Print
Category: Յուշատետր

Յունուար 17ի այս օրը, 96 տարի առաջ, հնաւանդ Շուշիի մէջ ծնաւ արձակագիր ու թատերագիր, բազմավաստակ ուսուցիչ եւ թատրոնի գործիչ Իսահակ Սերգէյի Ալավերդեանը։
Մեր սերունդները ծանօթ չեն Ի. Ալավերդեանի կեանքին, գործին ու վաստակին, որ այնքան հիմնական ներդրում ունեցած է ատրպէյճանեան լուծի տակ

տառապած եւ ուծացման դատապարտուած հայոց սերունդները մեր լեզուին ու մշակոյթին կապելու, հայացնելո՛ւ նուիրական պայքարին մէջ։
Անցեալ տարի Ստեփանակերտի մէջ պաշտօնական մեծարանքով նշուեցաւ Իսահակ Ալավեդեանի ծննդեան 95ամեակը։ Յոբելինական այդ մեծարանքը առիթը ընծայեց հայ մամուլին, որպէսզի փորձ կատարէ ըստ արժանւոյն գնահատելու հայ գրականութեան ղարաբաղցի այս երախտաւորին տեղն ու արժէքը։
Դժբախտաբար հանրագիտական աղբիւրները տակաւին շատ կցկտուր տեղեկութիւններ կը փոխանցեն իր մասին։ Թէեւ յուշագրութեանց եւ վկայութեանց ճամբով ընդհանրապէս ներկայացուած է թատրոնի նուիրեալ գործիչի եւ հայ լեզուի ու գրականութեան վաստակաւոր ուսուցիչի անոր արժանաւորութիւնը, այսուհանդերձ բացի իր դստեր՝ նոյնպէս թատրոնի եւ մշակոյթի արժանաւոր գործիչ Կարինէ Ալավեդեանի վերջերս հրատարակած մենագրութենէն, ընդհանրապէս ըստ պատշաճի ներկայացուած չէ Իսահակ Ալավերդեանի կենսագրութիւնը։
«Վիքիփետիա» համացանցային ազատ հանրագիտարանի հակիրճ վկայութեամբ՝ «Ի. Ալավերդեան ծնուել է Շուշի քաղաքում։ 1942ին աւարտել է Ադրբեջանի Կիրովի անուան համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1935-37ին ուսուցչութիւն է արել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ասկերանի շրջանի Շուշիքենդ ¨ Նախջեւանիկ գիւղերում։ 1937-38ին, որպէս ուսմասվար ¨ հայոց լեզուի ու գրականութեան ուսուցիչ, աշխատել է Շուշիի հայկական միջնակարգ դպրոցում։ 1939-77ին հայոց լեզու է դասաւանդել Ստեփանակերտ քաղաքի թիւ 1, թիւ 2, թիւ 3 միջնակարգ դպրոցներում։ 1968ից Ստեփանակերտի Մ. Գորկու անուան պետական հայկական դրամատիկական թատրոնի գրական բաժնի վարիչն է եղել։
«Գրել է պիեսներ։ Ստեփանակերտի Մ. Գորկու անուան հայկական դրամատիկական թատրոնը բեմադրել է նրա «Սիրոյ ճանապարհին» (1954), «Հողի լեզուն» (1958), «Ախ, սէր» (1969) դրամաները։ Նրա պիեսները բեմադրել են նա¨ հայկական ուրիշ թատրոններ»։
Կþարժէ իր ծննդեան 96ամեակին նուիրուած յուշատետրի այս էջը ջերմացնել «Ազատ Արցախ» թերթի 3 Մայիս 2012ի համարով լոյս տեսած, անցեալ տարի տեղի ունեցած Իսահակ Ալավերդեանի ծննդեան 95ամեակի Յուշ¬երեկոն ներկայացնող Նուարդ Սողոմոնեանի հետեւեալ վկայութեամբ.¬
«Մանկավարժ, գրող, թատերագէտ, Լ.Ղ.Հ. մշակութի վաստակավոր գործիչ Իսահակ Ալավերդեանի ծննդեան 95ամեակին նուիրուած յուշ¬երեկոյին հաւաքուել էր մտաւորականութեան մի խաւ, որ ծանօթ, մտերիմ, ընկեր, գործընկեր է եղել նրա հետ։
«Յուշ¬երեկոն նաեւ հետաքրքիր էր նրանով, որ վարում էր նրա դուստր, Ստեփանակերտի Վահրամ Փափազեանի անուան հայկական պետական դրամատիկական թատրոնի գրական մասի վարիչ Կարինէ Ալավերդեանը, մտաւորական, որ եղաւ հօր գործի շարունակողը, որ նոր ժամանակների հնարաւորութիւններն օգտագործելով՝ ի մի բերեց, ամբողջացրեց տասնեակ տարիների ընթացքում հօր հաւաքած արխիւը, կատարած մեծ գործը, ինչպէս նաեւ շարունակեց այնտեղից, որտեղ կիսատ է մնացել, ու այսպէս ստեղծուեց եւ շարունակում է ստեղծուել Ստեփանակերտի Վ. Փափազեանի անուան հայկական պետական դրամատիկական թատրոնի պատմութիւնը։
«Ի. Ալավերդեանի կենսագրութիւնը ներկայացուեց տեսաֆիլմով։ Ծնուել է Շուշիում։ Երկու տարեկան էր, երբ  մայրը մահացաւ, ու նրան խնամեց տատը։ 1920թ. կոտորածի ժամանակ տատը թոռան ¨ բախտակիցների հետ պատսպարուեց Ղազանչեցոց եկեղեցում. նրանց փրկեցին վրայ հասած ռուսական կայազօրի զինուորները։ Պապը յայտնի երկաթագործ ու զինագործ էր, Խնձրիստանում հիմնադրեց սեփական մետաքսագործական ֆաբրիկա, որի մետաքսի համբաւը դուրս էր եկել Ղարաբաղի սահմաններից մինչեւ Մոսկուա, Թեհրան, Փարիզ...
«Խորհրդային կարգերը հիմնովին փոխեցին այս ընտանիքի կեանքի ընթացքը։  Սերգէյին (Իսահակի հայրը), որ հօր մահից յետոյ տնօրինում էր ֆաբրիկան, 1928ին ?կուլակաթափ արեցին, խլեցին նոյնիսկ Ստեփանակերտի առանձնատունը, եւ մեծ ընտանիքը ստիպուած էր ծուարել հարեւան տան ցախանոցում։
«1933ին Իսահակի հայրն աքսորուեց Սիբիր, 1944ին Ստեփանակերտ վերադարձաւ կուրացած։ Հետագայում գրողի եւ արուեստագէտի կեանքը լիքն է եղել յիշարժան՝ ե՛ւ ծանր, ե՛ւ հաճելի հանդիպումներով։ «Պատանեկութեան հոգեկից ընկերն էր բանաստեղծ, նոյնպէս շուշեցի Միքայէլ Յարութիւնեանը, որի հետ ծննդավայրի ռեալական դպրոցի սենեակներից մէկում գտել են գրքերի մի կոյտ, այդ թւում՝ Րաֆֆի, Շանթ, Մեծարենց, Սիամանթօ... Դասերից յետոյ մի ձեղնայարկում ընկերների հետ Րաֆֆու «Սամուէլ»ն էին կարդում, որի համար Իսահակը հեռացուեց դպրոցից։ Հետագայում նրա «կապիտալիստական» անցեալին աւելացաւ նաեւ կնոջ՝ Քնար Սուլէյմանեանի՝ մեծահարուստ վաճառական Գերասիմի աղջկայ ծագումը։ Դժնդակ այս ժամանակներում ապրում էին վախուորած, զգուշաւոր կեանքով, ամէն պահ սպասելով, որ աքսորի հերթն իրենց կը հասնի։ «Հետաքրքիրն այն է, որ ընտանիքի եւ անձամբ իր կրած հարուածները չեն չարացրել Իսահակին, որին ժամանակակիցները բնութագրել են որպէս միշտ ժպտերես, բարի, լաւատես մարդ։
«Խրուշչովեան ձնհալքի տարիներն ստեղծագործական լիցք հաղորդեցին Իսահակին, եւ նա սկսեց պատմուածքներ ու պիեսներ գրել։ Նրան բախտ է վիճակուել տեսնել իր ծննդավայրի՝ Շուշիի ազատագրումը, իսկ երկրի ազատագրումը աղջկան հնարավորութիւն է տուել տպագրելու հօր կենսագրութիւնն ամփոփող գիրքը՝ հետաքրքիր նամակագրություններով, օրագրային գրառումներով, ժամանակակիցների կարծիքներով ու լուսանկարներով»։
Թէեւ համառօտ ներկայացուած, բայց Իսահակ Ալավերդեանի կենսագրութիւնը տիպական վկայութիւնն է ընդհանրապէս հայ մարդու եւ յատկապէս ղարաբաղցի հայ գրողին ու մանկավարժին վիճակուած խորհրդային ու ատրպէյճանական կրկնակի լուծին, որմէ վերականգնիլ կրնար միայն հայու ազգային ինքնապահպանման անխորտակելի կամքը։

Ն.