Հ.Հ. նախագահ Սերժ Սարգսեան Մ.Ա.Կ.ի ամպիոնէն շնորհակալութիւն յայտնեց Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցած պետութիւններուն եւ Ֆրանչիսկոս Պապին` Վատիկանի մէջ մատուցուած պատմական Պատարագին համար:
Ելոյթ ունենալով Նիւ Եորքի մէջ Մ.Ա.Կ.ի Գլխաւոր Վեհաժողովի 70րդ նստաշրջանի ընթացքին` նախագահ Սարգսեան ընդգծեց, որ Ցեղասպանութիւններու կանխարգելումը միջազգային օրակարգի վրայ պահելու Հայաստանի հաստատակամութեան մասին կը վկայեն Մարդու Իրաւունքներու Խորհուրդին մօտ պարբերաբար առաջադրուող բանաձեւերը, որոնցմէ վերջինը ընդունուած է այս տարի:
Ատոր հիման վրայ օրեր առաջ Մ.Ա.Կ.ի Գլխաւոր Վեհաժողովը Դեկտեմբեր 9ը հռչակած է «Ցեղասպանութեան յանցագործութեան զոհերու յիշատակի ու արժանապատուութեան եւ այդ յանցագործութեան կանխարգելման միջազգային օր»: «Անցեալ տարի` Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցի նախաշեմին, ես այս ամպիոնից անուն առ անուն շնորհակալութիւն յայտնեցի Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչած երկրներին` կոչ անելով ողջ միջազգային հանրութեանը ճանաչման ու դատապարտման միջոցով ցեղասպանութիւնների կրկնութեան դէմ պայքարին նոր թափ հաղորդելու: Այսօր նոյն այս ամպիոնից շնորհակալութիւն եմ յայտնում Հռոմի Պապ Ֆրանչիսկոսին եւ յիշատակում նրա կողմից մատուցուած պատմական Պատարագը, Եւրոպայի Խորհրդարանին եւ մատնանըշում նրա ընդունած բանաձեւը, Գերմանիայի նախագահին եւ վստահեցնում, որ նրա յայտնի ելոյթն այսուհետ լինելու է մեր ժողովրդի պատմութեան էջերում, Աւստրիայի, Պոլիվիայի, Պրազիլիայի, Լիւքսեմպուրկի, Նիտերլանտների, Չիլիի օրէնեսդիր մարմիններին, բազմաթիւ երկրների նահանգային եւ քաղաքային խորհուրդներին, ինչպէս նաեւ տասնեակ ու հարիւրաւոր հասարակական-քաղաքական կառոյցներին:
Շնորհակալութիւն եմ յայտնում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի, Սերպիայի նախագահներին, ինչպէս նաեւ բազմաթիւ երկրների պատուիրակութիւններին Ապրիլի 24ին Երեւանում Ցեղասպանութեան զոհերի ոգեկոչման արարողութեանը մասնակցելու համար»,- նշած է Հ.Հ. նախագահը: