Print
Category: Յօդուածագրութիւն

Աղօթքները մեր բոլոր, շարականները բոլոր,
Որ գրել ենք դարերի երկար ընթացքում
Ու մանաւանդ խաւարում միջնադարերի,
Իսկ օսմանական թուրքութեան
Անմարդկային գազանութեան
Գիշատչային բռնաբարութեան գեհենում,
Խճողակով ձեր արեան լերդնած պալարի,
Խճողակով փշրափշուր ձեր ոսկորների,
Որ Դեր Զորի աւազը չկարեց մարսել,
Որ ործկաց ու զգայռեց ամբողջ տարածքով…

Աղօթքները մեր բոլոր,
Շարականները բոլոր,
Պատարագում եմ ես ձեզ,
Զոհում եմ առ ձեզ,
Զզուանքով, որ մինչեւ այժմ
Չզօրեցինք որակել,
Արժեւորել ըստ արդեամբ մեր նկունութեան,
Նկունութեամբ հայրենի պետականութեան,
Նկունութեամբ մեր խղճուկ մնացորդացի,
Որ եկել է ժառանգելու հրիտակը ձեր
Արաբական անջրդի անապատների,
Աւազների մէջ փղձկուած ձեր զոհուածութեան…

Նահատակներ մեր բոսոր արիւնահեղուած,
Բռնաբարուած որպէս մայր,
Պղծուած որպես քոյր,
Աղճատուած որպէս եղբայր ու պարմանի,
Գանգաջախջախ սպանուած որպէս երեխայ,
Մանուկ և սուրբ նորածին,
Որ որպէս գոյ, մարդեղէն,
Դեռ մեղք չի գործել,
Հաստատելու մարդկային իր իրաւունքը…

Եւ որպէս այր, մարդ ու հայր,
Թէեւ տէր, բայց կրտած լաճ,
Բազմապատիկ կտտանքով
Խոխողուած, մաշկազերծուած…
Ստորութեան անդունդը նետուած գարշահոտ…

Նահատակներ սրբազան,
Նահատակներ մեր բազում,
Նզովանքով մի խենէշ
Անձնասպան եմ ես լինում
Ձեր փոշու վրայ,
Որ այսքան աւուր
Չկարողացանք թաղել ձեր փոշին
Հայրենիքում կամ մեր սրտում,
Ու պատմութեան փոթորիկը չի զօրում աւլել
Բոզ աշխարհի պառաւուկ, դժնի երեսից…
Դժնի երեսից…

Նահատակներ բիւրբազում
Անձնասպան եմ ես լինում
Անզօրութեան նողկանքով դիակիս վրայ…

Ու ինչպէս ծէսն է հնոց,
Ահա կելնեն սեւագլուխ կղերները մեր,
Ու փոխարէն ի վերին Երեւանը մեր՝
Կկոնգոռնեն ի վերին… ողբ… Երուսաղէմ…
Ջհուդական ուրացող նզովանքով հեղգ…

Ողբ է… ողբ է հարիւրամեայ…
Ժողովներ են մշակում
Նոյն շարականները երգելու,
Կատարելու պատարագ հանդիսաւոր,
Հոգեհանգիստ, պաշտամունք
Խնկահոտախառն,
Որ ժահում է թուլութեան մեղկ շնչառութեամբ։

Ո՜հ… ողբերս ու՞ր լացեմ իմ անզօրութեան,
Անպետական սփիւռքով բազմաձայնութեան…

Իսկ հայրենիքը… մի բուռ… բազմաբուռ ճեղքուած,
Որ պետական բռունցքով ազգ է փշրտում,
Ու բռունցքի ճեղքերից թափում է թափում…
Այլասերւող արտագաղթ… ապազգայնացում,
Հայրենական տարածքի բիրտ ազգաթափում։

Իսկ ցեղասպանութեան նահատակներիս յիշատակները
Արիւնահեղձ ու փոշիացած
Մնում են թուրքութեան թալանած դրամագլուխը
Արաբական քարիւղահոս անապատներում,
Եւրոպայից ու Ամերիկայից շահելով
Քաղաքական ու ռազմավարական շահ ու տոկոսներ։

Իսկ ցեղասպանութեան նահատակներիս յիշատակները,
Տարածքներ, կոթողներ, վանքեր, խաչքարեր
Դեռ մնում են սփռուած

Թուրքասեփականացուած պետականութեամբ
Ամերիկեան ու եւրոպական ռազմական դաշնակցութեամբ,
Ռուսական էլ զէնքերով ժանիքաւորուած։

Իսկ ազգափախ հայրենիքի պետերը շնչահեղձ
Անճարութեամբ մօտենում են
Եւրոմիութեան, կամ
Եւրասիական Միութեան կախաղանին։

Բայց հնչում է Նրա ձայնը,
Որ իմ բառաչն է անյուսահեղց,
Որ ոչոք չմօտենայ կախաղանին
Ինձնից բացի…

Զանգն է զուր… բառաչս է զուր…
Ցեղասպանութեան Նահատակներս են բառաչում,
Որ ես եմ բառաչում,
Ինքնասպանութեան վերջնական մոլութեամբ,
Ոչոք չմոտենայ կախաղանին
Ինձնից բացի…

Դաւադրութիւնը շարունակւում է
Իմ ինքնասպանութեան հարիւրամեակին,
Որ Նահատակներիս Ցեղասպանութեան
Հարիւրամեայ տարելիցն է…

Եւ իմ արեան լերդի
Ու ոսկորներիս փշրանքի վրայ
Սփռուած արդէն
Չորս ծագերում աշխարհի
Թուրքութիւնը զաւթած իմ հայրենիքն է իւրացրել,
Որպէս ռազմավարական դաշնակից
Ամերիկայի ու Եւրոպայի,
Ժանիքաւորուած նաեւ ռուսական զէնքերով։

Անզօրութեան իմ ողբերը ու՞ր լացեմ… ո՜հ…
Ողբով ու աղօթքով ու սուգով կոծուած ու յուշարձանացուած,
Այլեւ քաղաքակիրթ բոլոր մանրամասնութիւններով
Նահատակներիս Ցեղասպանութեան հարիւրամեակ,
Իմ ինքնասպանութեան հարիւրերորդ
Տարելից եմ նշանաւորում։

Այս ողբը… այս ողբը…
Իմը չէ, ոչ։
Իմը չէ։
Ես քայլում եմ ամերիկեան սուրբ հողի վրայ,
Ապահովութեանս հաւաստիքով ու երաշխիքով.
Մինչդեռ նահատակներս մնում են անապատներում,
Որպէս չոչնչացող փոշի, ցանուք ու մղեղ,
Որպէս փոշի,
Որ իմ մնացորդն է,
Որ ուզում է մարմնաւորուել որպէս
Իրաւունք,
Կեանք,
Հայրենիք…
Որ մնում է չճանաչուած, թուրքաթալան,
Անի ու Մշոյ Սուրբ Կարապետ,
Վան ու Մհերի Դուռ…
Նեմրութի դիցարան…
Իսկ ծայրամասի որպէս մնացուկ ու յոյս,
Մի փոքրիկ Հայաստան,
Որ պահանջ էլ չունի
Իմ աճիւններին տէր կանգնելու…
Ահա իմ անտէրութեան հարիւրամեայ տարելիցը…

ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ