Քրդական աշխատաւորական կուսակցութեան (PKK) քաղաքական թեւի (KCK) համանախագահ Բեսէ Յոզաթի՝ հայերին եւ յատկապէս հայկական Սփիւռքին ուղղուած անհիմն մեղադրանքներից յետոյ, քուրդ որոշ գործիչներ, փորձելով մեղմել նրա յայտարարութիւնները, արդիւնքում աւելի խճճեցին հարցը:
Նման խառը ժամանակահատուածում շէֆը՝ Ափօն, այսինքն՝ PKK-ի առաջնորդը, Իմրալըի կալանաւոր Աբդուլլահ Օչալանը, բանտից ուղերձ յղեց, որ յատուկ նամակ է ուղարկելու հայերին, ու մենք՝ հայերս, պատմութեան ընթացքում չգիտեմ արդէն քանիերորդ անգամ սխալուեցինք՝ կարծելով, որ նախկինում էլ Սփիւռքի մասին հակասական յայտարարութիւններով յայտնի գործիչը պարզաբանումներ է բերելու, շտկելու եւ սրբագրելու է գործընկերոջ սխալները:
Օչալանի նամակը հրապարակուեց Յունուարի 30ին: Այն ոչ թէ ներողութեան փորձ էր, այլ՝ Ցեղասպանութեան 100րդ տարելիցի նախօրէին հայերին ուղղուած հանդարտութեան կոչ եւ նախազգուշացում:
Ափօն աշխարհում եւ Թուրքիայում վաղուց մոդայից դուրս եկած ձախակողմեան քաղաքական «ժարգոնով» զարդարած նամակում յաճախ օգտագործելով «կապիտալիստ, փողային ուժեր, ժողովուրդներ, լոբիներ, արտաքին ուժեր, ազգայնական եւ ռասիստական թակարդներ» բառերը՝ Թուրքիայի պատմական սխալների մեղքը նետում է անհասկանալի արեւմտեան ուժերի վրայ:
Նա 1915ին տեղի ունեցածը բնութագրում է որպէս նոյն տարածաշրջանում տեղի ունեցած բազմաթիւ ցեղասպանութիւններից մէկը: Թուրքիային եւ աշխարհին կոչ է անում առերեսուել իրականութեան հետ: Սա նամակի այն մասն է, որ ունելիով դուրս է քաշուել, կտրուել ընդհանուր բովանդակութիւնից եւ խանդավառ մեկնաբանութիւններով տեղ գտել հայաստանեան եւ Սփիւռքի մամուլում:
Օչալանը, ընդունելով Հայոց Ցեղասպանութեան փաստը, ուշադրութիւն է հրաւիրում, որ այն միակը չի եղել «Անատոլիայում» (Օչալանը եւ քրդերն առհասարակ խուսափում են Արեւմտեան Հայաստան բառն օգտագործել), որտեղ հարիւրամեակների ընթացքում տարբեր դաւանանքներ եւ լեզուներ են կորսուել: Դրանից անմիջապէս յետոյ նա խորհուրդ է տալիս հայերին «չխաբուել արտասահմանեան կապիտալի աղբիւրների սոսկալի խաղերին», այսինքն՝ Սփիւռքին, որը պայքար է մղում Ցեղասպանութեան ճանաչման համար:
Թուրքական բանտի «կալանաւորը» չգիտես ինչու խուսափում է արտայայտուել 1915ի պատճառահետեւանքային կապերի մասին, նոյնիսկ բառ չի ասում Ցեղասպանութիւնում քրդերի ներգրաւուածութեան, Համիդիէ ջոկատների, հայերի «լքեալ» գոյքին քրդերի տիրանալու, առեւանգուած, դաջուած եւ բռնի քրդուհի դարձուած հայ երեխաների մասին:
Ափօն չի բաւարարւում հայերի Ցեղասպանութեան ճանաչման գործընթացն անուանել «սոսկալի կապիտալիստական խաղ» եւ կոչ է անում հեռու մնալ լոբիստական գործողութիւններից: Քաջ գիտակցելով, որ Ցեղասպանութեան ճանաչման գործում հիմնական դերակատարումը լոբիստական շարժումն է եւ յոյս տալով, որ Թուրքիան միեւնոյն է՝ մի օր ճանաչելու է ոճիրը՝ «դուք հանգիստ մնացէ՛ք» բանաձեւով փափուկ բարձ է դնում հայերի գլխի տակ:
Բացի Ցեղասպանութեան ճանաչման գործը «կապիտալիստական խաղ» անուանելուց՝ Ափօն փոխ հատուցման գործընթացն էլ յանգեցնում է ««Անատոլիան» մեր բոլորի օրրանն է, բոլորս էլ կը տեղաւորուենք» ձեւակերպմանը:
Անցեալի հետ առերեսուելու անխուսափելիութիւնը, որ նա առաջարկում է Թուրքիային, ցաւօք, ինքն էլ չի կարողանում յաղթահարել հաշուի չառնելով ո՛չ «լոբիստ կապիտալիստներ» անուանած Սփիւռքին, ո՛չ էլ Հայաստանի հայութեանը: Կարճ ասած՝ նրա նամակն ուղղուած է Թուրքիայում դեռ գոյութիւն պահպանելու փորձեր անող 50 հազար հայերին, յատկապէս «Ակօս»ի ընթերցողներին:
Որոշ շրջանակներ ինչքան էլ փորձեն նրան ներկայացնել Թուրքիայի սահմաններից դուրս քաղաքական ուժ ու կարողութիւն ունեցող առաջնորդ՝ իրականութիւնը մի քիչ այլ է: Ափօն Հայոց Ցեղասպանութիւնը թուրքական պետութեան հետ ոչ թէ սակարկութեան առարկայ է դարձնում, այլ լինելով պետութեան գերին՝ փաստօրէն առաջադրանք է կատարում: Թուրքիայի կողմից արդէն տասը տարի առաջ քաշուած «աղքատ Հայաստան ? բոբօ Սփիւռք ? խեղճ թրքահայութիւն» բանաձեւն այսօր շատ ցայտուն արտայայտւում է Ափոյի նամակում:
Ուշագրաւ է նամակն ուղղելու առիթը եւ ժամանակը: Ճիշդ է՝ ուշացաւ նամակը, սակայն այն գրի է առնուել Հրանդ Դինքի մահուան տարելիցի կապակցութեամբ եւ այնտեղ յատուկ ընդգծւում է թուրքերի կողմից շատ յաճախ բարձրաձայնուած Հրանդ-Սփիւռք շինծու հակադրութիւնը: Նամակի մէջ յաճախ է ընդգծւում նաեւ Հրանդի նուիրուածութիւնն «ազգերի եղբայրութեանը» եւ դրանով կարծես թէ կրկին շեշտւում է Ցեղասպանութեան հարցում Հրանդի ու Սփիւռքի կարծիքների տարբերութիւնը: Իրականում, Հրանդի գործունէութեան հիմնական նպատակը Ցեղասպանութեան ընդունումը եւ Արեւմտեան Հայաստանի հայկական տարածք լինելն ապացուցելն է, որն Ափօն մոռանում է:
Ափօն օգտագործելով Հրանդի յիշատակը, փորձում է թուրքական հայատեաց քաղաքականութեան իրագործողներից մէկը դառնալ: Ցեղասպանութեան հետեւանքով էթնիկապէս ոչնչացուած ազգից մնացած մշակութային եւ հոգեւոր արժէքներն էլ վայրագօրէն աւերելով՝ հայի անունն ու պատմութիւնը մաքրուեց Արեւմտեան Հայաստանից, հայկական տարածքներն աստիճանաբար վերածուեցին «Քրդստանի»…
Որպէս վերջաբան՝ Ափոյի նամակի մէջ ոչ մի դրական բան չկայ, իսկ Ցեղասպանութիւն բառն օգտագործելը փափուկ բարձ է, որից չպէտք է թուլանալ, այլ հակառակը…
Ալին Օզինեան
CIVILNET