Print
Category: Յօդուածագրութիւն

Մօտ մէկ ամիս առաջ, Քաղաքացիական կացութեան ակտերի գրանցման (ՔԿԱԳ) Վաղարշապատի բաժնում «օրէնքով» ամուսնացել են մեծահասակ ամուսիններ՝ տղամարդը 70 տարեկան, կինը՝ 65:

Նրանք ՔԿԱԳ եկել են իրենց թոռնիկների հետ, հէնց վերջիններս էլ եղել են իրենց տատիկ-պապիկի ամուսնութեան վկաները: «Երբ գրանցուեց ամուսնութիւնը, երկուսն էլ շատ յուզուեցին, իրար համբուրեցին, գրկախառնուեցին ու սկսեցին հեկեկալ: Այդ զոյգը մի քանի տասնամեակ համատեղ կեանք է վարել, փաստացի ամուսնացած են եղել, սակայն ամուսնութիւնը գրանցել են ծերութեան հասակում», ասաց ՔԿԱԳ Վաղարշապատի բաժնի պետ Արմինէ Խուդոյեանը:
Նա տեղեկացրեց, որ այս տարուայ Դեկտեմբերի 16ի դրութեամբ ՔԿԱԳ Վաղարշապատի բաժնում գրանցուել է 774 ամուսնութիւն, իսկ նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածում՝ 765 ամուսնութիւն: Փոխարէնը նուազել է ծնունդների թիւը. այս տարի 1690 ծնունդ՝ նախորդ տարուայ 1730ի դիմաց:
Արմինէ Խուդոյեանն ասաց, որ այժմ ամուսնացողները չեն բաւարարւում միայն եկեղեցական ամուսնութեամբ եւ իրենց միութիւնը գրանցում են ՔԿԱԳ մարմնում, ինչը սկսել են կարեւորել: Ըստ բաժնի պետի՝ ամուսնացողների միջին տարիքը 22-24 տարեկան է:
Ինչ վերաբերում է ամուսնալուծութիւններին, ապա նախորդ տարուայ համեմատ դրանց թիւը աւելացել է: Եթէ 2012թ. Դեկտեմբերի 16ի դրութեամբ ամուսնալուծուել էին 90 զոյգեր, ապա այս տարուայ նոյն ժամանակահատուածում՝ 130:
«Շատ դէպքերում չեմ ընդունում ամուսնալուծութիւնների դիմումները, որովհետեւ պահից ելնելով որոշումներ են կայացնում, ասենք՝ տանը վէճ, անախորժ դէպք է եղել եւ այդ պահի ազդեցութեան տակ չի կարելի քայքայել տարիներով ստեղծած ընտանիքը: Քայքայելը շատ հեշտ է, փայփայելն է դժուար: Նոյն ընտանիքում ծնուած երեխաներն են տարբեր լինում, ուր մնաց երկու տարբեր անհատներ, որ կազմել են ընտանիք տարբեր չլինեն», ասում է Ա. Խուդոյեանը:
Նա պատմեց, որ ամիսներ առաջ ամուսնալուծուելու նպատակով իր մօտ են եկել երիտասարդ ամուսիններ, նրանց հետ է եղել նաեւ 3-4 տարեկան երեխան: «Երբ նրանց ասացի, որ հէնց հիմա նայէք ձեր բալիկի աչքերին, ինչո՞վ է նա մեղաւոր, կամ՝ ինչքանո՞վ դուք ձեզ լաւ կը զգաք, որ դրսում տեսնէք ինչ որ տղամարդ իր երեխայի ձեռքը բռնած զբօսնում է, նուէրներ է գնում նրա համար, դուք այդ պահին չէ՞ք տանջուի, չէ՞ք մտածի, որ ձեր բալիկն էլ դրա կարիքն ունի ու դուք նրա կողքին չէք… Նրանց առաջարկեցի դրսում զբօսնել, սրճարանում հանգիստ զրուցել, իրար հասկանալ, որովհետեւ կեանքը շատ բարդ է, դժուար, արգելքները բաւականին շատ են, իսկ այդ արգելքները պէտք չէ շատացնել: Նրանք գնացին ու այլեւս չվերադարձան: Ես դրանից ինձ լաւ զգացի», աւելացրեց Արմինէ Խուդոյեանը:
Ա. Խուդոյեանը նշեց, որ ամուսնալուծուողները միջին տարիքի են, եւ իր կարծիքով՝ ամուսնալուծութեան հիմնական պատճառը սոցիալական խնդիրներն են, որոնք բերում են վէճերի եւ դրանք էլ, ի վերջոյ, յանգեցնում են ընտանիքի քայքայման:
Ամուսնալուծութիւնների պատճառ կարող են հանդիսանալ նաեւ տղամարդկանց  «խոպան» գնալը, որոնք այնտեղ նոր ընտանիք են կազմում եւ հետ չեն վերադառնում:
Նա տեղեկացրեց, որ այս տարի պակասել է մահուան գրանցումների թիւը: Եթէ նախորդ տարի ՔԿԱԳ Վաղարշապատի բաժնում գրանցուել էր 1904 մահ, ապա այս տարի՝ 1027:
ՔԿԱԳ բաժնի պետը նշեց, որ  մի քանի տարի առաջ մարդկանց կեանքի տեւողութիւնը հասնում էր 80 եւ աւել տարիքի, այժմ տարիքը կրճատուել է՝ հասնելով 70-72 տարեկանի:
«Միջին տարիքի մահերը բաւականին շատացել են, յատկապէս քաղցքեղից, սրտի անբաւարար աշխատանքից, ինսուլտից եւ այլն: Տղամարդիկ աւելի շատ մահանում են ինֆարկտից (սիրտի տագնապէ-Խմբ.), կանայք՝ քաղցքեղից», աւելացրեց Ա. Խուդոյեանը:


ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆԵԱՆ
«ՀԵՏՔ»