Print
Category: Յօդուածագրութիւն


 Le Figaro-ի թղթակից Ռեժի Ժանտէի համոզմամբ, նման բան չի պատահի,  եթէ տպագիր ԶԼՄ-ները գտնեն համացանցի հետ մրցակցութեան ուղիներ

«Համացանցը որոշակի ճգնաժամ առաջացրել է արեւմտեան ԶԼՄ-ներում, սակայն նաեւ մարտահրաւէր է նետել աւանդական ԶԼՄ-ներին: 2003 թուականին, երբ Միացեալ Նահանգները որոշեց տապալել Սատամ Հիւսէյնին, ամերիկեան աւանդական ԶԼՄ-ները բաւական քիչ քննադատական խօսքեր էին հնչեցնում, այն դէպքում, երբ այդ որոշումը չափազանց լուրջ էր:

Հէնց այդ ժամանակ New York Times-ի լրագրողները որոշեցին դուրս գալ իրենց խմբագրատներից եւ տեղեկատուութիւնը տարածելու համար օգտագործել այլընտրանքային լրատուամիջոցները: Դա պլոգների զարգացման ժամանակաշրջանն էր ԱՄՆ-ում: Նոյնը տեղի է ունենում բոլոր խոշոր ժողովրդավարական երկրներում, այդ թւում՝ նաեւ Հայաստանում»,- այս կարծիքին է ԵՄ փորձագէտ, Le Figaro, Radio French Internationale, France 24, Le Point National Swiss Radio եւ մի քանի այլ լրատուամիջոցների կովկասեան եւ Կեդրոնական Ասիայի անկախ թղթակից Ռեժի Ժանտէն: Նա այս օրերին Հայաստանում է եւ երէկ մասնակցում էր Հայաստանում ֆրանսական համալսարանում կազմակերպուած «Նոր զարգացող լրատուամիջոցների ոլորտում լաւագոյն փորձը» խորագրով համաժողովին: Ֆրանսացի լրագրողը, որ այժմ աշխատում է Թիֆլիսիում, «Առաւօտի» հետ զրոյցում ասաց, որ ինքը 10 տարի զբաղւում է լրագրութեամբ, անկեղծանում է՝ մի քիչ ծեր է եւ յաճախ է դժուարութիւններ ունենում նոր տեխնոլոգիաների հետ շփուելիս, բայց այժմ ժամանակի պահանջով ինթերնեթը եւ նորագոյն գործիքներն աշխատանքի կարեւորագոյն մասն են կազմում:
Նա նշում է, որ երկար ժամանակ Facebook-ում գրանցուելու շատ հրաւէրներ է ունեցել, որոնք մերժել է, բայց գտնում է, որ այդ գործիքը 21-րդ դարում անհրաժեշտութիւն է լրագրողի համար: Անկեղծանում է՝ եթէ չլինէր Facebook-ը, որպէս լրագրող հետաքրքիր շատ տեղեկութիւններ բաց թողած կը լինէր: «Եթէ նայենք ֆրանսական, եւրոպական մեդիային, ինթերնեթն օրեցօր աւելի կարեւոր է դառնում: Նոյն Սիրիայում, Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձութիւնների մասին հնարաւոր չէր տեղեկատուութիւն ստանալ, որովհետեւ օտարերկրացի լրագրողների մուտքն արգելուած էր: Դրա համար Սիրիայում աւելի շատ Skype-ը եւ հեռախօսն սկսեցին օգտագործել տեղեկատուութիւն տարածելու համար»,- նշեց նա: Միւս կողմից ֆրանսացի լրագրողը գտնում է. «Այն, ինչ սոցիալական է, հաճելի է, բայց ոչ միշտ դրական եւ պէտք է այն ճիշդ օգտագործել:
Լաւ է, որ կայ Facebook, Twitter եւ այլ սոցիալական ցանցեր, որովհետեւ ե՛ւ աշխարհում, ե՛ւ Հայաստանում աւանդական լրատուամիջոցները, հեռուստատեսութիւնը կարող են իշխանութեան հետ մօտ լինել, իսկ հասարակ քաղաքացիներին չլսել: Միւս կողմից՝ ովքե՞ր են օգտւում Facebook-ից, 70-անց մարդիկ կամ հասարակ քաղաքացիները չեն օգտւում: Պէտք է յիշենք, որ Facebook-ը հասարակութեան մի մասն է, բայց ոչ ամբողջ հասարակութիւնը»:
Le Figaro-ի թղթակիցի խօսքով, այսօր նոր զարգացող լրատուամիջոցները հեղեղել են եթերը. «Եթէ նայենք ֆրանսական հեռուստատեսութեանը, օրինակ՝ միջազգային France 24-ին, որը նաեւ Հայաստանում կարելի է դիտել, հանդիպում ես բազմաթիւ տեսանիւթեր՝ նկարահանուած հէնց քաղաքացիների կողմից: Խօսքը ոչ միայն ֆրանսական հեռուստատեսութեան, այլեւ արաբական Al Jazeera-ի, BBC-ի եւ այլ նշանաւոր հեռուստաալիքների մասին է»: Մեր զրուցակիցը նշում է, որ իր՝ Թիֆլիսիից աշխատող ֆրանսացի լրագրողի համար շփումը պլոգերի, սոցցանցերի միջոցով է: Միւս կողմից, Ռեժի Ժանտէն կարծում է, որ այդ շփումը սահմանափակ է պարզ պատճառով՝ ինթերնեթ միջավայրում տարածուող տեղեկատուութիւնը կարող է լինել ոչ ճշգրիտ, որովհետեւ այն տարածում են քաղաքացիները, որոնք փրոֆեսիոնալներ չեն եւ կարող են մանիպուլեացիա անել:
Հայաստանում համացանցի տարածուածութեան հետ մէկտեղ նկատւում է թերթերի տպաքանակի նուազում, առաջանում են ֆինանսական խնդիրներ: Հարցրինք, թէ ինչպիսի՞ն է պատկերը Ֆրանսայում: «Հայաստանն ու Ֆրանսան տարբեր պատմութիւններ ունեն: Ֆրանսան երկար տարիներ է անկախ, Հայաստանը՝ 20 տարի: Օրինակ՝ մեր թերթը՝ Le Figaro-ն 150 հազար տպաքանակ ունի, բայց ունի նաեւ կայք, որից շատերն օգտւում են դրսում: Միւս կողմից, սա ֆինանսական խնդիրներ է առաջացնում՝ ընթերցողը մտածում է՝ եթէ նոյնը անվճար կարող եմ կարդալ ինթերնեթում, ինչո՞ւ թերթ գնեմ: Սա թերթերի համար մեծ մարտահրաւէր է եւ նրանք պէտք է փորձեն գտնել ինֆորմացիան տարածելու նոր ձեւեր»,- ասաց նա:
Ռ. Ժանտէից հետաքրքրուեցինք՝ մտավախութիւն չունի՞, որ սոցիալական մեդիան մի օր կարող է վերացնել տպագիր մամուլը կամ պատճառ հանդիսանալ թերթերի որակի նուազման: «Այդ ռիսկը, իհարկէ, կայ, որովհետեւ պլոգերները լրագրողներ չեն: Ժուռնալիստիկան մասնագիտութիւն է, աշխատանք, որը երկար ժամանակ է պահանջում: Միւս կողմից, եթէ թերթերը՝ Հայաստանում եւ ամենուր, նոր պահանջների հետ հաշուի չնստեն, միգուցէ եւ շատ խնդիրներ ունենան: Մինչ այժմ չեմ տեսել, որ որեւէ հզօր թերթ վերացած լինի, բայց այսօր Le Monde-ն, օրինակ, մեծ ճգնաժամ է ապրում հէնց ինթերնեթի պատճառով: Թերթի աշխատակիցները կրճատւում են, որովհետեւ յաճախ չեն գտնում համացանցի հետ մրցակցութեան ուղիներ»,- աւարտեց նա:

ԼՈՒՍԻՆԷ ԽԱՉԱՏՐԵԱՆ