Մայիս 12ի այս օրը, 174 տարի առաջ, Ս. Փեթերսպուրկի մէջ, արուեստի քննադատները մեծ գովասանքով արուեստասէր հասարակութեան ներկայացուցին երիտասարդ հայ գեղանկարիչ մը՝ Յակոբ Յովնաթանեանը, որուն «Նադալիա Թեւու
մեանի դիմանկարը» անունը կրող իւղաներկ գործը նկատուեցաւ իր տեսակին մէջ բացառիկ որակով յատկանշուող նուաճում մը։
Հայկական գեղանկարչութեան մեծանուն վարպետներէն է Յակոբ Յովնաթանեան, որ 1840ականներուն կþապրէր եւ կը ստեղծագործէր Ս. Փեթերսպուրկի մէջ, ուր ատենի ռուս արուեստի քննադատներուն կողմէ հռչակուեցաւ «Թիֆլիսեան Ռաֆայէլ»ը։
Յակոբ Յովնաթանեան կը հանդիսանայ վերջին շառաւիղը հայ մշակոյթի գանձարանին մէջ անզուգական ներդրում ունեցած Յովնաթաններու մեծարժէք ընտանիքին։
17րդ դարուն ապրած ու ստեծագործած բանաստեղծ եւ նկարիչ Նաղաշ Յովնաթանով (1666-1722) սկսաւ Նախիջեւանեան ծագում ունեցող այս հայ ընտանիքին յաղթական վերելքը հայ մշակոյթի անդաստանէն ներս։
Գեղանկարչութեան մէջ մեծ յաջողութիւն արձանագրած Յովնաթանեաններուն վերջին ներկայացուցիչը՝ Յակոբ հարազատ թոռան թոռն էր նոյնինքն Նաղաշ Յովնաթանի, ինչպէս որ կը վկայէ մեր օրերու մեծագոյն արուեստաբաններէն Շահէն Խաչատրեան, որուն «Յակոբ Յովնաթանեան» խորագրով («Ազգ», «Մշակոյթ», 28 Հոկտեմբեր 2006) յօդուածին վրայ հիմնուած է յուշատետրի այսօրուան անդրադարձը։
Ընդհանրապէս ո՛չ ստորագրութիւն եւ ոչ ալ ստեղծագործութեան թուական կը կրեն Յակոբ Յովնաթանեանի երկնած դիմանկարները, բայց այնքա՜ն ինքնատիպ են ու արուեստագէտի այնպիսի՜ անկրկնելի դրոշմ ունին, որ արուեստաբանները անվարան կը ճանչնան անոնց հեղինակին ինքնութիւնը։
Յ. Յովնաթանեան աւարտած էր Փեթերսպուրկի Գեղարուեստի Ակադեմիան։ Գործեց Թիֆլիսի, Փեթերսպուրկի եւ Պարսկաստանի մէջ։ Հօր՝ Մկրտումի, հետ կատարեց Թիֆլիսի Ս. Նշան, Նորաշէնի եւ այլ եկեղեցիներու որմնանկարման աշխատանքները։ 1865էն բնակութիւն հաստատեց Պարսկաստան, եղաւ Շահի պալատական նկարիչը։ Հոն ալ վախճանեցաւ եւ թաղուեցաւ Թեհրանի Դարուազիա Ղազուին թաղամասի հայոց Ս. Գէորգ եկեղեցւոյ մէջ։
Յակոբ Յովնաթանեանի արուեստին ու արժէքին մասին կþարժէ խօսքը տալ Հայաստանի Ազգային Պատկերասրահի երկարամեայ տնօրէն Շահէն Խաչատրեանին, որ նաեւ հեղինակն է Յակոբ Յովնաթանեանի գործերը ներկայացնող ալպոմին.
« Ասպարէզ իջնելով 19րդ դարի երկրորդ քառորդին, եւրոպական կենտրոններից հեռու, Կովկասեան միջավայրում, ուր բարձր արուեստի իդեալները դեռ չէին թափանցել, Յակոբ Յովնաթանեանի (1806-1881) աշխարհիկ ու արդիական ոգով տոգորուած արուեստի յայտնութիւնը զարմանալի անակնկալ, հրաշք է թւում: Նրա փոքրաչափ դիմանկարները օժտուած են գունագծային իւրօրինակ գրաւչութեամբ ու գեղարուեստական բարձր ճաշակով:
«Նկարչի կենսագրական տուեալները սուղ են: Ծնուել է Թիֆլիսում, պատկերել է իր ժամանակակիցներին, հիմնականում ունեւոր խաւի մարդկանց: «Ո՛ւմ դիմանկար էր պէտք, վազում էր Ավնաթանովի մօտ եւ նա միշտ յաջողութեամբ բաւարարում էր բոլոր պահանջները...»,- գրուած է նկարչի մասին պետերբուրգեան «Իլիւստրացիա» ամսագրում 1845ին: «Զարմանալի է, որ երբ Թիֆլիսում յայտնւում է լուսանկարչութիւնը, Յովնաթանեանը հետզհետէ մոռացութեան է տրւում: 1860ական թուականների վերջերին նկարիչը մեկնում է Պարսկաստան, իր դստեր՝ Նունէի մօտ: Ի դէպ, վերջերս Հայաստանում էր գտնւում նկարչի թոռան թոռը՝ Մարա Մարտինը (Սեթխանեան), որը մեր Ազգային պատկերասրահին է նուիրել Յովնաթանեանի վերջին տարիներին կատարած մէկ տասնեակ գծանկարներ:
«Յովնաթանեանի գործերը, բացի մէկից, անստորագիր են, անթուակիր: Եթէ պայմանականօրէն ընդունենք, որ Յովնաթանեանը 1830ից, տարին գոնէ տասը պատուէր է կատարել, ուրեմն ստեղծած պիտի լինէր առնուազն չորս հարիւր դիմանկար, որոնց միայն մէկ տասնեակն է մեզ յայտնի:
«Թիֆլիսեան Ռաֆայէլ»ի հռչակ ձեռք բերած Յովնաթանեանի արուեստը վերածնունդ ապրեց 1930ականներին, շնորհիւ արուեստաբան Ռ. Դրամբեանի եւ նկարիչ Գ. Շարբաբչեանի: Վարպետի յայտնաբերուած գործերը հանգրուան գտան Հայաստանի Պետական Պատկերասրահում, Թբիլիսիի Վրացական եւ Մոսկուայի արեւելեան արուեստի թանգարաններում: Որոշ դիմանկարներ էլ պահւում են անհատ հաւաքածուներում: Արուեստագէտի ու նրա հերոսների կեանքը անյայտ լինելու պարագան առաւել խորհրդաւոր են դարձնում կառուցուածքային ձեւով իրար այնքան մօտ յովնաթանեանական դիմանկարները: Այդ սկզբունքը՝ կանայք բազկաթոռին նստած, տղամարդիկ՝ մէկ ձեռքը գօտկատեղին, պատանիները՝ գիրք բռնած, նկարչի ստորագրութիւնը լինի կարծես:
«Յովնաթանեանի գործերը ուշադիր դիտելիս՝ թւում է, թէ պատուէրի կատարումը՝ մարդու դէմքն ու արդուզարդը նման նկարելու խնդիրը ամէն անգամ երջանիկ առիթ է ընձեռում նկարչին, ընկնելու իր բո՛ւն տարերքի մէջ, նիւթական աշխարհի ամէն մի մասնիկ ներկայացնելու ոսկերչական նրբութեամբ, մարգարտացած, բանաստեղծականացած: Արուեստագէտին հետաքրքրել են ոչ այնքան մարդու հոգեբանական գծերը, որքան ինքը՝ մարդը: Եւ նա միշտ ուշադրութեան կենտրոնում է պահում նրանց դէմքերն ու ձեռքերը եւ առանձնապէս՝ ասես իրենք իրենց նայող աչքերը...
«1960ականների սկզբին, յաճախ պատկերասրահ այցելող Սերգէյ Փարաջանովի հարցումին՝ թէ ես ինչպէ՛ս եմ պատկերացնում Յովնաթանեանին, պատասխանեցի.-«Աչքեր, աչքեր, յակինթների նման փայլող աչքեր, ու ձեռքեր՝ նուրբ, բարի, վստահելի ձեռքեր... »: Իր սքանչելի ֆիլմում Փարաջանովը մտայղացաւ մի ձիակառք եւ որպէս անցնող ժամանակը խորհրդանշող կեանքի պատուհանից դիտողներին «հրամցրեց» յովնաթանեական արարումի հաւատամքը հանդիսացող այդ գոհարները»:
Փաստօրէն Փարաճանով այնքան հմայուած էր Յակոբ Յովնաթանեանի արուեստով, որ 1967ին ստեծագործեց իր յայտնի՝ գեղարուեստական բարձր մշակումով հռչակաւոր «Յակոբ Յովնաթանեան» վաւերագրական ժապաւէնը։
Եզրափակելով հայ մեծ դիմանկարիչին նուիրուած յուշատետրի այս էջը, դարձեալ խօսքը տանք Շ. Խաչատրեանին գնահատականին.
«Յովնաթանեանի արուեստի յատկանշական գծերից մէկը մոնումենտալութիւնն է: Իր դիմանկարներում, գրեթէ անխտիր, նկարիչը յատուկ ուշադրութիւն է դարձնում մարմնաձեւերի եզրագծերին, որոնք պարզեցուած են, ընդհանրացուած, հասցուած զուսպ, ներամփոփ արտայայտչականութեան: Պատկերուած անձանց դէպի վեր հետզհետէ սեղմուող ուրուանկարը ճարտարապետական կառուցուածք է յիշեցնում: Կոմպոզիցիաների բրգաձեւութիւնը ընդգծելու նպատակով՝ նկարիչը դիմում է շարժումների պայմանականութեան: Օրինակ, բազկաթոռին նստած նրա հերոսուհիները ասես կիսականգնած են, իսկ տղամարդիկ՝ մէկ ձեռքը մէջքին պահած: Կտաւների ներքեւի մասերում օգտագործուած առարկաները (գօտի, թաշկինակ, ձեռնոց, գիրք, աթոռի կամ սեղանի մաս) իրենց ձեւերով ու գունային հնչողութեամբ միշտ «մասնակից» են պատկերի ընդհանուր կառուցուածքին: Գոյների ու գծերի այդ հաւասարակըշռութիւնն էլ Յովնաթանեանի փոքրաչափ դիմանկարներին տալիս է վեհաշուք, մոնումենտալ տեսք:
«Խօսելով Սայաթ-Նովայի երգերի մասին՝ Վալերի Բրիւսովը օգտագործում է «միանմանութեան բազմազանութիւն» արտայայտութիւնը: Այս բնորոշումը կարող է վերաբերել նաեւ մեր հազարաւոր խաչքարերին, մեր տաճարներին, Նարեկացուն... -եւ խօսում է ժողովրդի բանաստեղծական խառնուածքի ու աշխարհընկալման մասին: Յովնաթանեանի դիմանկարներն էլ միանման են, բայց ունեն գունային զարմանալի բազմազանութիւն: Նկարիչը նման է իր բանաստեղծ նախնիներին, նա երգում է միեւնոյն երգը՝ մարդու ու աշխարհի հանդէպ իր մեծ սիրոյ երգը, բայց այդ երգը ամէն անգամ այլ է...
«Սնուելով մայր արուեստի ակունքներից՝ Յակոբ Յովնաթանեանն արարեց ինքնօրինակ մի արուեստ: Նրա անկրկնելի ժառանգութիւնը հայ գեղանկարչութեան պատմութեան ամենագեղեցիկ գագաթներից է:
«Մի առիթով, զրոյցի ժամանակ, Մարտիրոս Սարեանն ասաց. «Չմոռանանք, որ մենք էլ ունենք մեր Ջոկոնդան եւ այն ստեղծուել է Յովնաթանեանի անմահ վրձնով: Ի հարկէ, այն կարող էր ծնուել շատ աւելի վաղ, եթէ Հայաստանը ասպատակութիւնների ասպարէզ չդառնար...»:
«1970ին, Փարիզում կազմակերպուած «Հայկական արուեստը Ուրարտուից մինչեւ մեր օրերը» ցուցահանդէսին մասնակից դարձան նաեւ Յովնաթանեանի հինգ աշխատանքները: Դրանք դիտւում էին չդադարող հիացմունքով: Արուեստների մայրաքաղաքում հանդիպումը Նատալիա Թէումեանի դիմանկարի հետ դարձաւ հանդիպում «հայկական Ջոկոնդայի» հետ»:
Հայ անունը արուեստի աշխարհին մէջ մեծ բարձունքի առաջնորդած մեծարժէք դիմանկարիչ է Յակոբ Յովնաթանեան։
Ն.