«Տասնեակ հազարաւոր հայեր հանգստանում էին Սեւ Ծովի հիւսիսային ափերին, բայց չգիտէին, թէ ովքեր են համշէնցիները»

2004-ից Հայաստանում լոյս  է տեսնում «Ձայն համշէնական» ամսաթերթը, որն անվճար բաժանւում է հայկական գաղթօճախներում (Աբխազիա, Կրասնոդարի երկրամաս, Մոսկուա, Լիբանան, Սիրիա, Թուրքիա,  ԱՄՆ եւ այլուր):


«Ձայն համշէնական» թերթի գլխաւոր խմբագիր, ՀՀ ԳԱԱ հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի գիտաշխատող, «Համշէն» հայրենակցական միութեան փոխ նախագահ Սերկէյ Վարդանեանը գրի է առնում 18-րդ դարում արիւնալի սպանդի հետեւանքով բռնի կրօնափոխուած  համշէնահայերի  երգերը, հեքիաթները, զրոյցները` դրանք բնագրով եւ գրական հայերէնով ներկայացնելով թերթի էջերում: Անգամ թրքական մամուլն է անդրադարձել այն փաստին, որ մի մարդ իր տանը, միայնակ, համշէնահայերին նուիրուած թերթ է հրատարակում: «Զաման»  հանրայայտ թերթի  «Երեւանում մի տարօրինակ համշէնցի» վերնագրով յօդուածը նուիրուած է Սերկէյ Վարդանեանին, թէեւ վերջինս ծագումով վանեցի է: Նրա մասին ընդարձակ յօդուածներ են տպագրել Ստամբուլի յայտնի պարբերականները` «Բիր գիւնը» եւ «Աքսեոնը», նաեւ «Ակօսը» եւայլն:
Հայաստանեան մամուլը եւս քանիցս անդրադարձել է նրա գործունէութեան:
Նշենք, որ «խմբագրութիւնում»` Սերգէյ Վարդանեանի տանն են պահւում նաեւ համշէնահայերին նուիրուած ապագայ թանգարանի համար տարիների ընթացքում ձեռք բերած լուսանկարները, արխիւային նիւթերը,  իրերն ու գրքերը:
Սոչիում համշէնահայերի թանգարան հիմնելու առաջարկը Սերգէյ Վարդանեանը մերժել է: «Նման հարստութիւնը պէտք է պահուի Հայաստանում»,- ասում է նա, թէեւ մեր երկրում թանգարան ունենալու յոյսն այնքան էլ իրական չի թւում:


1982 թ. «Գարուն» ամսագրում  տպագրուել է ձեր՝  «Համշէնցիները՝ ծանօթ եւ անծանօթ» վերնագրով յայտնի յօդուածը: Մի առիթով ասացիք, որ եթէ հիմա գրէիք, էլի նոյն վերնագիրը կ'ընտրէիք:
Այո, երեք տասնամեակ է անցել, ու թէեւ քրիստոնեայ եւ մահմետական համշէնահայերին նուիրուած գրքեր ու յօդուածներ են տպագրուել, բայց նրանց պատմութիւնը, ազգագրութիւնը, մշակոյթը մնում են քիչ ուսումնասիրուած: 1981-ին, Կրասնոտարի երկրամասի եւ Աբխազիայի բնակավայրերում շրջագայելուց յետոյ, գրեցի  ուղեգրութիւն, որից երկու հատուած տպագրուեց «Գարուն» ամսագրում («Համշէնցիները` ծանօթ եւ անծանօթ») եւ «Սովետական գրականութիւն» հանդէսում («Մայկոպեան խճանկար»):  Դրանք մեծ աղմուկ հանեցին: Սփիւռքի մամուլը արտատպեց, նրանք հարց էին բարձրացնում, թէ ինչպէս է, որ հեռաւոր Արգենտինա Հայաստանից դասագրքեր էք ուղարկում, իսկ Աբխազիայի հայկական դպրոցները դասագիրք չունեն: Այդ քննարկումների ժամանակ էլ ծնուեց «ներքին սփիւռք» տերմինը:
Տասնեակ հազարաւոր  հայեր հանգստանում էին Սեւ ծովի հիւսիսային ափերին (Սուխում, Գագրա, Սոչի, Տուապսէ, Նովոռոսիյսկ, Անապա), բայց չգիտէին, թէ ովքեր են համշէնցիները: Ծովափից մի քանի քիլոմեթր այն կողմ, լեռներում հայկական գիւղեր կային, ուր մարդիկ գիւղատնտեսութեամբ էին  զբաղւում, անասնապահութեամբ, անգամ չէին էլ իջնում ծով:
Այդ տարիներին հայկական դպրոցները փակւում էին: Կրասնոտարի երկրամասում 1951-ին կար 140 հայկական դպրոց, 1981-ին մնացել էին 4-ը: Տխրահռչակ Մեդունով կար, Կրասնոտարի երկրամասի կոմկուսի առաջին քարտուղարն էր, նա հայկական դպրոցները փակում էր, եւ կամակատարներ ունէր հէնց հայերի մէջ: Միշտ էլ լինում են մարդիկ, որ հեշտ ուղիով են գնում կամ չեն ուզում հակադրուել իշխանութիւններին: Արդիւնքը լինում էր այն, որ փակւում էին հայ- կական դպրոցները:  Խնդրին նուիրուած իմ «Համշէնցիները` ծանօթ եւ անծանօթ» յօդուածը, «Գարունի» գլխաւոր խմբագիր Անժիկ Յակոբեանի գրութեամբ,  ուղարկեցինք Հայաստանի բարձրագոյն եւ միջնակարգ մասնագիտական կրթութեան նախարարութիւն, որն իր հերթին դիմեց ՌԽՖՍՀ եւ Վրաստանի ԽՍՀ բարձրագոյն եւ միջնակարգ մասնագիտական կրթութեան նախարարութիւններ, որից յետոյ որոշում կայացուեց, որ ամէն տարի Աբխազիայից,  նաեւ  Կրասնոտարի երկրամասից եւ Ռոստովի մարզից շուրջ  30 շրջանաւարտներ առանց մրցոյթի կարող են ընդունուել Հայաստանի մանկավարժական ԲՈՒՀեր, պայմանով, որ պէտք է վերադառնան ու դասաւանդեն իրենց գիւղերում: Մօտ երեսուն տարի գործել է այդ համակարգը:
Վերջին շրջանում ԲՈՒՀական ընդունելութեան կարգը փոխուել է, եւ  չգիտեմ ինչ ընթացք է ստացել ծրագիրը:

Իսկ ինչպիսի՞ն է պատկերն այսօր: Կրասնոտարի երկրամասում եւ Աբխազիայում կա՞ն հայկական դպրոցներ:
Ողբերգութիւնն ուրիշ տեսքով է գալիս, հիմա էլ տեղի հայերը չեն ուզում հայկական դպրոց գնալ: Կրասնոտարի երկրամասում՝ Ատլերում, կայ մէկ հայկական դպրոց, մի քանի բնակավայրերի դպրոցներում՝ հայկական բաժիններ կամ ֆակուլտատիւ ժամեր: Ասեմ, որ 2010-ի մարդահամարի նախնական տուեալներով՝ Կրասնոտարի երկրամասում բնակւում է 281.680 հայ, 15.561 հայ էլ ապրում է Ատըղական Հանրապետութիւնում: Անշուշտ, իրական թիւն աւելին է, բայց Հայաստանից գնացածներից շատերը չեն կարողանում գրանցուել: Կրասնոտարի երկրամասում կան նաեւ հազարից աւելի մահմետական համշէնցիներ, ովքեր այնտեղ են գաղթել Միջին Ասիայից:

Ենթադրում եմ՝ նաեւ լեզուն է կորչում: Հայախօ՞ս են տեղի համշէնցիները:
Շատերը կենցաղային մակարդակով են տիրապետում հայերէնին: Մի մասը, մանաւանդ ծովափնեայ շերտը, դարձել է ռուսախօս: Մարդիկ ուզում են, որ իրենց երեխաները ռուսերէն լաւ սովորեն: Իսկ լեռներում, գիւղերում, հէնց Աբխազիայում ապրող մեր հայրենակիցները մինչ օրս հայերէն են խօսում, շատերը՝ Համշէնի բարբառով: Չմոռանամ ասել, որ Աբխազիայում ներկայումս 32 հայկական դպրոց կայ, բոլորն իրար հետ շուրջ 2.000 աշակերտով, ինչը շատ քիչ է 40-50-հազարանոց գաղութի համար: Բնական է, որ այդ երեխաները, դպրոցի ուսուցիչները հայերէն են խօսում, բայց դարձեալ նկատելի է ռուսերէնին անցնելու միտումը:  Մի խօսքով, ռուսերէնը յաղթում է: Աբխազիայի հայկական դպրոցներում ուսուցանում են նաեւ աբխազերէն:

Ճի՞շդ է, որ համշէնցիները յաճախ խուսափում են հայ ներկայանալուց, շեշտելով, որ   համշէնցի են:
Ո՛չ, ճիշդ չէ, Աբխազիայի, Կրասնոտարի երկրամասի համշէնցիները, բնականաբար, իրենց հայ են անուանում, շատերն ինձ հարցնում են, թէ ինչո՞ւ ենք մենք իրենց համշէնցի ասում: Չգիտեն էլ՝ ի՞նչ է համշէնցին: Որովհետեւ նրանց նախնի-ները վաղուց են հեռացել Համշէնից, տեղափոխ-ւել Տրապիզոն, Օրդու, Սամսոն, այնտեղից էլ 19-րդ դարի երկրորդ կէսին եւ Մեծ եղեռնի տարիներին գաղթել Կրասնոտարի երկրամաս եւ Աբխազիա: Դրա համար էլ իրենք իրենց կոչում են տրապիզոնցի, օրդեցի, ջնիկցի (նկատի ունեն Սամսոնը) եւ այլն: Միայն մահմետական համշէնահայերն են իրենց այդպէս տարանջատում՝ դիւանագիտական լուծում տալով խնդրին:  Քանի որ քրիստոնեայ չեն, մահմետական են, թուրք չեն, հայ են,  ուստի Թուրքիայում խուսափողաբար ասում են, թէ ծագումով Համշէնի գաւառից են, համշէնցի են, այսինքն, չեն նշում ազգութիւնը։

Բուն Համշէնում հայութիւնը պահպանե՞լ է լեզուն, սովորոյթները: 
Մինչեւ 20-րդ դարի կէսերը նրանք հայերէն էին խօսում: Ներկայումս բուն Համշէնում խօսում են թուրքերէն՝ օգտագործելով բազմաթիւ հայերէն բառեր եւ տեղանուններ: Ռիզէի նահանգի թրքախօս համշէնցիների շրջանում ազգային ինքնագիտակցութիւնն արդէն խամրել է, քչերն են իրենց ծագումով հայ համարում: Շատերն էլ պարզապէս տեղեակ չեն իրենց ծագմանը եւ կարծում են, որ իրենց օգտագործած թուրքերէնում առկայ ոչ թուրքերէն բառերը յատուկ են միայն իրենց գիւղին կամ էլ յունարէն են, լազերէն են կամ այլ լեզուներից փոխառուած: Ես մի քանի տարի է լինում եմ Ռիզէում, Խոփայում եւ ապշում եմ մեր ազգի հզօրութեան վրայ. սարերում՝ անմատչելի բարձունքների վրայ հայկական գիւղեր են հիմնել: Բայց, ցաւօք, Մեծ եղեռնը ոչ միայն քրիստոնեայ հայերին անդառնալի կորուստներ պատճառեց, այլեւ մահմետական հայախօս համշէնցիներին, որոնք կտրուեցին հայախօս  շրջապատից, մեկուսացուեցին եւ դատապարտուեցին ձուլման:

Համշէնցին ամուսնանում է միայն համշենցու հե՞տ, ապրում են զգոյշ ու մեկուսացա՞ծ:  Ճշմարտամօ՞տ է այս պատկերացումը:
Պարզ չէ՞, որ գիւղի բնակիչները մէկը միւսի հետ պիտի ամուսնանան:  Անտեղեակ մարդիկ այնպէս են ներկայացնում համշէնցիներին, որ, թւում է, հնդկացիական ցեղերի մասին են խօսում,  ոչ թէ 21-րդ դարի Թուրքիայում ապրողների: Մեծ քաղաքներ ուսման կամ  աշխատանքի մեկնածների մէջ շատ մեծ է խառնամուսնութիւնների  թիւը:
Բաւական մեծ է նաեւ արտագաղթը Թուրքիայի արեւմտեան քաղաքներ, նաեւ ԱՄՆ, եւրոպական երկրներ: Կայ նաեւ մէկ ուրիշ հետաքրքիր երեւոյթ. սահմանների բացուելուց յետոյ Թուրքիայի Խոփայի գաւառի համշէնցիները, որոնք շուրջ 25 հազար են, Ռուսաստանի եւ Միջին Ասիայի մահմետական համշէնցիներից 30-40 հարս են բերել: Այդ երեւոյթն էլ կայ: Հիմա «մոտային» է դարձել, շատերն են խօսում համշէնահայերի  մասին, վերլուծութիւններ անում` առանց նրանց  տեսնելու եւ ուսումնասիրելու: Մեր մամուլում իսլամահայերի մասին ինչ անհեթեթութիւն ասես գրւում է: Ապշում եմ, որովհետեւ սովորական ստախօսութիւն չէ: Չնայած անվնաս սուտ չկայ, մի սուտը երկրորդ սուտն է բերում: Իբրեւ օրինակ` Ղրխզիստանի համշէնահայերի գաղթի մասին լուրը, որը ողողել էր ողջ մամուլը: Թերթերը գրում էին, թէ 250 ընտանիք տեղափոխւում է Ղրխզիստանից Լեռնային Ղարաբաղ, այն դէպքում, երբ  ամբողջ Ղրխզիստանում 250 համշէնահայերի ընտանիք կայ: Բնական է, որ բոլորը մէկ մարդու պէս չէին կարող տեղափոխուել:  Նոյն ինֆորմացիան տարածուեց նախ թրքական, յետոյ այլ երկրների մամուլում: Այս անհիմն, սուտ տեղեկատուութեանը յաջորդեցին միջազգային ատեաններ ատրպէյճանցիների բողոքները, որ հայերը միջ-էթնիկական                          լարուածութիւն են առաջացնում` Ղրխզիստանի մահմետական հայերին բնակեցնում են զաւթած տարածքներում: Իսկ Ղրխզիստանում  մեծ թիւ են կազմում էթնիկ ատըրպէյճանցիները, որոնք ապրում են համշէնցիների հետ նոյն աւանում, նոյն քաղաքում, աշխատում նոյն հիմնարկում, եւ լաւ է, որ արիւնահեղութիւններ չեղան, քանզի մահմետականները նրանց կարող էին մեղադրել դաւաճանութեան մէջ, որ գնում են Ղարաբաղ: Մէկ կայծը բաւական էր: Օշի մարզում, որտեղ հիմնականում ապրում են կրօնափոխ համշէնցիները, միշտ էլ միջ-էթնիկական                      լարուածութիւն է եղել, ինչին ես ինքս եմ քանիցս ականատես եղել: Զարմանալի է, որ ընտանեկան, անձնական կեանքում չափազանց գաղտնապահ     հայերս ազգային հարցերում անկառավարելի բացբերան ենք...

Ղրխզիստանում բնակուող համշէնահայերի տեղափոխման ծրագիր չի՞ եղել, չէ՞ որ լուրերը հէնց այնպէս չեն տարածւում:
Ընդամէնը մէկ հոգի էր եկել, որ ծանօթանայ Հայաստանին եւ վերադառնայ` ներկայացնելու պայմանները: Իմ հին ծանօթներից էր, այցելեց նաեւ ինձ: Ժամանակին եղել եմ նրա ծնողների տանը: Մի հինգ ամիս առաջ զանգահարեցի, հարցրի` քանի՞ ընտանիք է մտադիր տեղափոխուել, ասաց` նախնական տուեալներով, առայժմ մի 10 ընտանիք: Այնպէս, որ, պէտք չէր աշխարհով մէկ շեփորահարել:

Իսկ ե՞րբ են Ղրխզիստանում կրօնափոխ համշէնցիներ յայտնուել:
Նրանք 1944-ին են Ստալինի կարգադրութեամբ Աջարիայից Միջին Ասիա  աքսորուել: Ես 1984-ին եւ 1987-ին եղել եմ Միջին Ասիայում: Այդ տարիներին Ղրխզիստանում, Ղազախստանում եւ Ուզբեքիստանում ապրող մեր հայրենակիցներն ուզում էին տեղափոխուել Հայաստան: Երեք-չորս հազար համշէնահայութիւն կար: Պէտք է պետականօրէն կազմակերպուէր ներգաղթը: Նոյնիսկ այնտեղից ներկայացուցիչներ եկան, նրանց հետ շրջագայեցի Հայաստանում: Սակայն կոմկուսը մերժեց` չգիտեմ ինչ պատճառով: Սերօ Խանզադեանի «Նողկալի մերժում», «Փակ դռների հետեւում» յօդուածներն այս խնդրին էին վերաբերում:

Երկար տարիներ ստանձնել էք համշէնցիների բարբառը, բանահիւսութիւնը, սովորոյթները մոռացութիւնից փրկելու  ինքնակամ առաքելութիւնը: Համշէնցիները ջերմօրէ՞ն են ընդունում Հայաստանի հայերին, թէ՞ աւելի շատ զգուշանում են:
Կրասնոտարի երկրամասի, Աբխազիայի ամենախուլ տեղերում անգամ հայաստանցի հայեր կան: Այնտեղ ռուսախօս միջավայր է, շփումը մեծ է: Հայաստանում էլ շատ կան ծագումով համշէնցիներ, այդ թւում՝ բազմաթիւ նշանաւոր մարդիկ: 1992-ից գործում է «Համշէն» հայրենակցական միութիւնը: Թուրքիայի կրօնափոխ համշէնահայերը, բնական է, զգուշանում են: Ուզում են իմանալ՝ ինչո՞ւ ես իրենց բանահիւսութիւնը գրի առնում, կամ ինչո՞ւ ես լուսանկարում իրենց: Մի մասի համար դու օտար երկրի քաղաքացի ես,  մտավախութիւն ունեն, որ այցելութիւնդ  քաղաքական հետեւանք կարող է ունենալ: Թուրքիայի համշէնահայերի շրջանում շատ են վարորդները, շուրջ 100 հոգի յաճախ է լինում Հայաստանում, ծանօթ է մեր սովորոյթներին։ Ասեմ, որ ոմանք  հիւրընկալուել են մեր տանը, եւ իրենք էլ ջերմօրէն ընդունում են մեզ:

Զրոյցը՝ Արմինէ ՍԱՐԳՍԵԱՆԻ
de factor ԻՐԱՏԵՍ