Դու գալիս ես պատերազմի աւերութեամբ բօթաբեր,
Եւ արիւն ես փղձկում, փոխան ծլեցնես կակաչներ
Կարմրաթերթիկ ու սեւասիրտ, խորհուրդը մի սերնդի,
Որ կեանքին լա՛ւ է ցանկանում, սրտում ցաւը կորստի։
Կակաչները, որ պիտ ծաղկեն՝ այժմ ընկնում են ճակատում,
Երբ ականն է մահուան ժայթքով նրանց կրծքին խենթ պայթում.
Մարդը բախւում է պողպատին, ու բեկում է պողպատը,
Մինչդեռ դու հին մի տաղտուկով ծլեցնում ես նոյն վարդը...
Նոյն վա՜րդը... ո՛չ, նո՛ր վարդ է դա, մեր արիւնով կարմրած,
Որ ժահում է մարդկայնութեան տառապանքով ահագնած.
Թփուտները ատելութեան կանաչով են մգլոտել,
Եւ հարազատ հողի վրայ տունկը բեկուած կթոտել։
Արիւնահեղ շռինդը խեւ մեր սրտերն է խօլ բախում
Խարխուլ կեանքի փլուզումի, ոչնչացման բաւիղում.
Հրանօթներ, ռեխերը ցից, ոռնում են ողբ ու մահերգ,
Ծաւալւում է մարտը դաժան ու ործկում է արեան լերդ...
Խելառութեան կիրքը դժխեմ մրրկում է սեւախանդ,
Մուր է ծորում արեգակից նզովանքով մոլեռանդ...
Մինչ... գալիս ես դու պչրանքով, քո վաղեմի թարմութեամբ,
Ո՞նց ընդունեմ քեզ հրճուանքով... մոլոր եմ ու խելաթափ...
ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ