Եղեռնի Ապրիլեան ձերբակալութիւնների օրերին հայ մտաւորականների շարքում ինքն էլ հետապնդուելով թուրք ոստիկանութեան կողմից, ութ անգամ ձերբակալուել եւ աներեւակայելի յանդգնութեամբ ազատել էր մահապարտի իր գլուխը թուրքի եաթաղանից:
Ստիպուած իր Քիւֆէճեան մականունը փոխարինել էր Օշականով, նոր հետապնդումներից փրկուելու համար: Չորս տարի շարունակ ապրել էր մահ-ւան սարսափով եւ մինչեւ կեանքի վերջը տառապել այդ դժոխային յիշողութեամբ: «Աղէտէն վերջ, տակաւին քառորդ դար պուտ մը չեն աղոտած» գրել է նա իր մէջ բոյն դրած այդ ապրումի մասին, եւ որոշել հայութեան ապրած վերջին արհաւիրքը՝ սպանդն ու տեղահանութիւն-աքսորը դարձնել իր վէպերի գլուխ գործոց «Մնացորդաց»ի վերջաբանը Դժոխք վերնագրով: Սակայն, ամենաբարդ երեւոյթներն անգամ այնքան բնականօրէն բառերի վերածող այս հսկան, չէր կարողանում իրապէս գտնել այդ գիրին ուժը, այն բառապաշարը, որն ամբողջ տարողութեամբ վերարտադրէր մարդկային մտքի տարողութիւնից մեծ իր ժողովրդին վիճակուածը: Ճակատագիրը թոյլ չտուեց Օշականին իրագործելու իր ծրագիրը, նա մահացաւ աւելի վաղ քան կը գրէր իր մտածած վէպը, սակայն մինչ այդ, նա արդէն հասցրել էր իր գլխաւոր վէպերում եւ ուշ շրջանի պատմուածքներում արտացոլել հայութեան դէմ գործուած ցեղասպանութեան զարհուրելի պատկերը իր ակունքից սկսած եւ նաեւ թուրքերի գործած աւերը մեր հոգեբանութեան, մեր մտածողութեան, մեր էութեան մէջ:
Յիշեցնեմ, որ Միջազգային Իրաւական Օրէնքով Ցեղասպանութիւն է համարւում 1. Մի ժողովրդի, մարդկային մի խըմբի, ծրագրուած սպանութիւնը: 2. Մարմնական եւ հոգեկան վնաս հասցնելը: 3. Դիտաւորեալ ծրագրումով նրանց իսպառ ոչնչացումը: 4. Նրանց տարածքների ու ունեցուածքի բռնագրաւումը: 5.Բռնի ուժով դաւանափոխութիւնը . . .
Եղեռնի վերջնակէտից, այսինքն 1915թ դեռ շատ առաջ, սկսած Համիտեան շրջանից, Թուրքիան արդէն իրագործում էր վերը նշած այդ ամէնը, հայերի աստիճանական ոչնչացումը նրանց տարածքներին մէկընդմիշտ, տիրանալու համար:
Պատահական չէ, որ Օշականը ձեռնամուխ եղաւ թուրքին հայ գրականութեան մէջ ներկայացնելուն՝ «Հաճի Մուրատ», «Հաճի Ապտուլլահ», «Սուլէյման էֆէնտի» վէպերով: Դրանով հայի ուշադրութիւնը նա կեդրոնացրեց իր երկրին, իր հոգուն, իր մտածողութեանը տիրացած ու իրեն բնաջնջած ցեղի, թուրք հասկացողութեան վրայ, պարզաբանելով, թէ ինչո՞ւ գործադրուեց եղեռնը, ի՞նչն էր մեզ բնաջնջելու թուրքերի նպատակը եւ ինչպէ՞ս իրագործուեց այն:
«Հաճի Մուրատ» վէպում պատկերուած Նիկիոյ լճի հայութեան կեղեքումը թուրքական լծի տակ, (ծրագրուածօրէն թուրքերը անուններ չեն տուել գիւղերին) ոչ այլ ինչ է, եթէ ոչ եղեռնի ծրագրի սկիզբ: Վէպի հերոսը՝ Հաճի Մուրատը, բնազդօրէն զգում է իր ազգին սպառնացող մեծ վը-տանգը, «որ զարնելու էր արմատը իր ցեղին», եւ դրա համար նա ազատ է արձակում իր խմբի հայ ասպատակներին, որովհետեւ՝ «Ամէն տղայ պէտք է իր տունին: Սեւ օրերը ճամբայ էին ինկած»: («Հ.Մ.» էջ 37) Սեւ օրերը եղեռնի ազդարարումն էր անշուշտ:
Ի տարբերութիւն հասարակ ժողովրդի, լինելով ժամանակի առաջադէմ մտածող, Oշականը հասկանում էր մեծ տէրութիւնների դիւանագիտական խաղերը: Իրենց հետագայ ծրագրերի համար Հայերի տարածքը՝ Մեծ Հայքը, քարտեզների վրայ եւ ամենուր, անհեթեթօրէն դարձրել էին Անատոլիա, (որն յունարէն նշ. Էր արեւելք, այսինքն՝ արեւելեան արեւելք), Հայաստան տեղանքն ու բառը գոյութիւն չունէր: Նա քննադատում, մեղադրում է այդ պետութիւններին, մասնաւորապէս Եւրոպային, որոնք իրենց մասնակցութիւնն ունեցան հայութեան կոտորածում եւ անտարբեր սառնութեամբ հետեւեցին կատարուող գազանութիւններին: «Մեր աղէտին ամէնէն գարշ տրտմութիւնը բռնադատուեցաւ մեզի քրիս- տոսանուէր այդ մարդերէն»-գրում է նա: Հ. Մ. Էջ 406
Նայեցէք ձեր շուրջ, միթէ՞ այսօր աշխարհում տեղի ունեցող երկրների ու ժողովուրդների քայքայումները նոյն քրիստոսանուէր մարդոց ձեռքով չի կատարւում:
Թուրքի հոգեբանութիւնն ու ցեղային ոճրագործ-բնածին յատկանիշները բացայայտող մի լայն համապատկեր է «Սուլէյման Էֆէնտի»վէպը: Թուրքին աշխարհին բացայայտելու ամենակատարեալ միջոցը այս վէպին ծանօթացնելն է: Վէպում ամբողջովին ներկայացւում է այն սերունդի նախապատկերը, որոնք կազմակերպելու, գլխաւորելու, իրագործելու էին մեր ջարդերը, որոնք Երիտթուրք անունն էին կրելու:
Էտհէմի նկուղներն ու գաղտնարան-տանջարանները, երիտասարդ կանանց ու աղջիկների լլկումները, բռնաբարումներն ու սպանութիւնները կրկնօրինակն ու յիշեցումն են եղեռնում հայ կանանց ու աղջիկների վրայ գործադրուող գազանութիւնների: «Բոլորովին յամառները կապուեցան մարմար սիւներու, մերկացուեցան իրենց զգեստներէն, մսագործի դանակներով քրիկ-քրիկ ձգուեցան կիսավայրի մարդոց կիրքերուն»: («Սուլէյման էֆէնտի»՛ էջ 113) Այս տեսարանը մեր աչքերի առաջ անմիջապէս կենդանացնում է նոյնատիպ գործուած հազարաւոր ոճիրներ, տարագրութեան ճանապարհին կատարուած: Յիշեցնեմ թէկուզ դրանցից մէկը՝ երբ Սվազից տեղահանուած 200 դեռատի հայ աղջիկների , մեծ մասամբ դպրոցական, Արաբկիրում Ղասափխանէ (սպանդանոց) կոչուող շէնքում, ուր նոյն Սվազից տեղահանուած նրանց հայրերի ու եղբայրների մորթուած դիակներն էին, 2,000 տղամարդ, այն նոյն սենեակում նրանց դիակների մօտ զին- ւորները բռնաբարում են բոլոր աղջիկներին այնքան, որ մեռնում են նոյն տեղում իրենց հայրերի ու եղբայրների կողքին:
(Շարունակելի)
Տոքթ. Մարի Ռոզ Աբուսեֆեան