Շուրջ 200 հոգի էր հաւաքուել Մարտի 4ի կէսօրին Հայաստանի Ազգային Գրադարանի Թամանեանական մասնաշէնքի մեծ դահլիճում` ներկայ գտնուելու յունահայոց թեմի առաջնորդ Խորէն Արք. Տողրամաճեանին նուիրուած բանաստեղծ Յովհաննէս
Ղազարեանի «Աղօթարան» գրքի շնորհանդէսին:
Այդ օրը լրանում էր սրբազան հօր ծննդեան տարեդարձը:
Շնորհահանդէս-հաւաքոյթը, զոր կազմակերպել էին Հայկական Ուսումնասիրութիւնների ԱՆԻ Կենտրոնը, Հայաստանի Գրողների Միութիւնը եւ Հայաստանի Ազգային Գրադարանը, ձգուեց աւելի քան երկու ժամ: Միջոցառումը վարում էր գրականագէտ Երուանդ Տէր-Խաչատուրեանը:
Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեան խօսքը ներկաներին փոխանցեց Մայր Աթոռի միաբաններից Նաթան Արք. Յովհաննիսեանը: Քնարերգ ու բանաստեղծ Յովհաննէս Ղազարեանի նախաձեռնութիւնը կարեւորեցին եւ զեկուցումներով հանդէս եկան Հայաստանի Գրողների Միութեան նախագահը, բանաստեղծի գրչակից ընկերները եւ գրականագէտներ:
Հաւաքոյթին ներկայ էին Հայաստանի սփիւռքի եւ կրթութեան ու գիտութեան նախարարները՝ Հրանոյշ Յակոբեանն ու Լեւոն Մկրտչեանը: Ելոյթ ունեցողները ընդգծում էին Սրբազան Հօր` Յունաստանի հայ համայնքում ծաւալած, ինչպէս նաեւ Հայաստան-սփիւռք կապերի ամրապնդման բազմաշնորհ ու բացառիկ գործունէութիւնը:
Ողջոյնի խօսքում սփիւռքի նախարարը շնորհաւորեց յունահայոց թեմի առաջնորդին` ծննդեան տարեդարձի առթիւ եւ կարեւորեց Յունաստանի հայ համայնքում հայապահպանութեանն ուղղուած, ինչպէս նաեւ Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցին նուիրուած միջոցառումների իրականացման գործում Սրբազանի ջանքերը:
«Համոզուած եմ, որ այս ամենածաղկուն եւ բեղմնաւոր տարիքում նորանոր ձեռնարկներով եւ բազմաթիւ գործերով դուք նոր լիցքեր կը հաղորդէք հայոց թեմին, եւ մենք ականատեսը կը լինենք ձեր հայանպաստ նոր ծրագրերի իրակացմանը»,- ընդգծեց Հրանոյշ Յակոբեանը:
Այնուհետեւ նախարարն անդրադարձաւ բանաստեղծ Յովհաննէս Ղազարեանի «Աղօթարան» գրքին` նշելով.- «Յովհաննէս Ղազարեանը պոէզիայի միջոցով իւրովի է մեկնաբանել Յունաստանի հայոց թեմի առաջնորդ Խորէն Արք. Տողրամաճեանի հոգեւոր եւ ազգային գործունէութիւնը` այն անմահացնելու համարձակ նախաձեռնութեամբ»:
Սփիւռքում հայագիտութեան զարգացման, Հայաստան-սփիւռք գործակցութեան ամրապնդման գործում ունեցած ծառայութիւնների համար նախարար Յակոբեանը Յունաստանի հայոց թեմի առաջնորդ Խորէն Արք. Տողրամաճեանին պարգեւատրեց Հ.Հ. սփիւռքի նախարարութեան եւ Վենետիկի Մխիթարեան միաբանութեան համատեղ «Յակոբ Մեղապարտ» շքանշանով:
Ապա՝ բարձրախօսին մօտեցաւ կրթութեան եւ գիտութեան նախարար Լեւոն Մկրտչեանը: Նա յիշեցրեց, որ սրբազան հօր գործունէութեանը ծանօթ է դեռ այն ժամանակ, երբ նա ծառայում էր Սալոնիկում: Նախարարը գնահատանքի խօսքեր ասաց Խորէն Արքեպիսկոպոսի հոգեւոր եւ համայնքային գործունէութեան մասին եւ ի գնահատումն` նրան պարգեւատրեց նախարարութեան յուշաշքանշանով:
Կարճ եւ սրտառուչ խօսք ասաց նաեւ Խորէն Սրբազանը: Նա յիշատակեց Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսներ Գարեգին Բ.ին եւ Արամ Ա.ին, իր ծնողներին` Յակոբ Տողրամաճեանին ու Նազելի Օհանեան-Տողրամաճեանին, Պիքֆայայի դպրեվանքի իր ուսուցիչ Գէորգ Գանտահարեանին: Շնորհահանդէս-հաւաքոյթի վերջին հատուածը հոգեւոր երաժշտութիւն էր: Բեմ բարձրացաւ Երեւանի Սուրբ Զօրաւոր եկեղեցու երգչախումբը: Հոգեւոր կատարումներին միացաւ նաեւ Խորէն Սրբազանը: Ապա՝ տեղի ունեցաւ գինեձօն-հիւրասիրութիւն եւ գրքի մակագրում:
«Աղօթարան» գրքում, համանուն պոէմից բացի, ներառուել են Խորէն Սրբազանի կենսագրութիւնը եւ մի քանի տասնեակ լուսանկարներ, այդ թուում` Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսի, Հռոմի Պապի, իր ծնողների հետ: Լրագրողների հարցին ի պատասխան` Խորէն Սրբազանը ասաց, որ «Աղօթարան»ում խօսւում է մարդկային արժէքների, մարդու` դէպի Աստուած բարձրանալու, մարդու անկման մասին, եւ թէ ինչպէ՛ս մարդն իր բարութեամբ կարողանում է յաղթահարել դժուարութիւնները: «Ինչ-որ ձեւով սա մեր հոգեւոր գրականութեան վերազարթնումն է: Եթէ զգուշութեամբ կարդանք պոէմը, այնտեղ պիտի տեսնենք Նարեկեան շունչ, Շնորհալիի շունչ, Մանդակունիի շունչ»,- ասաց Սրբազանը:
Բանաստեղծ Յովհաննէս Ղազարեանը իր պոէմը նմանեցրել է աղօթարանի` դրանց մասերը անուանելով խորաններ: Նա ասաց, որ պոէմը գրելու ընթացքում իր ներշնչանքի աղբիւրը եղել են Խորէն Սրբազանի իմաստասիրական գործերը, քարոզներն ու աղօթքները: «Աղօթարան» պոէմը կազմուած է մուտքից եւ 16 խորաններից:
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ