Print
Category: Յուշատետր

Սեպտեմբերի վերջին օրը ծննդեան տարեդարձն է հայ գրականութեան 20րդ դարու լուսաւոր դէմքերէն՝ տաղանդաւոր բանաստեղծ Գէորգ Էմինի։

Մարդ էակին նկատմամբ անկեղծ ու անհուն սէրը, իր ժամանակաշրջանն ու Դարու Ոգին հայօրէն երգելու ներքին հուրը եւ կեանքն ու աշխարհը իր բջիջներուն մէջ շնչաւորելու անսանձ կիրքը եղան վարար աղբիւրը Գէորգ Էմինի բանաստեղծութեան, որ պատգամեց բոլորին՝

Խօսքը զէնքի պէս զգո՜յշ գործածիր,
Երբ խառն է դարը.
Նոյն արճիճի՜ց են ձուլում, իմացի՛ր,
Գնդակն ու... տառը»:

Մանաւանդ որ Էմին ստեղագործեց դարաշրջանի մը մէջ, որուն թշուառ մերկութիւնը շատոնց քողազերծած էր.

Քսաներորդ դար -
Ժեստի, կեցուածքի,
Ոչ թէ լինելո՛ւ,
Այլ... թուալո՜ւ դար:

Ծնած էր 30 Սեպտեմբեր 1919ին, Աշտարակ գիւղը, ուսուցիչի եւ այգեպանի ընտանեկան յարկին տակ։ 1940ին աւարտեց Երեւանի «Կառլ Մարքսի անուան պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոտեխնիկական ֆակուլտետ»ը եւ անմիջապէս զօրակոչուեցաւ բանակ՝ 1942էն 1944 խորհրդային զօրքի շարքերուն մէջ ծառայելու համար Երկրորդ Աշխարհամարտի ռազմաճակատներուն վրայ։

Զօրացրւումէն ետք Գէորգ Էմին անցաւ Մոսկուա, ուր 1949էն 1950 ուսանեցաւ «Մոսկուայի գրական ինստիտուտ»ին կից «Հայ գրողների ստուդիա»յին մէջ, իսկ 1954էն 1956 մասնագիտացաւ՝ հետեւելով Խ.Ս.Հ.Մ. Գրողներու Միութեան առընթեր գրական բարձրագոյն դասընթացներում:

1951ին վերադարձաւ Երեւան եւ մինչեւ 1964 եղաւ «Լիտերատուրնայա Արմենիա» թերթի սեփական թղթակիցը Հայաստանի մէջ։ 1968ին նշանակուեցաւ միեւնոյն՝ «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագիր:

Հրապարակագրական ասպարէզը հնարաւորութիւնը ընձեռեց Էմինի, որպէսզի լայն ճանաչումի արժանանայ իբրեւ փայլուն ակնարկագիր։ Բայց նոյն ժամանակաշրջանին իր ծաւալած գրական¬ստեղծագործական բեղուն գործունէութիւնը զինք բարձրացուց տաղանդաւոր բանաստեղծի պատուանդանին։

Ուսումով եւ մասնագիտութեամբ գիտական պատրաստութիւն ունենալով հանդերձ, Էմին օժտուած էր յորդ յուզաշխարհով եւ բանաստեղծական ուրոյն տաղանդով, որոնց թելադրանքով իր կեանքը ամբողջապէս նուիրեց հայ գրականութեան։

«Գէորգ Էմին. Իմ մասին» խորագրով իր ինքնակենսագրութեան մէջ, անդրադառնալով բանաստեղծ դառնալու իր ընտրանքին, Էմին կը խոստովանի՝

«Այն բանի համար, որ ես այսօր ոչ թէ կամուրջներ կամ ջրանցքներ եմ սարքում, այլ գրում եմ գրքեր՝ շնորհակալ եմ դպրոցում ինձ հանդիպած հայ գրողներից ամենափայլուններից մէկին՝ Եղիշէ Չարենցին: Ես նաեւ շնորհակալ եմ իմ մասնագիտութեան համար՝ միայն ճիշտ գիտութիւնը կարող է օգնել ստեղծագործողին զարգացնելու իր մէջ հոգեւոր հաւասարակշռութիւն, խուսափելով շատախօսութիւնից եւ յաճախակի տասը քայլ անելուց այնտեղ, որտեղ մի քայլը բաւական կը լինէր։ Ընդհանուր. ես ունեմ տասը սեփական գիրք, երեք որդի եւ իմ փոքրիկ Հայաստանը, որը հարուստ է իր ձգտումներով, սիրով՝ աշխարհի բոլոր մարդկանց համար»:

Գէորգ Էմին իր կեանքի վերջալոյսին ապրեցաւ նաեւ Արցախեան շարժման պատմական եւ բախտորոշ ժամանակաշրջանը։ Իր ներդրումը ունեցաւ հայ իրականութիւնը խորհրդային ժանգերէն եւ կեղտաջուրերէն մաքրելու ընդհանուր վերանորոգման մէջ։ Վախճանեցաւ Յունիս 11ին, 1998 թուին։

Տաղանդաւոր բանաստեղծին ծննդեան տարեդարձին նուիրուած յուշատետրի այս հակիրճ վկայութիւնը կþարժէ աւարտել Էմինի այնքա՜ն սիրուած եւ տարածուած բանաստեղծութիւններէն երկու նմոյշներով.


ԶԳՈ՜ՅՇ ԽՕՍԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Զգո՜յշ խօսիր Հայաստանում,-
Այստեղ ամէն գագաթ ու ձոր,
Արձագա՜նգ է տալիս հզօր,
Եւ քո Խօսքը հեռու տանում... 

Թէ բարի են խօսքերը քո,
Հայոց լեռներն ակնածանքով
Կը խոնարհուեն քո դէմ լռին
Բաշը քսած քո ձեռքերին:

Իսկ թէ չար են՝ լեռները մեր,
Հրաբխի բներն անմեռ,
Որ լռե՜լ են, բայց չե՜ն յանգել,
Քեզ լաւայո՜վ կþարձագանքեն,
Որ լեռնե՜ր է քշում տանում...
Զգո՜յշ խօսիր Հայաստանում:
Նե՜ղ են ճամփէքը լեռնական,
Երկու հոգու տեղ չեն անում,
Թէ դէմ-դիմաց ելնեն յանկարծ,
Թէ բարեկամ ես ու ընկեր,
Ա՜նց կը կենաք իրար գրկուած,
Թէ դաւով ես այստեղ ընկել,
Կը գլորուես ժայռերից ցած,
Ո՞վ եղաւ քո գալու վկան,
Գնալըդ ո՞վ է իմանում...
Նե՜ղ են ճամփէքը լեռնական,
Զգո՜յշ քայլիր
Հայաստանում,
Զգո՜յշ գործիր
Հայաստանում,-
Մենք գահ ու թագ
չ՜ենք ունեցել,
Եւ... արքա՜յ է ամէն մի հայ.
Զօրք ու բանակ
չենք ունեցել,
Եւ... սպա՜յ է ամէն մի հայ.

Ամէն մի հայ լերան մի ծերպ,
Ամէն մի հայ ուրոյն մի կերպ,
Ամէն մի հայ մի Հայաստան-
Բաժան-բաժան,
Անմիաբան,
Զատուա՜ծ, հատուա՜ծ,
Եւ սակայն մի՜,
Երբ սպառնում է թշնամին
Մեր դարաւոր անմահ երթին,
Եւ այս ժայռին թառած
բերդին,
Որ Հայրենիք ենք \
անուանում...
Զգո՜յշ գործիր
Հայաստանում։

 

ԵՐԳ՝ ԿՌՈՒՆԿԻ ՄԱՍԻՆ

Կռո՛ւնկ, Հայոց մոխիրը
կար քո թեւերին,
Երբ չըւեցիր.
Թրջուա՜ծ էր քո աչքը
Հայոց արցունքներից,
Երբ չըւեցիր.
Ասիր. «Չե՜մ գայ էլ
Հայաստան. մա՛հ է այնտեղ,
Եղեռն, աւա՜ր...»
Մեր երկրի պէս աւեր բոյնդ անտէր թողիր
Ու չըւեցիր:

Ո՜ւր չըւեցիր՝ Հայոց
վշտի անծայր բանտից
Դու դուրս չեկար.
Ամէն ջրում, ամէն
հողում՝ վտարանդի
Հայի տեսար.
Ականջ դրիր մէկի հարցին, մէկին թողիր
Անպատասխան
Եւ աշխարհում,
ինչպէս նրանք, քո բնի պէս
Բոյն չտեսար:

Ո՜ւր գնացիր՝ մոխիր
դարձաւ բոյնդ նորից,
Թռար եկար.
Հազար հրի միջով անցար, հազար սրից
Փրկուած եկար.
Ասիր. «Թէ մահ կայ աշխարհում, լաւ է մեռնեմ
Իմ հին բնում...»
Աչքըդ յառած Արարատի սէգ կատարին՝
Թռար, եկար:
Եկար, տեսար անապատում՝ նոր ջրանցքի
Հուն է բացուել,
Վարդ է բացուել քարի վրայ, քարը կրկին
Տուն է դարձել
Եւ նախանձից Մասիսն անգամ թեքուել է, որ
Արազն անցնէ,
Ծուխ է ելնում ամէն տնից. հաւքն իր նախկին
Բոյնն է դարձել:

Եկար մեզ մօտ, քո թեւերին պանդուխտների
Վի՜շտը բերիր.
Նրանց կարօտն հայրենիքի ու դարերի
Ի՜ղձը բերիր.
Եկար, նորոգ բոյնըդ գտար ու չըւում ես
Ափերն օտար,
Որ ազատե՜ս Սեւ զուլումից ու ձուլումից
Քո ձագերին:  

Գնա՜ , կռո՜ւնկ, Հայոց արտից ծի՜լ տար կանաչ՝
Պանդուխտների՛ն,
Մի նշխար ձի՜ւն՝ Արարատից, ջո՜ւր Սեւանայ՝
Պանդուխտներին.
Ականջիդ մէջ՝ մեր երգն ուրախ, աչքերիդ մէջ՝
Մեր լոյսը նոր՝
Մի բուռ հող տար՝ մահից փրկող սուրբ մանանայ՝
Պանդուխտներին:

Գնա՜, շրջիր երկրէ երկիր ու ե՛տ դարձիր,
Բարո՜վ դառնաս.
Կանչիր բոլոր պանդուխտներին ու ե՛տ դարձիր,
Բարով դառնաս.
Դարձիր այնպէ՛ս, որ ոչ մի տեղ, ոչ մի պանդուխտ
Քեզ չսպասի,
«Կռունկ, ուստի՞ կու գաս» չասի՛ ու չլացի՛...
Բարո՛վ դառնաս:

Պարզ ու վճիտ, զուլալ ու յորդ, սրտակէզ ու ցասկոտ երգով՝ Հայու Հոգին շնչաւորող ա՛յս բանաստեղծն է Գէորգ Էմին։

Ն.