Print
Category: Յօդուածագրութիւն

Դեռ չհասցրած Գորիս-Երեւան ճանապարհը յաղթահարելու մտքին հարմարուել՝ կողքիս նստած երիտասարդ աղջիկը ձեռքն արագ բերանին տանելով ու արմունկիս խփելով հասկացրեց, որ վարորդին ասեմ՝ արգելակի մեքենան: Սովոր տեսարան էր: Մի քանի րոպէից իմ օգնութիւնից հրաժարուած աղջիկը կրկին մեքենայում էր: Քիչ սփրթնած էր, բայց ասաց, որ կարող ենք շարունակել:

Մեր քառեակը լրացնում էին տխուր առիթով մայրաքաղաք մեկնող տարեց ամուսիններ, որոնք համերաշխ ննջում էին: Միակ «խօսողը» Թաթան էր: Աղջիկը յաճախ էր հեռախօսը ականջին տանում ու յամարեայ շշուկով խօսում: Զգում էի, որ մի չյաղթահարուող անհանգստութիւն նրան ուղեկցում է: Գազալիցքաւորման կէտում իջանք: Մառախուղ էր ու մանրիկ գորիսեան անձրեւ էր տեղում: Մտանք փոքրիկ սրահ: Նրան էլ սուրճ առաջարկեցի: Հրաժարուեց: Նստեց իմ հարեւանութեամբ: Կրկին հեռախօսը զանգահարեց. «Չէ՛, ասում եմ՝ չէ՛, մերը ե՞ս եմ, չե՛մ ուզում, ասում եմ՝ գնալու եմ: Որ իմ ուզածով եղաւ, վաղը հետ եմ գալու: Չվախենաս: Ա՛յ կնիկ, հասկանո՞ւմ ես՝ էս դարում երեք աղջիկ…Դէ լաւ, պրծանք, է՜հ, երազն ինչ կապ ունի է, որ երազով լինի…»: Ես համարեայ հասկացայ՝ բանն ինչում է, բայց ինձ իրաւունք չվերապահեցի հարց տալ: Շարունակեցինք ճանապարհը: Քիչ անց ինքն անկեղծացաւ ու պատմեց, որ երկու դպրոցահասակ աղջիկ ունի, որ հիմա յղի է, որ Գորիսում կասկածանքով տղայ են ասել, բայց ինքը վստահ չի, գնում է Երեւան ստուգուելու ու, որ աղջիկ եղաւ, հէնց Երեւանում կÿընդհատի յղիութիւնն ու հետ կը դառնայ: Ասաց, որ վերջին զանգողը մայրն էր. մի վերջին անգամ խնդրում էր, որ այդպիսի բան չանի: Ասաց, որ սկեսուրն ու ամուսինն էլ կողմ չէին իր որոշմանը, բայց տալն արդէն Երեւանում ծանօթ բժշկուհու հետ պայմանաւորուած ժամ ունի ու սպասում է…
Ես էլ ասացի, որ էս կեանքում իմ ամենաչհասկացած ու աններելի բանն այն է, երբ մայրը, սեռը հաշուի առնելով, ինքն իր ձեռքով գնում է, որ… Զգացի, որ դիրքորոշումս բաւականին վնասեց նրա աչքին իմ՝ կեանքից բան հասկանալը: Հասկցայ, որ անիմաստ է խօսելը: Լռեցինք: Նա մինչ Երեւան մի քանի անգամ էլ իջաւ մեքենայից ու սփրթնած հետ եկաւ…
Երեւանում առաջինը պիտի իջնէր: Որքան էլ համոզուած էի՝ իզուր, բայց մի վերջին անգամ  ասացի. «Դեռ ուշ չէ, լաւ մտածիր, Անի»…
Ես նրան յաճախ էի յիշում, բայց, բնականաբար, ոչ մի լուր չունէի. նա ինձ անծանօթ ընտանիքից էր:
…Վերջերս, այդ դէպքից տարիներ անց, ես Երեւանից Գորիս էի գալիս: Վարորդն, ի ուրախութիւն ինձ, ասաց, որ երկար չէք սպասի, որ միւս երեքը մի ընտանիքից են:  «Ռոսիայի»  մօտ սպասում էինք: Նրանք իջան տաքսուց. մի կին էր, երկու աղջիկներ: Երիտասարդ աղջիկները շատ քնքշօրէն օգնեցին ձեռնափայտով կնոջը: Տեղաւորուեցին, ու ուղեւորուեցինք: Ճանապարհին դադար առանք: Արփայի ափին խմում էի դառը սուրճը: Նրանք երեքով առանձին՝ կողքի սեղանի շուրջն էին նստել: Ինչպէս հասկացայ՝ մայր ու աղջիկներ էին: «Վալերիանայի» հոտը մատնեց մօր վատ ինքնազգացողութեան մասին: Ես առաջարկեցի իմ օգնութիւնը. դեղերի պաշարով էի: Կինը հրաժարուեց, ասաց, որ արդէն լաւ է ու թոյլ, նուաղած ժպտալով ասաց. «Դու ինձ չես յիշում, ես լաւ եմ յիշում: Երանի…»: Ու նեղսրտեց… Ես, նայելով նրա սեւ, երկար թարթիչներով կապոյտ աչքերին, մտաբերերեցի Անիին: Քիչ դադարից յետոյ, նա հետ գնաց. «Հէնց նոյն օրը տալիս հետ գնացի բժշկի: Ասացին, որ աղջիկ է ու  հէնց նոյն օրն էլ…Գիտակցութեան եմ եկել մէկ շաբաթ անց…Գլուխս բարձրացնել չէի կարողանում: Երկու օր յետոյ հասկացայ, որ քայլել էլ չեմ կարողանում: Երէք ամիս պառկեցի հիւանդանոցում: Ամուսինս ահռելի ծախսերը հոգալու համար արտագնայ աշխատանքի մեկնեց: Այդտեղից էլ սկսուեց իմ ընտանիքի քայքայումը: Նա փող պարբերաբար ուղարկում է, բայց այնտեղ ընտանիք ունի, ասում են՝ զոյգ տղաներ: Իսկ ես  տարին մի քանի անգամ, էս ճանապարհին եմ: Երեխեքս էլ հետս տանջւում են, մայրս էլ չկայ: Ես չլսեցի նրան՝ Աստուած պատժեց ինձ: Ես մօրս մինուճարն էի, ծնուել էի նրանց ամուսնութեան 15-րդ տարում: Դրա համար մայրս ասում էր՝ ոնց կարելի է Աստծոյ տուածից հրաժարուել: Գիտէք` որն է ամենասարսափելին.  աբորտից անմիջապէս յետոյ մասնակից բուժքոյրը տալիս ասել է, որ երեխան տղայ է եղել… Իսկ ես մօրս երազին չհաւատացի»:
Ականջներիս չէի ուզում հաւատալ, ուրեմն այսքանից յետոյ նրա համար ամենասարսափելին էլի սեռն էր…


Յ,Գ. Իսկ նրան, ինչպէս սովորաբար է, գորովանքով պահում էին աղջիկները, աղջիկներ, որոնցից, որպէս անցանկալիներ, հրաժարւում են մինչ լոյս աշխարհ գալը:
Արժէ՞, որ շարունակի ապրել երեխան. վճռում է մայրը: 


ԼԵՆԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ
Գորիս «reprot.am»