Կարմիր Բլուրի մէջ աւարտած են պեղումները եւ բացառիկ յայտնագործութիւններ եղած: Լրագրողներու հետ հանդիպման ժամանակ յայտնած է Հ.Հ. մշակոյթի նախարարութեան պատմամշակութային ժառանգութեան գիտահետազօտական կեդրոնի փոխ-տնօրէն, հնա
գէտ, մշակոյթի վաստակաւոր գործիչ Յակոբ Սիմոնեան:
«Թէյշեբաինի դամբարանադաշտում, կամ՝ ինչպէս ժողովուրդն է ասում, Կարմիր Բլուրում պեղումները սկսուել են 2015-16 թուականներին: Այդ հատուածով պէտք է անցնէր Երեւանը շրջանցող Արգաւանդ-Շիրակ աւտոճանապարհը, որտեղ մեծ քանակութեամբ շինարարական աղբաշերտ կար: Պեղումների պատուիրատուն քաղաքապետարանն է եղել»,- Panorama.amի փոխանցմամբ՝ նշած է հնագէտը:
Անոր խօսքով` պեղումներու արդիւնքով յայտանբերուած է 281 դամբարան. «Այդ տարածքում գերխիտ թաղումներ են եղել, որոնք որ բնորոշ են ժամանակակից քաղաքաշինական նորմերին: Իւրաքանչիւր մէկ քառակուսի մետրի վրայ մէկ դամբարան է եղել: Այստեղ եղել է նաեւ նորածին մանուկների թաղումներ, ինչը բնորոշ է բարձր քաղաքակրթութիւն ունեցեղներին»:
Յակոբ Սիմոնեանի տեղեկացմամբ` ի տարբերութիւն Էրեբունիի, որուն բնակչութիւնը տեղափոխուած էին Ծոփքէն, Թէյշեբանիի բնակիչները եղած են տեղաբնակներ, որոնց մասին կը վկայեն ամբողջ մշակոյթն ու թաղման ծէսը: «Այս պեղումները բացայայտեցին այն իրավիճակը, թէ ովքեր են բնակուել այնտեղ, ինչ հաւատալիքներ, ծիսակարգ են ունեցել:
Օրինակ կանայք ի՞նչ տիպերի զարդեր են կրել, ինչիպիսի՞ կօշիկներ են կրել: Մենք ունեցանք զէնքերի հսկայական արսենալ (զինանոց): Այսպիսով ժամանակակից մեթոդներով, ՏՆԹով կարող ենք պարզել Թէյշեբաինի բնակիչների գենետիկան (ծինաբանութիւնը): Ատամնաքարի հետազօտութեան միջոցով անգամ կարող ենք պարզել, թէ ի՞նչ սնունդ են նրանք օգտագործել, ի՞նչ հիւանդութիւններ են ունեցել»,- նշած է ան:
Մշակոյթի նախարարութեան պատմամշակութային ժառանգութեան գիտահետազօտական կեդրոնի փոխ-տնօրէնը ընդգծած է, այժմ այդ տասնեակ հազարաւոր գտածոները փաստագրուած կը պահուին իրենց պատմամշակութային ժառանգութեան գիտահետազօտական կեդրոնի պահեստարան-սենեակներուն մէջ. «Մեր նախնական հաշուարկներով՝ միայն փորձանմոյշների վերականգնման համար, որպէսզի դրանք դառնան թանգարանի ցուցանմոյշ, անհրաժեշտ է նուազագոյնը 50 միլիոն դրամ»: