alt91րդ տարին բոլորած, իր մահկանացուն կնքեց տաղանդաւոր երգչուհի Օֆելիա Համբարձումեան:
Ան ծնած էր 9 Յունուար 1925ին Երեւան, եւ իր ասպարէզին մէջ առաջնային տեղ գրաւած են Սայաթ-Նովայի ստեղծագործութեանց

կատարումները՝ «Ես Կանչում Եմ Լալային», «Չկայ Քիզի Նման» եւ այլն:
Նախագահ Սերժ Սարգսեան ցաւակցական հեռագիր յղեց Համբարձումեաններու եւ Յովհաննիսեաններու ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետութեան ժողովրդական արուեստագէտ, հայ երգի անզուգական կատարող Օֆելիա Համբարձումեանի մահուան առիթով: Հեռագրին մէջ կը նշուի.-
«Լինելով ժողովրդական երգարուեստի մեծ նուիրեալ եւ երախտաւոր, մեր ժողովուրդի յոյզերու եւ ապրումներու կրող եւ թարգման՝ Օֆելիա Համբարձումեան իր երկարատեւ եւ բուռն ստեղծագործական կեանքով նոր մակարդակի բարձրացուց հայ երգը:
«Տասնամեակներ շարունակ համաժողովրդական մեծ սէր վայելող անոր կատարումները հիացուցած եւ ոգեշնչած են հայրենի հանդիսատեսը, հայ մնալու ուժ եւ կորով հաղորդած սփիւռքի մեր հայրենակիցներուն:
«Խորին ցաւակցութիւն կը յայտնեմ մեծանուն երգչուհիի ընտանիքին, հարազատներուն եւ անոր արուեստի բազմահազար երկրպագուներուն»:
Իսկ երաժիշտ-երգահան Տիգրան Մանսուրեան այս առթիւ յայտնեց.- «Մեզանից հեռանում է սիրուած, խոնարհումի ու հիացմունքի արժանացած երգչուհին՝ Օֆելիա Համբարձումեանը: Երգեցիկ ոգի էր, երգող շունչ, որ իր երգի միջոցով կենդանի էր պահում այն մեղեդին, որը հասանելի էր հանուրիս՝ չլինելով պարզունակ ու միանշանակ, այլ շքեղօրէն հարուստ ու կենսագրութիւն ունեցող: Երգեց աշուղական երգեր, ժողովրդական երգեր ու էլի երգեր՝ պատմական անցեալի այլեւայլ շերտերից եկած: Եւ այդ բոլորը իր եզակի տաղանդով ու ներշնչուածութեամբ հունցուած: Նրան տրուած ժողովրդական տիտղոսը մինչեւ պետական որոշում ու վկայագիր դառնալը բոլորիս համար ընդունելի ու որեւէ փաստաթուղթ չպահանջող իրողութիւն էր: Նրա նմաններին ժողովուրդն է ծնում՝ իր անզարդ օրը, իր սովորական առօրեան վեր պահելու, դրանց բանաստեղծական շունչ ու ոգի հաղորդելու:
«Տարբեր ժողովուրդներ ունեն ժողովրդական երգ ասող այդպիսի մայրիկներ: Այդպիսիք իսպանացիներն ունեն, ամերիկացիներն ունեն, մեքսիկացիներն ունեն, արաբական աշխարհում կան նրանք: Եւ բոլորին հաւասարապէս սիրում են բոլորը՝ ո՛ր ազգին էլ որ պատկանեն նրանք: … Իր երգն ես առաջին անգամ լսել եմ 1947 թուականին Պաթումում, երբ հայրենադարձների մեծ խմբով նաւից նոր էինք իջել ու գալիս էինք Հայաստան: Մեզ բարի գալուստ ասելու էր եկել Հայաստանից երաժիշտների մի խումբ, որի կազմում էր Օֆելիա Համբարձումեանը: … Ինքը գնաց, իր երգը մեզ հետ է ու կÿապրի»:
Սիրուած երգչուհիին յուղարկաւորութիւնը տեղի ունեցաւ 16 Յունիսին, Արամ Խաչատուրեան համերգասրահին մէջ: Օֆելիա Համբարձումեանին աճիւնը ամփոփուեցաւ Կոմիտասի անուան պանթէոնին մէջ: Օֆելիա Համբարձումեան մահացաւ 13 Յունիսի առաւօտեան՝ 91 տարեկանին: