Արցախէն Հայաստան յատուկ ջոկատային կամ բանակի որեւէ ստորաբաժանում չէ գացած, եւ որեւէ տարածքի յանձնում չկայ:Այս մասին, ըստ Tert.amի, յայտնած է Լ.Ղ.Հ. նախագահի մամուլի խօսնակ Դաւիթ Բաբայեան՝ մեկնաբանելով «Հիմնադիր Խորհրդարան»ի
տարածած հաղորդագրութիւնը:
«Երկու տեղեկութիւններն էլ անհեթեթութիւն են եւ չեն համապատասխանում իրականութեանը: Որեւէ մէկը Արցախից Հայաստան չի եկել, լինի յատուկ ջոկատային, բանակի ստորաբաժանումներ կամ այլ զինուած անձ:
Մենք ունենք սահման, որին թշնամին ամէն օր սպառնում է, իսկ մեր զինուած ուժերը հսկում են մեր սահմանները: Ինչ վերաբերում է տարածքների յանձման մասին տեղեկութեանը, ապա տարածքի յանձնում չկայ: Բաւական է: Այդ թեման անընդհատ շահարկւում է, իսկ նման բան գոյութիւն չունի»,- ըսած է Դաւիթ Բաբայեան:
Նշենք, որ «Հիմնադիր Խորհրդարան»ը տարածած է յայտարարութիւն, թէ տեղեկութիւններ ստացած են՝ Պ.Պ.Ծ. գունդի գրաւման նպատակով Արցախէն երկու մեքենայով յատուկ ջոկատայիններ բերելու մասին եւ այդ քայլով փորձ կը կատարուի տարածքները յանձնելէ առաջ իրարու հակադրել Արցախն ու Հայաստանի Հանրապետութիւնը: