Մարդկային հոգու ամենագեղեցիկ բաղադրիչներից մէկը արարման խորհուրդն է, որի տիրոյթում կերտւում են անհատականութիւններ ու նրանց ստեղծած մնայուն արժէքները:

Հայոց երգի տիեզերական խորհուրդը դարերի խորքերից եկող անտես մոգութեամբ նրա ներսում է ամբարել ցեղի ոգին, նրա ներաշխարհի, նրա ապրածի ու պատմութեան ողջ հնչունակերտ պատկերը, որը յիրաւի գեղեցկագոյններից մէկն է աշխարհի երգապնակի մէջ: Հոգեւոր, ազգային, ժողովրդական, կարծես ոգեղէն աստիճաններ լինեն, որոնցից իւրաքանչիւրը իր մէջ ամբարում է մեր ժողովրդի ոգու մի մասնիկը, ամբողջական, հասուն ու զտուած… Երանելի ծնունդներ է ունեցել հայ ժողովուրդը յանձինս իր մեղեդու մշակների, տաղերգուների, որոնց շարքում անուրանալիօրէն մեծ ու արժեքաւոր է աշուղական արուեստը իր ռահվիրաներով… Սայաթ- Նովայական գագաթից մինչ մեր օրեր հսկայական մի կամուրջ է նետւում, որի ամէն քարն ու ամէն մի զարդաքանդակը վերապեղել, պահպանել ու գրագէտ մատուցելու համար պէտք էր լինել զաւակն այն ամբողջականի, որը է հայկական մեղեդին…

Թովմաս Պողոսեան. անուն ում կենսագրութիւնը իրենը չի այլեւս, այն պատկանում է հայութեանն ու հայ աշուղական երգին: 60-մեայ կեանքի հարուստ բարձրունքից բաւականին գեղեցիկ տեսարան է պատկերւում բեղուն գործունէութեան աբողջական դիմանկարով, ուր մարդ անհատը միասնական են այլեւս եւ անքակտ՝ Բարձրեալից տրուած կոչմամբ թերեւս… Տիտղոսներ, կոչումներ, որոնք պարտաւորեցրել են անել աւելին, յաղթահարել դարերի հսկայական ծանրութիւնն ու հասունութիւնը հայ երգի ու աշխարհին անարատօրէն մատուցել մեր գոյնն ու համը, մեր մեղեդին ու խօսքը, մեր սէրն ու ցաւը, մեր խոկման երգը : Ինչ մասունքներ են պեղուել, զտուել ու մատուցուել աշխարհի տարբեր բեմերից շնորհիւ Սայաթ -Նովա աշուղական երգի մշակի ու համանուն համոյթի: Շնորհիւ կատարողական արուեստում աշուղական երգի լաւագոյն մեկնաբանի, երգարուեստում իր տեղն ու դերն հաստատած երգչի, փրոֆեսէօր Թովմաս Պողոսեանի հարիւրաւոր նոր ստեղծագործող աշուղներ են ի յայտ եկել ու մեր ժամանակների աշուղական արուեստի գեղեցիկ գոհարներով հարստացրել աշուղական երգի նոր դարը, սերունդ է կրթւում, չափանիշային իրական գիտակին ունենալով աչքի առաջ ոչ միայն որպէս հայ երգի մաքրամաքուր կատարողի, այլեւ ուսուցչի, ում յղկումի արդիւնքներն ունենք ու դեռ շատ կունենանք հայոց բեմում, աշխարհի ունկը շոյող հայոց երգը մեկնող նորանոր անուններով: Եւ որտեղ չի եղել հայոց երգը, պանդուխտ աշուղի շուրթից կախուած, հոգու կարօտներն բարձրաձայնող երգը, նրա ճակատագրի արձանագիր երգը… Բարեբախտութիւնս՝ գիտակ լինելու իրանահայ աշուղական երգի ու թողած մեծ ու արժէքաւոր ժառանգութեան կրկնապատկուեց, երբ ՀՀ ժողովրդական արտիստ, փրոֆեսէօր «Սայաթ-Նովա» մշակութային միութեան հիմնադիր, «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակաւոր անսամպլի գեղարուեստական ղեկավար Թովմաս Պօղոսեանի քննախոյզ մտքի դատին յանձնուեցին հայ երգի այդ մասունքները եւս եւ իրանահայ լինելու հանգամանքը նախանձախնդրութիւն դարձաւ, որպէսզի «Սայաթ Նովայի» անուան երգի անսամպլի կողմից հնչի իրանահայ աշուղական երգը, երկու հրաշալի համերգ 2005թ. և 2014թ. երկու հնչեղ բարձրաձայնում, որ Թովմասի նման անհատականութիւններն ազգային արժէքի, ձեռքբերման ու պատուին հաւասար մի ընծայ են մեր ազգին, ուրեմն թող որ լինի օրհնեալ այդպիսի ծնունդն ու երկար տարիների բեղուն գործունէութեամբ զարդարուն լինի Թովմաս Պօղոսեան անհատականութեան լինելութիւնը մեր կողքին, հայոց երգարուեստում եւ աշխարհի բեմերում:
Շնորհաւոր յոբելեանական տարեդարձ՝ սիրելի եղբայր ու մեծ հայ:

Մասիս Բաղդասարեան
ԱՄՆ, Լոս Անճելըս

«Ազատ Օր»