Վերջին շրջանում առաւել ակտիվացել են ադրբեջանական կողմի ձեռնարկած սադրանքները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան հետ ունեցած սահմանային տարածքներում: Մշտական կրակահերթերը, դիպուկահարների գործողութիւնները, դիվերսիոն բնոյթի ոտնձգութիւնները խլում են զինծառայողների եւ խաղաղ բնակչութեան բազմաթիւ կեանքեր:

Ադրբեջանը, շփացած նաֆթատոլարների հաշուին իրականացուող անհագ սպառազինումից, ինչպէս նաեւ միջազգային հանրութեան ու մասնաւորապէս հակամարտութեան միջնորդ կողմերի ոչ համարժէք արձագանգից, մեր տարածաշրջանը նոր պատերազմի մէջ ներքաշելու իրական վտանգ է ստեղծել:
Ադրբեջանի մարտավարութիւնը մշտապէս եղել է խուսափելը հակամարտութեան բոլոր կողմերի՝ Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցութեամբ եռակողմ խաղաղ բանակցութիւններից, ինչպէս նաեւ պատերազմի վերսկսման սպառնալիքով Հայաստանին ու Արցախին միակողմանի զիջումներ պարտադրելու փորձերը: Այսպիսով Ադըրբեջանը դարձել է բանակցութիւնները խափանող կողմ, ինչը հիմնական պատճառ է, որպէսզի հրադադարի եռակողմ համաձայնագրի ստորագրումից 20 տարի անց հակամարտութիւնը մնայ չկարգաւորուած:
Իրադարձութիւնների վտանգաւոր ընթացքը կանխելու նպատակով կոչ ենք անում.
- ադրբեջանական կողմին՝ հանդարտուել եւ հրաժարուել անպատասխանատու, սխալ հաշուարկուած ձեռնարկումներից, որոնց հետեւանքը ծանր հատուցումն է՝ իր իսկ երկրի քաղաքացիների կեանքով,
- համանախագահներին՝ հրաժարուել ընդհանուր մատնանշումներից, որոնք իրական մեղաւորին հնարաւորութիւն են ընձեռում խուսափելու ստոյգ պատասխանատուութիւնից եւ առիթ են տալիս լինելու առաւել սանձարձակ: Միաժամանակ, պահանջում ենք քայլեր ձեռնարկել վերականգնելու իրական բանակցութիւններ ապահովող եռակողմ ձեւաչափը՝ ԼՂՀ լիարժէք մասնակցութեամբ, ինչպէս նաեւ կողմերի միջեւ կնքել չյարձակուելու մասին եռակողմ համաձայնագիր:
- Կանխել ռազմական արկածախնդրութեան հակուած Ադըրբեջանին զանգուածային ոչընչացման եւ այլ տեսակի զէնքերի մեծաքանակ վաճառքը, ինչը հակասում է վերջնական խաղաղութեան հաստատմանն ուղղուած ճիգերին:
Հ. Յ. Դաշնակցութիւնը համոզուած է, որ ներկայ պայմաններում ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը խիստ անհրաժեշտութիւն է: Նման դաշինքը երկու հայկական պետութիւնների համար կը ստեղծի միջազգային իրաւունքից եւ անվտանգութեան կենսական պահանջներից բխող իրաւա-պայմանագրային անհրաժեշտ հիմք՝ առաւել արդիւնաւէտ եւ համատեղ մարտավարութիւն եւ ռազմավարութիւն իրականացնելու համար:
Նոր պատերազմը կանխելու եւ նախայարձակ Ադրբեջանին գիտակցութեան բերելու հիմնական երաշխիքը եղել եւ մնում են երկու հայկական պետութիւնների ներդաշնակ զարգացումն ու հզօրացումը, համայն հայութեան համախմբումը, հայոց բանակի անկոտրում ոգին ու բարձր մարտունակութիւնը:


ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ
ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՒՆ