Print
Category: Յօդուածագրութիւն

Ատրպէյճանը հնարաւորութիւն չունի կործանելու հայկական օդանաւերը

Մօտ քսանամեայ դադարից յետոյ  Արցախի օդակայանը առաջիկայում կարող է ընդունել ամենաժամանակակից ինքնաթիռներ՝ «Պոյինկ»ներ, «Էրպաս»ներ եւ բեռնատար «Իլ»եր: Սպասւում է, որ մինչեւ տարեվերջ օդակայանի բոլոր աշխատանքները կ՛աւարտուեն, եւ կը սկսուեն Երեւան-Ստեփանակերտ-Երեւան թռիչքները:

Արցախի իշխանութիւնների մտադրութիւնը ոչ միայն երկու հայկական պետութիւնների մայրաքաղաքները օդով միմեանց կապելն է, այլ Ստեփանակերտից այլ ուղղութիւններով եւս չուերթներ իրականացնելը:
ԼՂՀ քաղաքացիական օդանաւորդութեան  վարչութեան պետ Տմիթրի Ադբաշեանն ասում է,  որ Ատրպէյճանի սպառնալիքները, թէ կը կործանեն հայկական քաղաքացիական օդանաւերը,  անպատասխանատու, սակայն միւս կողմից՝ անլուրջ յայտարարութիւններ են, որոնց նպատակը բացառապէս հայերի մօտ վախ առաջացնելն է:
«Երեւանից Ստեփանակերտ եւ հակառակ ուղղութեամբ թռչող օդանաւերը անգամ չեն մօտենում Ատրպէյճանի օդային տարածքին: Երեւանից օդանաւը ուղղութիւն է վերցնելու դէպի Սիւնիք եւ Սիսիանից ուղղակի թեքուելու է դէպի Ստեփանակերտի օդակայան: Թռիչքները կը տեւեն 25-ից 40 րոպէ՝ կապուած օդանաւի տեսակից», ասաց Ադբաշեանը, որի հետ զրուցեցինք Ստեփանակերտի փոքրիկ, բայց նորակառոյց, ժամանակակից, յարմարաւէտ օդակայանում:
Օդակայանը, ինչպէս աւելի վաղ էր յայտարարուել, պէտք էր բացուէր այս տարուայ Մայիսին, սակայն թեքնիք պատճառներով յետաձգուեց: Այս ընթացքում Ատրպէյճանի բարձրագոյն ղեկավարութիւնը յայտարարեց, որ թոյլ չի տայ Ստեփանակերտի օդակայանի շահագործումը եւ կը կործանի հայկական քաղաքացիական ինքնաթիռները: Հայկական եւ ատրպէյճանական լրատուամիջոցներում եղան հրապարակումներ, թէ իբր Պաքուի սպառնալիքներից յետոյ Ստեփանակերտի եւ  Երեւանի իշխանութիւնները մտահոգուած են թռիչքներ իրականացնելով, իսկ միջազգային հանրութիւնը խորհուրդ չի տալիս օդային կապ հաստատել Հայաստանի եւ Արցախի միջեւ:
Իրականում, սակայն, օդակայանի բացման ուշացումը զուտ թեքնիք պատճառներով է: Օդակայանի աշխատակիցների հետ մենք մի քանի ժամ շրջեցինք օդակայանի տարածքում,  եղանք վազքուղում: Ադբաշեանը բացատրում է, որ վազքուղին նեղ էր կառուցուած եւ այսօր այն լայնացւում է եւս ութ մեթրով: Բայց օդակայանի բացումը յետաձգելու հիմնական պատճառը ոչ թէ վազքուղու լայնութիւնն էր, այլ՝ վազքուղու երկու վերջաւորութիւններից ոչ հեռու գտնուող բլուրները, որոնք որոշ չափով խանգարելու էին մեծ օդանաւերով թռիչքներ իրականացնելու:
«Երբ սկսուել են վազքուղու վերականգնման աշխատանքները, մասնագիտական սխալ էր թոյլ տրուել: Պէտք էր վազքուղու ուղղութիւնը մօտ տասը աստիճանով փոխել, որպէսզի որեւէ սար կամ բլուր չխանգարի: Բայց քանի որ բոլոր աշխատանքները արդէն աւարտել էին, մենք որոշեցինք այլ լուծում գտնել: Որպէսզի առանց որեւէ դժուարութեան վայրէջք կատարեն ամենաժամանակակից օդանաւերը, մենք լայնացնում ենք վազքուղին, ինչպէս նաեւ՝  հարթեցնում բլուրներից մէկը: Բլուրներից մէկը պէտք է հարթեցնել մի քանի տասնեակ մեթրով: Ահա սա է օդակայանը փոքր-ինչ ուշացումով բացելու պատճառը, այլ ոչ թէ‘ Պաքուի անպատասխանատու եւ անլուրջ սպառնալիքները», ասում է Ադբաշեանը:
Վերջին անգամ Ստեփանակերտի օդակայանից, որը Իվանեան գիւղի  մօտ է (նախկինում Խոջալու), քաղաքացիական չուերթ իրականացուել է քսան տարի առաջ՝ 1991-1992 թուականներին: Ճիշդ է, երբ 1992 թուականին արցախեան ուժերը հակառակորդից մաքրեցին այս տարածքը եւ վերահսկողութեան տակ առան նաեւ օդակայանը, ժամանակ առ ժամանակ իրականացուել են չարթերային թռիչքներ ռազմական ուղղաթիռներով եւ փոքր ինքնաթիռներով:
Ադբաշեանը ասում է, որ չկայ որեւէ միջազգային օրէնք կամ հռչակագիր, որը արգելում է քաղաքացիական թռիչքներ իրականացնել,  անկախ նրանից՝ երկիրը միջազգայնօրէն ճանաչուա՞ծ է, թէ՞ ոչ: Նրա խօսքերով‘ մարդու տեղաշարժման իրաւունքը կեանքի իրաւունքից յետոյ ամենակարեւորներից է: «Ատըրպէյճանը անպատասխանատու յայտարարութիւններ է անում, թէ կը կործանի Ստեփանակերտից թռչող օդանաւերը: Այսօր ատրպէյճանական մէկ եւ  թրքական երկու օդանաւային ընկերութիւններ չուերթեր են իրականացնում դէպի չճանաչուած Կիպրոս: Մենք պէտք է չարթերային թռիչքներ իրականացնենք այլ երկրներ ու քաղաքներ», ասում է Ադբաշեանը:
Ստեփանակերտի օդակայանի աշխատակիցները վստահեցրին, որ Ատրպէյճանը հնարաւորութիւն չունի կործանելու հայկական օդանաւերը: Բացի այդ, նրանք նշեցին, որ քաղաքացիական օդանաւ կործանելը համարւում է ամենազազրելի ոճրագործութիւններից մէկը: Աւելի՛ն. Ատրպէյճանը չի դիմի նման յանցագործութեան, քանի որ Հայաստանի օդային տարածքով են իրականացւում Պաքու-Նախիջեւան, Պաքու-Կարս, Պաքու-Պոլիս թռիչքները:


ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Ստեփանակերտ