Print
Category: Յօդուածագրութիւն

Այս օրերին Հարաւային Քորէան Ճափոնիայից հատուցում է պահանջում Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ընթացքում 200 քորէացի կանանց բռնաբարելու, նրանց որպէս սեռային ստրուկ օգտագործելու համար:

Որպէս նոյն ողբերգութիւնը ապրած ժողովուրդ հասկանալով, ցաւակցելով նրանց, միաժամանակ համեմատութեան ուղեգծով մեղադրում ենք մեր այսօրուայ կառավարութեան, որ լռում է դեռ, երբ բռնաբարուած, վաճառուած մեր աղջիկների ու կանանց թիւը թուային հաշուարկից դուրս է, հարիւր հազարների է հասնում, երբ կենդանի մնացողներին մատների վրայ կարելի է հաշուել: 

Իսկ արեւմուտքը այս ոճիրներից յետոյ դեռ փորձում է արդարացնող եզրեր գտնել թուրքին իր անցեալի հետ «հաշտեցնելու»: Արեւմուտքից զատ մենք՝ հայերս, փորձում ենք մեղմել եւ վկայութիւններ ենք բերում անհատ թուրքերի մեր հանդէպ ցուցաբերած բարութիւնից: Վէպեր ենք գրում նրանց մասին, շարժապատկերներ ստեղծում, յարգի եւ անյարգի առիթներով մէջբերում անում, շեշտելով, որ մենք թշնամի չենք նկատում թուրք ժողովրդին: Միթէ՞ այդ նոյն թուրք գազազած ամբոխի ձեռքով չոչնչացան մեր միլիոնաւորները, կառավարութեան յոյսը հէնց իր ժողովրդի վայրագութեան վրայ էր, որը արդարացրին աւելիով: Անհատ պաշտօնեաներն ու նրանց ձեռքի տակ գործող սակաւաթիւ զաբթիեները միլիոնաւոր ժողովուրդ չէին կարող ոչնչացնել: Այդ որքան շուտ մոռացանք նոյն գազան ամբոխի ձեռքով Պաքւում եւ Սումգայիթում կոտորուածներին: Այդ դէպքերից էլ 99 տարի չի անցել, դեռ նոյնիսկ յուշ չի դարձել, որ մոռանանք: Մեր ժողովուրդը պէտք չունի արեւմտեան սուտ հոգեբանութիւն ընդունլու, երբ հարցը իր Ցեղասպանութեանն է վերաբերւում:
Օշականի գլուխգործոց «Մնացորդացը»վէպը, որը դժբախտաբար մինչեւ օրըս միայն որպէս վերնագիր է շրջում հայութեան մէջ եւ ոչ կարդացուած վէպ, Եղեռնի սկզբնաւորումը արտացոլող մի մեծ համանուագ է, ուր տեսանելի է եւ եղեռնի ողջ ծրագիրը, եւ խելայեղ արագութեամբ դրա ի-րագործումը: Տեսանելի է հայերի քաղաքական տհասութիւնը, կուրութիւնը, չտեսնելու մօտեցող արհաւիրքը, մինչեւ իսկ, երբ թուրքերն արդէն բացայայտ էին գործում: Տեսանելի է հայերի աւանդոյթների անկման համար թուրքերի տարած հետեւողական աշխատանքը եւ այդ անկումը: Մինչ հայը գլուխը իր ուսերին պահելու մտահոգութեամբ տարուած չի նկատում իր քայքայումը, (ինչպէս այսօր՝ իր սոցիալական վիճակով տարուած չի նկատում իր երկրի դատարկուելու վտանգաւոր գործընթացը), թուրքը ակընդետ հետեւում է հային, գտնում նրա ամենախոցելի տեղերը: Տեսանելի է հայ հոգեւորականութեան բարոյազրկմամբ համայնքն ամբողջովին քայքայող թուրքերի յաղթանակը: Տեսանելի է թուրքերի՝ իրենց մեծ ծրագրին՝ համաիսլամացման, հասնելու ակընդետ յամառ աշխատանքը:
Ցեղասպանութիւնը միայն ազգին ֆիզիկապէս ոչնչացնելը չէ, այլ ենթարկուած տանջանքների՝ գազանային սպանութեան, բռնաբարութեան, նուաստացման, ճնշման հետեւանքով ստացած հոգեկան եւ մտային վնասները, ազգային դիմագծի խեղաթիւրումն է տուեալ ժողովրդի մէջ: Օշականը իր վէպերում անկեղծօրէն նկարագրում է նաեւ հայութեան մէջ սկիզբ առած այդ երեւոյթները, հայի աստիճանական փոփոխութիւնը՝ թուրքերի օգտին աշխատելը, հայը-հային մատնելը, ստրկամտութիւնը, վախից թուրքին սիրաշահելը, որից մինչեւ օրըս չենք կարողանում ազատագրուել: Այսքան եղեռնագործութիւնից յետոյ էլ հայութեան մի ստուար մաս դեռ թշնամի չի նկատում թուրքին, դեռ մեր երկրից փախչում են նրանց ծառայելու, այդ մարդասպանների շառաւիղների վայրագ հաճոյքներին գոհացում տալու: Դեռ մեր երկիրը պատրաստ է առանց հայց ու պահանջի յարաբերուելու եւ հաւանաբար նաեւ նրանց ներելու, ինչպէս ներել եւ ընդունում է այդ ոճրագործութեան հիմնական պատասխանատուների թոռներին:
Վիպասանը անդրադառնում է նաեւ մեր ամենացաւոտ, նոյնիսկ ինքներս մեզնից թագցրած մէկ այլ երեւոյթին՝ հաւատափոխներին եւ նաեւ բռնաբարութիւններից ծնուածներին: Դրանք ընդհանրապէս մեր ազգային տեսադաշտից դուրս են մնացել, դրանց հանդէպ ունեցած մեր եկեղեցւոյ մերժողական կեցուածքի պատճառով: Բայց չէ՞ որ դրանք բաւական մեծ թիւ են կազմել եւ այսօր կարող են օգտակար լինել մեր պահանջատիրութեան հարցերի ներքին բռնկման համար:
Վէպի վերնագիրն ինքնին Ցեղասպանութեան մի ամբողջ պատմութիւն ու պատկեր է՝ ինչ որ կենդանի մնաց, փրկվեց ազգից՝ Մնացորդացը:
Թող թուրքը պատասխանի՝ թէ ինչո՞ւ, ո՞ւմ ձեռքով, ինչպէ՞ս մնացորդաց դարձանք. . .
Մեր վերջնական ջարդերից ընդամէնը հինգ-վեց տարի էր անցել, դեռ ջարդերի սարսուռով էր լեցուած օդը, կորուստներն ու վէրքերը թարմ ու խոցող էին, դեռ յիշողութիւն չէր դարձել արհաւիրքը, երբ Օշականը գրում է ուշագրաւ խորագրով ՝ «Կայսերական Յաղթերգութիւն», պատմուածաշարը, որն ընդգրկում է հինգ փոքրիկ պատմուածք եւ ուր առաջին անգամ լինելով այս մեծ ստեղծագործողը խօսում էր մեր Ցեղասպանութեան կազմակերպման մէջ Գերմանիոյ մասնակցութեան մասին: Պատմուածաշարի առաջաբանում նա մեղադրում է Գերմանիային, յատկապէս Վիլհելմ II կայսրին: Կայսրից բացի նա դատապարտում է նաեւ գերման ժողովրդին, նրա ցուցաբերած անտարբեր լռութեան համար:
Նոյն պատմուածաշարի ընդամէնը մի քանի էջանոց «Տանտանը» պատմուածքում Օշականի պատկերաւոր տաղանդի ուժով, մեր առջեւ կենդանանում է եղեռնից անմիջական մի հատուած: Հինգ տարեկան մանուկը մարդկային սպանդի խուճապահար փախուստի հոսանքում կորցնում է մօրը, տեսնում է կապկպուած ձեռքերով հօր բռնի հեռացումը, քոյրերի առեւանգումը, եղբայրների մահը ճամբաներում ձգուած եւ միայնակ արեան ու կոտորածի միջով խելակորոյս քայլում է մահուան քարաւանով: Յետոյ յիշում է, դիակների մէջ սարսափահար իր լացը, երբ մի թուրք ծերունի փրկում է նրան ու բերում Պոլիս: Թուրքի տանը, անգիտակցօրէն թրքացած, իր համար ատելի ու խորթ այդ միջավայրում, միայնակ ու լուռ իր փոքրիկ մանկական սիրելի յիշողութիւններով է ապրում նա: Ամբողջ օրը մտքով իրենց գիւղում է, իրենց տանը, իր եղբայրների ու քոյրերի հետ խաղալիս: Թէեւ փըրկուած է, գլխին մազի փոխարէն մի մեծ սպի ունի ու մի կոտրած տիկնիկ ձեռքին, երջանիկ չէ:
Այս պատկերում, անկարելի է չտեսնել հարիւր հազարաւոր որբ մնացած մեր երեխաների ապրումները, որոնց մի մասին ստիպողաբար թրքացրին, մի մասը որբանոցից որբանոց փոխադրուելու ճանապարհին ոչնչացաւ եւ որոնց մի ստուար մասը իրենց հոգու եւ տեսողութեան խորքում փայփայելով իրենց անցեալը, լուռ մղկտալով ամուր պահեցին սէրն ու կապը իրենց ապրած կարճ, բայց հարազատ անցեալի հետ, ամէնադժուար տառապանքներից անցնելով կարողացան փրկուել: Պատմուածքի հինգ տարեկան մանուկն էլ նոյն ապրումների մէջ է, նա ատելութեամբ է կատարում ծառայի իր պարտականութիւնը թուրքի տան մէջ, այդ տան երեխային հոգ տանելը, իր մէջքին դնելով պտտեցնելը: Ինքն ընդամէնը հինգ տարեկան է, գուցէ՞ եւ ապրած-տեսած արհաւիրքից կորցրել է խօսելու կարողութիւնը, կամ մոռացել է իր լեզուն՝ հայերէնը, չէ՞ որ ամբողջ օրը լուռ է, մտքով անվերջ իրենց տանը, իրենց բակում, իր հարազատների հետ: Իսկ այդ թուրքի երեխան իր ճչացող լացով խանգարում է իրեն սիրելիների յիշատակների վայելքի հետ լինելու, որը միակ մխիթարութիւնն է իր համար: Անգամներ մտածում է նրա կոկորդից պոկել ձայնի լեզուակը, որ լռեցնէ նրան յաւիտեան:
Օշականն այստեղ խորը ստեղծագործողից դառնում է խորը հոգեբան-հետազօտող, հաստատելով այսօրուայ նեարդագէտների այն տեսութիւնը, որ վաղ մանկութեան մէջ հոգեկան զարհուրելի ցնցումներ ապրածների ենթագիտակցութեան մէջ դաջւում են այդ տեսարանները, որոնց «մասունք պատկերներ» են անուանում, «iconic images» եւ որոնք յաճախակի գլուխ են բարձրացնում արթնացնելով իրենց ապրած ցնցումը: Յիշեցնեմ, որ Օշականը առաջինն էր, որ այս հարցին անդրադարձել է եղեռնից անմիջապէս յետոյ, որը աւելի ուշ հոգեբանների հետազօտութեան առանձին լայն ճիւղ պիտի դառնար:
Եւ մանուկն իր մէջքից ատելութեամբ նետում է մարդասպանների այդ լացող շառաւղին եւ տարւում իր մէջ արթնացող եղբօր՝ պըճըլիկ Թումասի յուշով, որը «չորցաւ ճամբուն տաքերէն ու ձգուեցաւ ծառի մը շուքին» «Տանտանը» էջ 37:
Եւ մի օր դարբասի դուռը բաց գտնելով դուրս է գալիս փողոց, ինքնամոռաց քայլելու պահին լսում է հայկական եկեղեցւոյ զանգերի ձայնը, որն իր մէջ արթնացնում է իր կորցրած, իրենից խլուած կեանքը: Այդ ձայնին հետեւելով հասնում է եկեղեցի, կարողանում է միայն ասել, որ հայ է, եւ տանտանի, մանկական լեզուով՝ «զանգակի», (տա՜ն-տա՜ն) ձայնն է իրեն բերել այնտեղ:
Այս փոքրիկ, հոգեբանական խորը պատմուածքով Օշականը փորձում էր այդ զանգակի ձայնով ետ հաւաքագրել հայութեան հաւատափոխ եղած, փրկուած հատուածին:
Որպէս հայ, Օշականը հոգեկան բաւարարուածութիւն էր ապրում, որ նոյն տրորուած, ամէն ինչ կորցրած հայը, անօգնական ու միայնակ, աշխարհից ու մարդկութիւնից մերժուած, անմիջապէս եղեռնից յետոյ կարողացաւ կազմակերպուել իրեն տէր կանգնած կուսակցութեան, Դաշնակցութեան, հովանու տակ, իր հաշուեհարդարը իր ձեռքով տեսաւ եղեռնի գլխաւոր պատասխանատուներից: «Վրէժը» այլաբանօրէն գրուած պատմուածքը այդ մասին է, թէ ինչպէս իւրայինների դիակների միջից յանկարծ մի մանուկ վիրաւոր, ճեղքուած գլխով, միայնակ, հազիւ ոտքի կանգնելով, դեռ ուշքի չեկած, իր ուժը չվերագտած, խեղդում է թուրք մանկանը:
Պէտք է իրապէս կարդալ այս գործերը ճանաչելու համար մեր անցած դժուարին ուղին, ճանաչելու ինքներս մեզ, մեր մէջ արմատացած ստրուկի հոգեբանութիւնը թօթափելու, փոխելու մեր գործընթացը, մինչեւ օրս ներկայացրած՝ որպէս քրիստոնեայ ազգ Ցեղասպանութեան ենթարկուելու անհիմն պատճառը, (իրենց ծրագիրը կոծկելու համար թուրքերի կողմից տարածուած), պէտք է փոխենք քաղաքական, տարածքային պատճառի, ճշմարտութիւնը բացայայտելու, աւելի մեծ ու իրական ներկայացնելու մեր պահանջատիրութիւնը:
Այս ամէնից յետոյ թուրքի հետ զգոյշ վարուելու փոխարէն յիշեցնենք մեր կառավարութեանը եւ նաեւ նրանց գործած ոճրագործութիւնը մերժողներին, որ մենք հայութեան այն սերունդի շարունակութիւնն ենք, ում սերմն անգամ փորձեցին ոչնչացնել, մարդկութեան ստեղծած բոլոր տանջանքներով բնաջնջել, բայց ամենաթոյլ վիճակում էլ մենք կարողացանք մեր դատը մեր ձեռքով լուծել այդ ոճրի պատասխանատուներից եւ թող վստահ լինեն, որ մեր սերունդի վրայ դրուած պարտականութիւնը՝ պահանջատիրութեան անառարկելի խնդիրը, մենք ենք լուծելու:

ՎԵՐՋ

Տոքթ. Մարի Ռոզ Աբուսեֆեան
Սան Ֆրանսիսկօ,