Print
Category: Յօդուածագրութիւն

Եկել է անկեղծանալու պահը: Անկախութեան տօնին նախընթաց մի քանի շաբաթների ընթացքում անընդհատ մտածում էի՝ ի վերջոյ, Հայաստանը ե՞ս եմ, թէ՞՝ ես չեմ ու աւելի շատ հակուած էի երկրորդ տարբերակին,

քանի որ այն Հայաստանը, որտեղ հիմա ապրում եմ, այն Հայաստանը չէ, որտեղ կ?ուզենայի մեծանար իմ որդին: Անընդհատ հետեւում էի կայքերում եւ սոցիալական ցանցերում ընկերներիս գրառումներին՝ այս կարգախօսի վերաբերեալ ու լռում էի, չէի ուզում մի բան ասել, որի համար յետոյ կը փոշմանէի:
Ես էլ շատերի նման սարսափահար եմ լինում, երբ բանակում հերթական մահուան դէպքն է գրանցւում, ես էլ եմ մահու չափ զզուել ցածր աշխատավարձից, կոռուպցիայից, բարձր պաշտօններ զբաղեցնող անձանց տգիտութիւնից, իշխանութեան հետ կապերի շնորհիւ հարստացած օլիգարխներից եւ տասնեակ այլ խնդիրներից, որոնց ամէն օր բախւում է ամէն մի հայաստանցի:
Ու հիմա անկեղծօրէն խոստովանում եմ, որ վերջին ժամանակներս աւելի պակաս եռանդով էի պայքարում Հայաստանից արտագաղթելու իմ հարազատների ցանկութեան դէմ: Բայց երէկ նորից մէջս արթնացաւ նախկին վճռականութիւնս, որ, ո՛չ, պէտք է մնալ հայրենիքում ու ամէն ինչ անել, որ այն աւելի լաւը դառնայ: Հասկացայ, որ չեմ ուզում գնալ այլ երկիր եւ շատերի նման հեռուից հեռու քննադատել Հայաստանում տիրող յոռի բարքերը: Հասկացայ, որ չեմ ուզում աշխատել այլ երկրի բարօրութեան համար:
Երէկ (21 Սեպտեմբերին), երբ տղայիս տարել էինք անկախութեան 20ամեակին նուիրուած շքեղ զօրահանդէսը դիտելու, հասկացայ, որ ես ինձ լաւ եմ զգում այս երկրում, այս մարդկանց կողքին: Տեսայ տղայիս հիացած ու միաժամանակ վախեցած հայեացքը, որ նայում էր երկնքում սաւառնող ինքնաթիռներին, տեսայ դէմքերը եռագոյն ներկած ու «Հա՛-յա՛ս-տա՛ն» վանկարկող պատանիներին, տեսայ երիտասարդ մայրերին ու հայրերին, որ իրենց երեխաներին մանկասայլակներով էին բերել զօրահանդէսին, տեսայ տարիների կնճիռների տակից ժպտացող տատիկներին ու պապիկներին ու հասկացայ, որ Հայաստանը ե՛ս եմ:
Ու ամենատարօրինակն այն է, որ ես ինձ չեմ խաբում այն պատրանքով, որ Հայաստանը լաւ երկիր է: Ես քաջ տեղեակ եմ բոլոր այն խնդիրներից, որ գոյութիւն ունեն Հայաստանում: Ուղղակի հասկացայ, որ հայրենիքին պէտք է վերաբերուել հարազատի պէս: Չէ՞ որ մայրը կամ հայրը չի դադարում սիրել, ասենք, սխալներ գործած իր որդուն: Մի պահ պատկերացրի, որ Հայաստանը հիմա հիւանդ է ու խնամքի կարիք ունի, կարօտ է բարի խօսքի, բարի գործի, վճռականութեան: Հասկացայ, որ խղճում եմ իմ երկրին, ու չեմ ուզում, որ իմ երկրից գնան բոլոր կրթուած, խելացի ու արժանապատիւ կեանքի արժանի մարդիկ:
Չգիտեմ՝ ինչքան կը տեւի այս զգացողութիւնս, բայց ուզում եմ, որ Հայաստանին այսպէս վերաբերուեն նաեւ Հայաստանը կառավարողները ու դադարեն մեզ հիասթափեցնելուց:

ՍԻՐԱՆՈՅՇ ԳԷՈՐԳԵԱՆ

«Արմինիա Նաու»