Print
Category: Յուշատետր

altՅուլիս 13ի այս օրը կը նշենք ծննդեան ութսունամեակը ժամանակակից հայ գրականութեան տաղանդաւոր բանաստեղծներէն Ալիսիա Կիրակոսեանի, որ երկու տարի առաջ՝ 22 Մայիս 2014ին իր մահկանացուն կնքեց Լոս Անճելըսի մէջ։

 

 

Արժանթին ծնած եւ սպաներէնով գրական անդաստան մուտք գործած բանաստեղծուհին երկար ճամբայ կտրեց՝ մինչեւ որ հայու իր արմատներուն վերադառնալով՝ նորովի յայտնագործեց ոչ միայն մարդու ու սիրոյ խորախորհուրդ յուզաշխարհը, այլեւ՝ նոյնինքն հայ ժողովուրդի ազգային լինելութեան անպարագիծ խորհուրդը.-

Մի լուռ խորհուրդ է կատարւում իմ մէջ.
Ուզում եմ հիմա, երկիր Հայաստան,
Ճանաչել հեռուից
Քարերը քո հին,
Ճանաչել լեզուդ,
Որին հաղորդ են խորհուրդ ու գաղտնիք,
Դարերդ անցեալ,
Որոնք տեսել են
Քո կոթողների քարէ շքերթը,
Քո խաչքարերը,
Աստուածայինը քո գեղեցկութեան,
Որի ծնկները ջարդել են, աւա՜ղ...

Մի լուռ խորհուրդ է կատարւում իմ մէջ.
Կարօտում եմ քեզ,
Թէկուզ քեզանից ես յուշեր չունեմ:
Սակայն թւում է,
Թէ այդ յուշերը եղել են ու կան
Եղունգներիս տակ
Եւ, աներեւոյթ,
Արտաբուրել են
Ծագման,
Գահերի
Եւ արեան շունչը:
Երկիր Հայաստան,
Քեզ ունեմ, առանց քեզ ունենալու...
Քո քայլքն եմ լսում,
Քո հառաչանքը,
Շառաչը ծովի,
Որ արտասուել է սեւ դագաղներով:
Եւ քո խիտ յուզման
Ծիծաղն եմ լսում:

Մի լուռ խորհուրդ է կատարւում իմ մէջ.
Ու ես փռում եմ
Իմ յուզումների մագաղաթը մեծ,
Որ նրա վրայ երգդ սկսեմ
Ճանաչելով քո քարերը վայրի:

Ալիսիա Կիրակոսեան ծնած է 1936ի Յուլիս 13ին, Արժանթինի Քորտոպա քաղաքը, վանեցի Գուրգէն Կիրակոսեանի ընտանեկան յարկին տակ։
Սպաներէն սկսած է ստեղծագործելու տակաւին 14 տարեկանին: Աւարտած է Պուէնոս Այրէսի Ազգային Համալսարանի իրաւագիտական բաժանմունքը: 10 տարի դերեր կատարած է արժանթինեան թատրոնի բեմերէն: Գրած է սպաներէն եւ իտալերէն, հետագային նաեւ հայերէն ու անգլերէն:
1966ին իտալերէն լեզուով լոյս ընծայած է բանաստեղծութիւններու իր առաջին՝ «Մէկ օրուան մէջ հինգ ձայն» գիրքը:
1967ին առաջին անգամ այցելած է Հայաստան, որմէ քանի մը տարի ետք գրած է «Նամակ առ Հայաստան» իր հանրածանօթ եւ փնտռուած բանաստեղծութիւնը:
Ինչպէս որ հանրագիտական աղբիւրները կը վկայեն՝ Ալիսիա Կիրակոսեանի Հայաստան այցը եղած է գրական երկրորդ մկրտութեան առիթ մը բանաստեղծուհիին համար։ Հայ ընթերցողը շուտով կապուած է Ալիսիա Կիրակոսեանին՝ 1967էն 1971, երբ բանաստեղծ Վահագն Դաւթեանի հրաշալի թարգմանութեամբ հրատարակուած է «Արմատ եւ էութիւն» անունով անոր բանաստեղծութեանց ժողովածուն (թարգմանուած՝ սպաներէնէ)։ 1972ին Սփիւռքի հայութեան համար նոյն գիրքը վերահրատարակուած է։
1968ին ան փոխադրուած է Լոս Անճելըս, ուր եւ մնայուն բնակութիւն հաստատած է 1971էն ետք։ Միացեալ Նահանգներու մէջ բանաստեղծուհին ընտրուած է եւ մինչեւ մահ մնացած է Ամերիկայի Սպանախօս Գրողներու Միութեան պատուոյ նախագահ:
1992ին, սպաներէն, հայերէն եւ անգլերէն լեզուներով հրատարակուած է բանաստեղծուհիին հիմնադրած (1969ին) «գեր-տարածական» անունով ծանօթ բանաստեղծական շարժման տեսութիւնը:
1993ին, Պրազիլիոյ Սան-Փաուլօ համալսարանին մէջ, փիլիսոփայութեան գծով, պաշտպանած է դոկտորական ատենախօսութիւն՝ գրականութեան բնագաւառին վերաբերեալ, արժանանալով համապատասխան գիտական կոչումի:
Ալիսիա Կիրակոսեանի բանաստեղծութեան առանցքը կը կազմեն սէրը, մայրութիւնը, հայրենիքը եւ փիլիսոփայական խոհը:
Սպաներէն եւ իտալերէն լեզուներով լոյս տեսած են Ալիսիա Կիրակոսեանի հետեւեալ ժողովածուները.- «Էութիւն եւ կէտադրութիւն» (1967), «Փետրօ Ամոր» (1969), «Ժամանակի, սիրոյ, խաղաղութեան մէջ» (1970), «Հայաստանեան ապրումներ» (1970), «Երկունքի ոլորտ» (1972), «Հակաշխարհ» (1972), «Մոխիրներից յետոյ եւ նամակ առ Հայաստան» (1972), «Մայրութեան քերթուածներ» (1989): (Ալիսիա Կիրակոսեանի «Փետրօ Ամոր» (1969) թատերախաղը ներկայացուած է Պուէնոս Այրէսի «Փայրօ» թատրոնի բեմէն։
Հայերէնով լոյս տեսած Ալիսիա Կիրակոսեանի ժողովածուներն են.- «Արմատ եւ էութիւն» (1967), «Նամակ առ Հայաստան» (1979), «Խորան I» (1992), «Խորան II» (1992), «Ամբողջական երկեր» (2005):
Եռալեզու հրատարակուած են «Բանաստեղծութիւն եւ գեր-տարածութիւն» (1994), «Խաղաղութիւն քուանտային» (2005), իսկ անգլերէնով` «Սէր եւ մայրութիւն բառերից այն կողմ» (1992), «Մտորում՝ բառից այն կողմ» (1992), «Արմատ բառից այն կողմ» (1992), «Բեմ` երկնքի համար» (1992) գիրքերը:
Գրական քննադատները համամիտ են, որ Ալիսիա Կիրակոսեանի բանաստեղծութիւնը կը բնորոշուի ներաշխարհի պատկերներով, արդիական լեզուամտածողութեամբ, բանաստեղծական վերաիմաստաւորումներու ինքնատպութեամբ: Իր վերջին շրջանի գործերուն մէջ բանաստեղծուհին անդրադարձած է 20րդ դարավերջի հայաստանեան դարակազմիկ պատմական իրադարձութիւններուն:
Ա. Կիրակոսեանի որոշ գիրքեր նկարազարդած է մեծն Փապլօ Փիքասոն:
Բանաստեղծուհին սպաներէնի թարգմանած է Րաֆֆիի «Խենթը»:
Ալիսիա Կիրակոսեան բազմիցս այցելած է Հայաստան, ուր պարգեւատրուած է Խաչատուր Աբովեանի անուան մրցանակով: Հ.Հ. Գ.Ա.Ա. պատուոյ դոկտորի կոչումի արժանացած է 2007ին:
Ահա՛ քանի մը նմոյշ Ալիսիա Կիրակոսեանի անմահ ժառանգութենէն.-

I

Ես նա եմ նաեւ,
Որ տարբերում է պաչը համբոյրից,
Ինչպէս սիրողին՝ սիրահարուածից,
Եւ մահացումը՝ մեռնելուց:
Իրօք.
Ի՞նչ է իմ գործը,
Եթէ ոչ ջոկել
Ո՛չ թէ կեղծիքը ճշմարտութիւնից,
Այլեւ տարբերել սուտը կեղծիքից,
Ճիշտը` ճշմարտից եւ ճշգրիտից,
Գութը` խղճալուց...
Իսկ երբ ես շատ եմ ինքս ինձ նման,
Այսինքն՝ բարձր ինքս ինձանից,
Ես տարբերում եմ մուժը մշուշից.
Ու մառախուղից մէգն եմ տարբերում:
Տարբերում նաեւ
Բախտաւորութիւն ու երջանկութիւն,
Ոճիր ու յանցանք։
Ու երբ ես շատ եմ ինքս ինձ նման,
Այսինքն՝ բարձր ինքս ինձանից,
Զարմանալի բան -
Ես` Տարբերողս,
Բնա՜ւ ամէնքից ինձ չեմ տարբերում...

II

Եթէ ես յանկարծ խլէի ցաւդ,
Կը դատարկուէիր,
Ու ես ինքս ինձ տխուր կը զգայի:
Թէ չլինէիր դու հէնց վիշտն ինքը,
Ես քո մէջ երբեք ինձ չէի տեսնի,
Ու մենք խօսքերի կարիք կը զգայինք...
Այս լռութիւնը շատ է կարեւոր,
Քանզի լռութիւնն աւելի լաւ է լսելի լինում:
Ու երբ մտքերս են ընդհատւում մի պահ,
Անկումն եմ լսում քո արցունքների:
Եւ զգացմունքի ուղիղ կենտրոնում
Հանդիպում ենք մենք:

III

Վախենում եմ «սէր» բառը ասել,
Զի նախազգում եմ,
Որ սիրուց անդին ամայութիւնն է...
Եւ վախենում եմ, որ սէրը միայն բառ լինի,
Ու ես ճաշակեմ բառն այդ ու քաղցած մնամ:
Ու ես ինքս ինձ օգնում եմ հիմա,
Որ այս աշխարհում պահպանեմ սէրը,
Որ ամէնքինն է ու իմն է միայն:
Եւ դա համարեայ այն միակ բանն է,
Որ իմն է միայն:
Ես վախենում եմ դարձեալ ու դարձեալ,
Որ սէրն աշխարհում ամէն ինչ լինի,
Որ սէրն աշխարհում չլինի ոչինչ...

Ն.