ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի խօսքը՝
Հայաստան-Սփիւռք 5-րդ համաժողովին


Հայրենիք - Սփիւռք համաժողովները տարեց տարի էլ աւելի կարեւոր են դառնում: Կարեւոր՝ թէ քաղաքական, թէ ազգային առումներով:
Հայրենիք - Սփիւռք համաժողովները աստի- ճանաբար վերածւում են մեր խնդիրներն ու անելիքները միասնաբար քննարկելու ու լուծումներ գտնելու իրական ելակէտի:

Այս համաժողովներում հնարաւոր է հասնել համընդհանուր եզրակացութիւնների, թէ ինչ է պէտք անել եւ ինչ պէտք չէ անել: Ընդգծել այն կարեւորը, որով կ'առաջնորդուեն թէ իշխանութիւնները, թէ ընդդիմութիւնը, թէ Հայաստանում, թէ Սփիւռքում, թէ Արցախում եւ Ջաւախքում աշխատող հասարակական-քաղաքական գործիչներն ու կառոյցները: Մենք բոլորս էլ գիտենք, թէ որն է մեր ընդհանրական նպատակը՝ ապահովել մեր ժողովրդի անվտանգ ներկան ու ապագան եւ հիմքեր ստեղծել համընդհանուր կայուն զարգացման համար:
Մեր նպատակն իրականացնելու ճանապարհ, անտարակոյս, կայ, սակայն այդ ճանապարհին կան կարմիր գծեր, որոնք հատելու իրաւունք մենք չունենք, այլապէս կը դանդաղեցնենք մեր ընթացքը եւ կարող ենք մնալ կէս ճանապարհին:
Եթե մենք ճշգրտօրէն տանք «չի կարելիի» սահմանումները, ճշդենք յստակ ցանկը եւ ինքներս մեզ պարտադրենք հետեւողական լինել, ապա հաւատացէք, մենք կþապահովենք մեր անշեղ ընթացքը:
Սկսենք ամենակարեւորից. չի կարելի կատարել քայլեր կամ աջակցել քայլերի, որոնք մեր սերունդների իրաւունքների տիրոյթում են:
- Մեր սերունդի մեծագոյն ձեռքբերումը Արցախով միաւորուած 42 հազար քառակուսի քիլոմեթր տարածքով անկախ Հայաստանն է: Այն այլեւս միայն մեր սերնդինը չէ, այն նաեւ յաջորդ սերունդների իրաւունքն է: Այս 42 հազար քառակուսի քիլոմեթրից չի կարելի զիջել եւ ոչ մի բան:
- Չի կարելի որեւէ կերպ գնալ Հայոց մեծ երազի արժեզրկման: Անկախ նրանից թէ երբ կը լինի մեր օրուայ օրակարգում հայրենիքի բռնագրաւուած մասի ազատագրումը, չի կարելի ուղղակի եւ անուղղակի զիջել մեր, մեզ յաջորդող սերունդների իրաւունքը: Թող այն ոմանց համար նոյնիսկ երազանք համարուի, սակայն չի կարելի հրաժարուել ազգային երազանքից: Ազգային երազանքը մեր կենսունակութեան մղիչ ուժն է: Եւ հէնց այս համատեքստում չի կարելի գնալ հայ ժողովրդի անանց իրաւունքների հաշւին հայ-թրքական յարաբերու- թիւնները կարգաւորելու փորձերի:
- Չի կարելի զիջել հայերէնը՝ տուրք տալով օտարամոլութեանը եւ յարմարուելով ժամանակի թուացեալ ու կեղծ պահանջներին:
- Չի կարելի արտագաղթել Հայաստանից, հայապատկան հողերից: Չի կարելի նպաստել արտագաղթին: Չի կարելի չգիտակցել, որ մեզանից իւրաքանչիւրը ոչ միայն երկրի մի մասնիկն է այլեւ՝ երկրի հիմքը եւ ինչքան ամուր լինենք մենք, այնքան ա- մուր կը լինի երկիրը:
- Որքան ուզում է մեծ լինի անհամաձայնութիւնը իշխանութիւնների վարած քաղաքականութեան հետ, որքան ուզում է մեծ լինի անվստահութեան չափաբաժինը, որքան ուզում է գլուխ բարձրացրած լինի հիասթափութիւնը, որքան ուզում է կորած լինի հաւատը, միեւնոյն է, չի կարելի խռովել հայրենիքից:
- Չի կարելի մեր ներքին հարցերին մասնակից դարձնել օտարներին, համակերպուել օտար ուժերի կողմից ներհայկական միասնականութեան բանաձեւի փոփոխմանն ու քայքայմանն ուղղուած ցանկացած դրսեւորման: Մենք պէտք է գիտակցենք, որ մեր ներքին հարցերը միայն պատրուակ են օտարների համար իրենց սեփական շահը ի հաշիւ մեր իրաւունքների եւ ինքնիշխանութեան լուծելու:
- Չի կարելի տուրք տալ ընդհանուր նպատակների շուրջ հետզհետէ ձեւաւորուող ներհասարակական, միջհամայնքային համախմբման միտումները ձախողելու փորձերին: Տուրք տալ Հայ եկեղեցու, աւանդական համայնքային կառոյցների ազդեցութեանն ու համախմբուած գործունէութեան կազմալուծմանն ուղղուած քայլերին:
- Երբ խնդրոյ առարկայ է դառնում երկրի անվըտանգութիւնը, չի կարելի միակամ ու միասնական չլինել: Լաւագոյն օրինակն ունեցանք վերջերս, երբ թշնամին ձեռնարկեց իր հերթական, այս անգամ շատ աւելի մասշտաբային ոտնձգութիւնը մեր սահմանների նկատմամբ: Մենք ոչ միայն վերստին համոզուեցինք հայկական բանակի բարձր պատրաստուածութեան եւ արիութեան մէջ, այլեւ ականատես եղանք ողջ ժողովրդի ինքնակամ զօրակցութեանը եւ քաղաքական ուժերի միասնականութեանը:
- Չի կարելի պառակտել ազգը: Մենք մէկ ազգ ենք, թշնամին արդէն բաժան - բաժան է արել մեզ, եւ մենք իրաւունք չունենք մեր հերթին արհեստական նորանոր բաժանումներ անել ինքներս մեր մէջ: Կայ մէկ ազգ, որ ապրում է հայրենիքում եւ դաժան պատմութեան բերումով տարածուած է աշխարհով մէկ:
«Չի կարելիների» այս շարքում չեմ կարող առանձնաբար չանդրադառնալ նաեւ ներքաղաքական յարաբերութիւններին՝ իշխանութեանը եւ ընդդիմութեանը:
- Չի կարելի խտրական վերաբերմունք ունենալ սեփական ժողովրդի նկատմամբ: Չի կարելի քաղաքացիներին բաժանել իւրայինների եւ օտարների:
- Չի կարելի ժողովրդին զրկել ազատ կամ արտայայտուելու իրաւունքից՝ ոչ փողի, ոչ նուէրի, ոչ էլ, առաւել եւս, ճնշումների միջոցով:
- Չի կարելի ժողովրդի խնդիրները դարձնել սեփական պայքարի թեմա, քանի դեռ չունես այդ խնդիրները լուծելու բանալին:
- Չի կարելի քննադատել քննադատելու համար, դրանով ոչ թէ վատութիւն ես անում ինչ որ ուժի, այլ վատութիւն ես անում պետութեանը:
-Իշխանութիւն լինես թէ ընդիմութիւն չի կարելի իշխանութիւն պահպանելու կամ իշխանութեան հասնելու համար զիջել երկրի անկախութեան եւ անվտանգութեան երաշխիքները: Բոլորս հաւասար չափով պատասխանատու ենք երկրի անվտանգութեան համար, անկախ այն բանից թէ ներքաղաքական դաշտում ուր ենք գտնւում:
Ուր կայ անօրինականութիւն ու կամայականութիւն, ընդվզումն անխուսափելի է: Միասնականութիւնն ու կայունութիւնը հնարաւոր են դառնում, երբ կայ արդարութիւն: Այլապէս ժողովուրդն անկախ իրենից վարակւում է դրսի անպատեհ օրինակներով: Մինչդեռ, համոզուած եղէք, մեր պարագայում «մայդանները» ոչ մի լաւ տեղ չեն կարող տանել: Խնայենք մեր երկիրը նոր «Մարտի 1-երից»:
«Չի կարելիների» այս շարանը կարեւոր է մասնաւորապէս, երբ դիմագրաւում ենք ներկայ լարուած ու վտանգաւոր տարածաշրջանային քաղաքական կացութիւնը: Ամէնամեծ վտանգը երկրի Արեւելեան ու Արեւմտեան սահմանում դարանակալած հակառակորդին դեմ յանդիման մենակ մնալն է: Մեր ուժի հիմնական ապաւէնը մենք ենք ու մեր միասնականութիւնը: Սա կարող է իրականութիւն դառնալ, եթէ մենք նոյն նպատակն ենք հետապնդում եւ նոյն խաղի կանոններով առաջնորդւում: