54-ամեայ այգեպարցի Վաչէ Քալանթարեանը ամէն անգամ ծխախոտի գլանակը ձէռքն առնելիս կարօտով է յիշում սեփական ձեռքերով պատրաստած ծխախոտի համն ու հոտը: 

1937-ին, երբ հիմնադրուեց գիւղը, դեռ Այգեպար չէր՝ ծխախոտի գործարանին կից բնակավայր էր: Մասնագիտութեամբ ծխախոտագործ Վաչէ Քալանթարեանը հպարտութեամբ է յիշում՝ ԽՍՀՄ երկրների մասշտաբով՝ գործարանը 3,8 տոկոս արտադրանք էր տալիս:
«Աճեցնում էինք, ստեղ մթերում, վերամշակում ու ուղարկում Երեւան: Չնայած սովետի վախտը՝ ոչ միայն Երեւան, ամբողջ սովետական միութեան տարածքով մէկ»,- ասում է Քալանթարեանը: Նա հիմա շատ է ծխում, արդարանում է՝ մի քիչ տարիքն է իրենն անում, մի քիչ էլ՝ մտածմունքը: Քալանթարեանը մի կերպ է յարմարւում շուկայում եղած ծխախոտի համին, ասում է՝ էն ժամանակւանն ուրիշ էր, այն մաքուր գլանակ էր՝ ամենամաքուրը Հայաստանում: Քալանթարեանը գործարանում արտադրամասի պետ է եղել: Նրա տեղեկացմամբ՝ սեզոնին գործարանը 180 աշխատող է ունեցել, որոնցից գիւղում հիմա 20-25 հոգի է մնացել:
Գործարանում այգեպարցիների հետ կողք կողքի աշխատել են նաեւ թուրքերը: «Հէնց էս գործարանում 5-6 հոգի թուրքեր են աշխատել՝ կողքի գիւղերից, իսկ նախկինում նրանց թիւն աւելի շատ է եղել: Ես իմ պահեստում էլ 5 հոգի թուրք աշխատող եմ ունեցել: Թուրքիայի ժողովուրդն էլ կռիւ չի ուզում, չէ՛, հասարակ ժողովուրդը կռիւ չի ուզում: Թէ պետական այրերի կռիւ ա՝ չգիտեմ, բայց, յամենայն դէպս, կռիւն օգուտ չի ոչ մէկին»,- ասում է Քալանթարեանը:
1990-ականների կռուի թէժ օրերին էլ գործարանը ռմբակոծուեց ու աւերուեց, սարքաւորումները բաժին հասան գիւղացիներին, պատերն ու տանիքն էլ անձրեւն ու ձիւնն «իրենցով արին»: Այժմ համայնքային սեփականութիւն հանդիսացող ծխախոտի գործարանի շէնքն աւերուած վիճակում է, սակայն դրա կողքին պահպանւում է խորհրդային կարգախօսով ցուցանակը՝ «Պլանը օրէնք է, կատարումը՝ պարտադիր, գերակատարումը՝ պատիւ»: Ամէն տարի Քալանթարեանը խմանքով թարմացնում է ցուցանակի գոյները: Նախկին ծխախոտագործը ծխախոտի գործարանին կից մի փոքրիկ խանութ է բացել, օգուտը օրուայ հացն է. խորհրդային կարգախօսն այս դէպքում չի գործում: Յայտնի է՝ սահմանամերձ գիւղերում ամենավաճառուող ապրանքը լուցկին, մոմն ու վերմիշելն է: Փոքրիկ խանութի տէրը սովոր է՝ աւելի շատ ոչ թէ գումար է հաշւում, այլ «նիսեայի» տետրում նշուած՝ այդ գումարի թիւերը. «Էդպէս է, ի՞նչ անենք, ամբողջ գիւղը նիսեայով է առեւտուր անում, թոշակի յոյսին են մարդիկ, ի՞նչ անենք»: Տետրը խանութպանի համար յատուկ նշանակութիւն ունի՝ ողջ գիւղի ճակատագիրն է էնտեղ, այն կորցնելու մասին չի էլ ուզում մտածել. «Էսի կամփուտր ա, կամփուտրի նման ա, ո՞նց կը կորի»:
Քալանթարեանների ընտանիքը Այգեպարի երջանիկ ընտանիքներից մէկն է՝ մի տնից երկուսն աշխատանք ունեն: Վաչէ Քալանթարեանի կինը՝ Լուիզա Գրիգորեանը, Այգեպարի միակ փոստի միակ աշխատողն է՝ արդէն 17 տարի: Տիկին Լուիզան պատմում է, որ հիմնականում նամակներ են ստանում զինուորներից ու զօրամասերից՝ շնորհակալագրերի տեսքով: «Զինուորներից փակ նամակներ ենք ստանում, մէջում եղած լաւն ու վատը չգիտենք, բայց դէ, յամենայն դէպս, մինչ օրս վատ նամակ չենք ստացել: Իւրաքանչիւր ծնող, ով նամակը ստանում է, անհանգստանում է, բնական է, բայց ես էլ փորձում եմ հանգստացնել, թէ՝ այ, կը տեսնես, շնորհակալագիր է լինելու»,- ասում է տիկին Լուիզան: Այգեպարում թոշակառուների թիւը շատ չէ՝ 100 հոգի: Տիկին Լուիզան բոլորին անձամբ է ճանաչում, բայց թոշակը տալիս են միայն թոշակառուին՝ կարգն է էդպիսին: Թոշակառուները դժգոհելու առիթ չեն ունենում՝ թոշակը գալիս է ճիշդ ժամանակին: Աւելին՝ վերջին շրջանում սկսել են անգամ բարերարներից ծանրոցներ ստանալ:
Փոստի ճանապարհը, ցաւոք, միայն ծանրոցն ու թոշակը չէ, որ գիտեն, յաճախ հէնց փոստն է դառնում ատրպէյճանական կրակահերթի թիրախ: Տիկին Լուիզան, սակայն, հաւատում է՝ մի օր գնդակը մոռանալու է փոստի ճամբան էլ, գիւղի ճամբան էլ: «Ատրպէյճանի ժողովուրդն էլ մեզ նման ժողովուրդ է: Ես չեմ պատկերացնում մէկին՝ անկախ ազգութիւնից՝ լինի հայ, թուրք, վրացի, կռիւ ուզի, պատերազմ ուզի… Եթէ էդպէս է, ուրեմն էդ մարդ չի: Թուրքն էլ երեխայ ունի, էդ նոյն գնդակն էնտեղ էլ ա, չէ՞, գնում, հո՞ մերոնք պարապ նստած չե՞ն: Միայն խաղաղութիւն եմ խնդրում, աւելի լաւ է՝ մի կտոր չոր հացի կարօտ մնաս, բայց խաղաղ ապրես: Որ սովենք՝ ծիտ կÿորսանք, կուտենք: Թող խաղաղութիւն լինի: Էլ բան չեմ ուզի, այդքանը հերիք է»,- ասում է տիկին Լուիզան:

Կարինէ Յարութիւնեան
yerkir.am