ կոթողները գտնւում են իրենց կանգնեցման նախնական վայրում: Այս հարցին կարելի է պատասխանել միայն հետախուզական պեղումներից յետոյ:
Նորայայտ կոթողների տեղավայրը կարող է՞ ինչ որ յատուկ նշանակութիւն ունենալ եւ արդեօ՞ք ինչ որ բան է յուշում հետագայ ուսումնասիրութիւնների համար:
Իհարկէ, չափազանց կարեւոր եւ անակնկալ էր այս կոթողների յայտնաբերումը: Սակայն նրանց յայտնաբերման գօտին ինչ որ առումով անակնկալ չէր:
Բանն այն է, որ այս շարքի բոլոր կոթողները յայտնաբերուել են Խաչենագետի ներքնահովտից կամ նրա շրջակայքից: Այս գօտին, որտեղով եւ հոսում էր Արցախի խոշոր գետերից մէկը, պէտք է, որ գրաւիչ լինէր նրանց համար, ովքեր կանգնած են այս մշակոյթի ակունքներում: Իսկ Նոր Կարմիրաւանից յայտնաբերուած կոթողները գալիս են հաստատելու այն կարծիքը, որ այս կոթողները կանգնեցուել են յատկապէս Արցախի մարգագետնեայ-տափաստանային գօտում՝ ներկայիս Մարտակերտի շրջանում եւ շրջակայքում:
Այս կոթողների հետազօտութիւնը կարեւոր է նաեւ քաղաքական առումով:
Ատրպէյճանցի որոշ հետազօտողներ սկսած անցած դարի 60ական թուականներից փորձել են դրանց վերագրել աղուանական ծագում, իսկ դրանց տարածուածութիւնը Արցախում դիտել որպէս աղուանական էթնոմշակութային սուբստրատի առկայութիւն:
Այս ուշագրաւ մշակութային երեւոյթի չէզոք նկարագրութիւնն ու պարզաբանումը, նրանց գործառոյթի, ժամանակագրութեան եւ պատկերագրութեան յստակեցումը հնարաւոր են դարձնում խօսել ընդարձակ մշակութային մի երեւոյթի մասին, որ տարածուած էր ողջ Առաջաւոր Ասիայում եւ մ.թ.ա. առաջին հազարամեակի սկզբների ժողովուրդների եւ մշակոյթների հզօր տեղաշարժի ամենաէական վկայութիւններն են:
Հետեւաբար այդ յուշարձանների հետազօտութիւնը, նրանց յստակ ժամանակագրութեան եւ էթնոմշակութային պատկանելութեան խնդիրների քննութիւնը ներկայացնում է ոչ միայն գիտական հետաքրքրութիւն, այլեւ հնարաւորութիւն է տալիս մերժել ատրպէյճանական զեղծարարութիւնները: Կոթողները թէեւ առանձին օրինակներով յայտնի են դարձել դեռ անցած դարի 60ական թուականներին, սակայն նրանց պատկերագրական, իմաստաբանական քննութիւնը, ժամանակագրութիւնը եւ հնարաւոր էթնոպատկան խնդիրները մնում էին չմանրամասնուած, յաճախ էլ՝ ուղղակի չլուծուած։
artsakhtimes.am