Հայաստանի տարածքային կառավարման եւ զարգացման նախարարութիւնը Ապրիլի վերջաւորութենէն սկսեալ պիտի իրականացնէ բազմաթիւ ծրագիրներ, որոնք պիտի նպաստեն աղքատութեան բարձր մակարդակ ունեցող մարզերու մէջ տնտեսական աշխուժացման: Այս մասին
յայտնած է տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դաւիթ Լոքեան, 16 Մարտին գումարուած Ազգային ժողովի նիստին: «Կ՛առաջարկեմ ձեզ ծանօթանալ նախարարութիւնում պատրաստուող՝ տարածքների տնտեսական զարգացման ռազմավարութեան փաստաթղթին, որը կառավարութիւնը, հաւանաբար, կը հաստատի Ապրիլին:
Դրա հիմնական նպատակն է խթանել տնտեսութիւնը յատկապէս այն մարզերում, որտեղ կայ Հ.Ն.Ա.ի ցածր մակարդակ, բացակայում են աշխատատեղերը, ինչի արդիւնքում աղքատութեան տոկոսը մեծ է»,- յայտնած է Դ. Լոքեան: Խօսելով Գիւմրի քաղաքին վերաբերող ծրագիրներուն մասին՝ Դաւիթ Լոքեան կարեւոր եւ օգտակար նկատած է Գիւմրիի զարգացման համար Վերակառուցման եւ Զարգացման Եւրոպական Դրամատունէն 23,5 միլիոն եւրօ վարկ ստանալու ծրագիրը։
«Վարկային համաձայնագիրը ներկայումս քննարկման փուլում է եւ մինչեւ Ապրիլի 15ը պայմանագիրը կը դրուի ընթացքի մէջ: Դրանից յետոյ ՎԶԵԴում հարցը կը քննարկուի, եւ եթէ Հայաստան բաւարարի բոլոր պայմաններին, ապա վարկային փաթեթը (ծրարը) հասանելի կը դառնայ Նոյեմբերին»,- ըսած է նախարարը: Նախարարը աւելցուցած է, որ «Ոչ յաճախ է լինում այնպէս, որ նման վարկ կարողանանք ստանալ համայնքների զարգացման ծրագրերի համար: Ֆինանսական տեսանկիւնից եւս վարկի ներգրաւումը դրական է, իսկ վարկի ներգրաւման դէպքում Գիւմրիի իշխանութիւնները հնարաւորութիւն կ՛ունենան Հայաստանի երկրորդ մայրաքաղաքը ուղղակի բարեկարգ քաղաքից վերածելու զբօսաշրջային կենտրոնի՝ կապելով Հայաստանի հիւսիսը միւս տուրիստական կենտրոնների հետ»,- եզրափակած է Դ. Լոքեան: