Print
Category: Յօդուածագրութիւն

Հայ ժողովրդին իշխանութիւնների մատուցած հերթական անակնկալներից էր մայրաքաղաքի կեդրոնում Անաստաս Միկոյեանի արձանի տեղադրման մասին, Երեւանի աւագանու կայացրած որոշումը:

Միկոյեանի կերպարը, կարծես թէ, մութ կողմեր չունի՝ մանաւանդ խորհրդային տարիներին ապրած մարդկանց համար: Դեռ նշուած ժամանակներում Միկոյեանի կերպարը ռուսերէն բնորոշում ունէր, որ հայերէն հնչում է Իլյիչից-Իլյիչ: Այս ոչ առանց հեգնանքի արուած արտայայտութեամբ նկատի էր առնւում, որ Միկոյեանը կարողացաւ կոմունիստական վերնախաւի մէջ լինել Վլադիմիր Իլյիչ Լենինի օրերից մինչեւ Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւի օրերը: Հիրաւի այդքան դիմանալու համար առանձնայատուկ տաղանդ էր անհրաժեշտ՝ մի համակարգում, որն իրենից ներկայացնում էր ինքնախժռման արիւնոտ մեքենայ: Մեքենայ, որն ստեղծում էր կուռքեր եւ ապա ոչնչացնում էր նրանց՝ սկսած գլխաւոր առաջնորդներից՝ (Լենին, Տրոցկի, Ստալին եւ բազմաթիւ այլ անուններ) իր գոյութեան մղձաւանջային ողջ տարիների ընթացքում: Առնուազն երկու դէպք յայտնի է, երբ Միկոյեանը դաւաճանեց զինակից առաջնորդներին եւ յայտնուեց նրանց տապալող դաւադիրների թիմում: Առաջինը «անցումն էր» Ստալինի թիմից Խրուշչովի թիմ եւ երկրորդը՝ Խրուշչովի տապալումն ու յայտնուելը Բրեժնեւի թիմում: Ընդ որում, ըստ նոյն Միկոյեանի յուշերի, տարիներ շարունակ ինքն ու իր ընտանիքը սարսափի գիշերներ են անցկացրել, սպասելով թէ ահա չեկայի «Սեւ ագռաւ» կոչուած մեքենան կուգայ իրենց ետեւից: 

Ինչպէս բնորոշւում է Խրուչովին նուիրուած Ռուսական մի ֆիլմում Միկոյեանը կարողանում էր առանց թրջուելու անցնել անձրեւի կաթիլների արանքով: Գուցէ սա գեղարուեստական համեմատութիւն է, սակայն անվիճելի է նաեւ, որ ինքնախժռման մեքենայի բոլոր ատամնանիւների միջով անվնաս անցնելու համար որոշակի յատկութիւններով պէտք է օժտուած լինէիր:
Ռուսական փաստագրական մէկ այլ ֆիլմում, որպէս այդ երակարակեցութեան գաղտնիք բերւում է հէնց այն փաստը, որ Ստալինը համոզուելու համար, թէ արդեօք «Անաստաս Իվանովիչը» վստահելի է՝ մանաւանդ ազգային պատկանելութեան հետ կապուած, 37 թուականին գործուղում է նրան Հայաստան, հակախորհրդային տարրերի յայտնաբերման եւ ցուցակագրման գործին հետեւելու նպատակով: Եւ ինչպէս նոյն ֆիլմում ներկայացուած եզրակացութիւնն է Միկոյեանը արժանացաւ Ստալինի լիակատար վստահութեանը:
Ի դէպ Անաստաս Միկոյեանի կերպարը բացայայտելու համար դրսում փաստեր փնտռելու կարիք չկայ, բաւարար է ընթերցել հէնց նրա ձեռքով գրուած «Պայքարի Ուղիով» «Երեւան, Հայաստան Հրատարակչութիւն, 1972թ.» յուշերի գիրքը:
Այնուամենայնիւ ակնյայտ է, որ հայ հանրութեանը համակած յուզումը սոսկ ինչ-որ անձի արձանի տեղադրման նախաձեռնութեանը չի վերաբերում, այլ փաստի խորքում մարդիկ տեսնում են շատ աւելի ընդգրկուն մի երեւոյթ:
Եւ կարծում եմ մարդիկ չեն սխալւում:
Ինչ որ իշխանութիւններն այսօր ցանկանում են անել, ըստ էութեան բխում է հոգեբանական այն երկուութիւնից, որ գոյութիւն ունի իրենց մէջ:
Հոգեբանական այդ երկուութիւնը պատկերաւոր բնորոշելու համար ներկայացնեմ մի դիպուկ օրինակ: Տարիներ շարունակ իշխանական կուսակցութեան հռչակած գաղափարախօսի՝ Նժդեհի անունը կրող հրապարակում կանգնած է ոչ անյայտ հայ պոլշեւիկ Սուրէն Սպանդարեանի արձանը: Տարիներ շարունակ հանդուրժելով այս անհեթեթութիւնը իշխանութիւնը չի համարձակւում (հիմքեր ունեմ ասելու), որ «Չի համարձակւում» Ոչ Նժդեհի անունը զատել հրապարակից, որի վրայ իշխում է այլ անձի արձանը, եւ ոչ էլ «Հեռացնել» Սպանդարեանին: Հոգեբանական այս երկուութիւնը աւելին է վկայում, քան կարող է բնորոշել նժդեհա-հայրենասիրական ցանկացած հռետորաբանութիւն:
Ուզում եմ հարց տանք ինքներս մեզ՝ արդեօ՞ք անկախ ազատ ու ազգային պետութիւն է Հայաստանի Հանրապետութիւնը: Եթէ իսկապէս այդպէս է, ապա նրա կառավարիչներն ինչպէ՞ս են կարողացել անգոյութեան 900 տարիներից յետոյ ստեղծուած առաջին հանրապետութեան կառավարութեան շէնքը արտաքինից ձեւախեղել , իսկ ներսի կողմից փոխել ամբողջովին եւ վերածել «պիցցայանոցի»:
Հաւատում էք արդեօ՞ք, որ նման բան կարող էր տեղի ունենալ որեւէ այլ երկրում: Եթէ էութեամբ ու բովանդակութեամբ ազգային պետութիւն է ՀՀ-ն, ապա ինչո՞ւ են անկախութեան օրուայ իւրաքանչիւր տարեդարձի, յայտնի ազդեցութեան տակ գտնուող հեռուստաընկերութիւնները, խօսքները մէկ արած, ցուցադրում Առաջին Հանրապետութիւնն ու նրա կերտողներին «Այդ թւում Նժդեհին» վարկաբեկող սովետական ֆիլմերը: Երեւի շատերը կը զարմանան իմանալով, որ մինչ այսօր նոյն այս լրատուամիջոցները կամ չեն հեռարձակում ազգային-յեղափոխական այն երգերը, որոնցում հնչում է առաջին հանրապետութեան առաջամարտիկ կուսակցութեան անունը եւ կամ հեռարձակում են երգերի այն տարբերակները, որոնցից նախապէս այդ անունը հանուել է:
Ուզում եմ խօսել եւս մէկ փաստի մասին, որի վկան եմ եղել մի քանի տարի առաջ: Հերթական տարելիցին, Արամ Մանուկեանի շիրիմին այցելութիւնից յետոյ, նախկին վարչապետ Տիգրան Սարգսեանը դիմեց որոշ մարդկանց խորհուրդ հարցնելով, թէ ինչ կարելի է անել Արամի յիշատակը յաւերժացնելու համար: Որպէսզի կարճ ժամանակում ինչ-որ բան արուի՝ աւելի լուրջ եւ արժանի գործը թողնելով ապագային, առաջարկուեց արդէն պատրաստի մի կիսանդրի տեղադրել Երեւանի որեւէ վայրում:
Առաջարկը հաւանութեան արժանացաւ եւ շատ ժամանակ չանցած Արամ Մանուկեանի այս կիսանդրին տեղադրուեց Հայաստանի Հանրապետութեան Ոստիկանութեան շէնքի մուտքի առջեւ: Այս գործընթացի ժամանակ, սակայն ծագեց մի «մանրուք»: Ի՞նչ գրել կիսանդրու պատուանդանին: Օրուայ ոստիկանապետերը ցանկանում էին յիշատակել միայն Արամ Մանուկեանի առաջին Հանրապետութեան Ներքին գործերի նախարար լինելու փաստը: Կիսանդրու պատուիրատուն պնդում էր, որ այդ արձանագրումը ոչ միայն կիսատ կը լինի, այլեւ կարող է աղճատել Արամի ընդհանրական կերպարը: Չէ, որ Արամը, լինելով գլխաւոր գործող անձանցից մէկը, լաւագոյն խորհրդանիշն է անկախութեան ու պետականութեան հիմնադրման: Գաղտնիք չէ, որ ժողովուրդը հէնց այդպէս էլ ազգային մեծ գործչին ընկալել է դեռ կենդանութեան օրօք եւ ընկալում է՝ ցայսօր: Ոստիկանութեան օրուայ ղեկավարները, գուցէ եւ իրենցից վեր ինչ-որ անձինք (տեղեակ չենք եւ մեղք չգործենք) ոչ մի կերպ չէին համաձայնւում համապատասխան նշում կատարել յուշաքարի վրայ: Ի վերջոյ գլուխներն ազատեցին հրաժարուելով որեւէ բան փորագրել՝ անուն-ազգանունից բացի: Ահա այսպիսի մէկ կիսանդրիով մենք յարգում ենք յիշատակը մեր պետականութեան կերտման գործի գլխաւոր դերակատարի:
Հետաքրքիր է, եթէ առաջարկ արուի (նման առաջարկներ ի դէպ եղել են տարբեր տարիների) Արամին արժանի յուշարձան կանգնեցնել մայրաքաղաքի կեդրոնական վայրերում՝ օրինակ հէնց իր անունը կրող փողոցի վրայ, իշխանութիւնը նոյնիպիսի՞ յամառութիւն կը դրսեւորի, ինչպիսին դրսեւորում է կոմունիստական գործիչ Միկոյեանի արձանի տեղադրման առիթով:
Թէեւ մասնաւորապէս Արամը պատկանում է ողջ հայութեանը, սակայն վախենամ վերջին դատողութիւններիս կուսակցական շահեր հետապնդելու որակում տրուի, այդ պատճառով բերեմ այլ օրինակներ:
Ազգային էութեամբ իշխանութիւնները, անկախացումից յետոյ հաւանաբար անհրաժեշտ էին համարելու պատմական շրջադարձային ժամանակահատուածի հոգեւոր ու մշակութային արժէքները, որոնք եօթ փակի տակ էին կոմունիստների օրօք, վերադարձնելու իրենց տիրոջը՝ հայրենի ժողովրդին: Նրան վերադարձնելու այն անունները, որոնք հանրայայտ եղան սփիւռքում, բայց երկաթէ վարագոյրները չկարողացան յաղթահարել նախ եւ առաջ խոր ազգային, դիմագիծ ունենալու պատճառով:
Առաջարկում եմ մտածել, արդեօ՞ք Հայաստանաբնակ հայութեան մտքի ու հոգու սեփականութիւնն են այսօր դարձել Յակոբ Օշականը, Լեւոն Շանթը, Աւետիս Ահարոնեանը, Գաբրիէլ Լազեանը, Միքայէլ Վարանդեանը, Վահան Նաւասարդեանը, Շաւարշ Նարդունին, Վազգէն Շուշանեանը եւ շատ-շատ ուրիշներ:
Երեւոյթն ինչի՞ արդիւնք է՝ անփութութեան, թէ՞ որոշակի հոգեբանութեան:
Եթէ աւելի լայն բացենք ընդհանրացումների կարկինը, ապա յիշեալ հոգեբանութիւնը կը տեսնենք Հայաստանում բազմակուսակցական համակարգի արժէզրկման եւ կուսակցական մենաշնորհի հաստատման, ամենաճշմարիտը լինելու եւ իշխանութիւնը տեսանելի հեռանկարում չզիջելու յաւակնութեան, կռապաշտութիւնը մերժող Նժդեհց ու կենդանի «առաջնորդներից» նոր կուռքեր ստեղծելու եւ նման այլ մտայնութիւնների մէջ:
Մտովի անցնելով շարադրուած փաստերի տրամաբանական շղթայով միանգամայն հասկանալի եւ օրինաչափ է դառնում, թէ ինչո՞ւ է ծագում միկոյեանների կոմունիստական գաղութատիրութիւնից ազատագրուած երկրում սպանդարեանների, միկոյեանների արձաններ ունենալու բաղձանքը:
Միւս կողմից ժողովուրդը բնազդով զգում է, թէ ինչ վտանգաւոր նոր օղակներ կարող է ունենալ մտայնութիւնների տուեալ շղթան, որոշակի շարունակականութեան մէջ:
Այո, չպէտք է թոյլ տալ, որ Հայաստանում վերակենդանանան չարիքի կուռքերը:
Ուզում եմ հաւատալ, որ ի վերջոյ նման եզրակացութեան կը յանգեն նաեւ իշխանաւորները, եւ դրանով միաժամանակ կը յաղթահարեն իրենց ներքին երկուութիւնը:


Արտաշէս Շահբազեան