Print
Category: Յօդուածագրութիւն

«Հակաբոյկոտ» կոչուող շարժմանը միացած Իրանի շուրջ 82 տնտեսագէտներ, 34 իրաւաբաններ, 39 լրատուամիջոցների խմբագիրներ եւ տնօրէններ կոչով դիմել են աշխարհի իրենց գործընկերներին՝ միանալու Իրանի դէմ կիրառուող պատժամիջոցների վերացման օգտին:

Ըստ «Ֆարարու» կայքէջի՝ Իրանի հեղինակաւոր մտաւորականների այս կոչն ուղղուած է աշխարհի միւս հեղինակաւոր քաղաքական, հասարակական եւ ԶԼՄ-ների ակնառու դէմքերին՝ սատարելու Իրանի «Հակաբոյկոտ»-ի շարժման ակտիւիստներին՝ ժողովրդի դէմ կիրառւող պատժամիջոցներին վերջ դնելու նպատակով:

Հրապարակուած բանաձեւի համաձայն՝ կոչն ուղղուած է միւս երկրների ազդեցիկ դէմքերին, որոնք կարող են ազդեցութիւն գործել պատկան պետութեան այրերի որդեգրած որոշումների վրայ՝ սատարելու Իրանի դէմ կիրառւած բայկոտի վերացմանը:

Բանաձեւը ամբողջութեամբ ներկայացնում ենք ընթերցողներին:

Յարգարժան գործընկերներ,

Մեր հիմնական նպատակը Իրանի ժողովրդի դէմ կիրառուած պատժամիջոցների աղէտալի հետեւանքներից խուսափելն է: Կիրառուած բոյկոտը, ոչ միայն չի սատարել յանուն խաղաղութեանն ուղղուած նպատակներին, այլ՝ սպասուող բացասական հետեւանքների բերումով՝ կարող է յանգեցնել յարաբերութիւնների մթագնմանը եւ բարդացմանը:

ԱՄՆ-ն եւ իր որոշ եւրոպացի համախոհները կիրառուած տնտեսական-առեւտրական բոյկոտը բացատրում են որպէս Իրանի միջուկային ծրագրերի թափանցիկութեանը հասնելու լծակի:

Հասկանալով, որ Իրանի եւ Արեւմուտքի միջեւ ծագած տարակարծութեան խնդիրը կարող է եւ լինել այլ փորձագիտական ասպարէզ տանող թեմա, որի մասին խօսելը մեր իրաւասութիւնների սահմանից դուրս կարող է լինել, սակայն մենք չկիսելով կիրառւած մեխանիզմների արդարութիւնը՝ կը փորձենք արձանագրել հետեւեալ ցուցումները.

-Իրանի քաղաքացիներին իրենց ազատ առեւտրի ամենանախնական իրաւունքից զրկելը մարդու իրաւունքների բացայայտ խախտում է: Երեխաների, տարեցների, հիւանդութիւններից տառապողների եւ հասարակութեան միւս անապահով շերտերի նախնական պահանջները հոգացող առեւտրի շրջանառութիւնը խափանող պատժամիջոցները յանգեցնում են անվերադարձ եւ հատուցում չունեցող կորուստների, այն էլ ի դիմաց ներկայացրած մեղադրանքի չուսումնասիրւած բոլոր հնարաւոր վնասների՝ անհնարին է մարդկային խղճի դիտանկիւնից արդարացնել այն:

-Իրավիճակի շարունակութեան դէպքում ապագան չի ներելու բոյկոտի հեղինակ երկրներին տեղի ունեցած աղէտալի արդիւնքների համար: Բոլոր հնարաւոր վնասների մասին խօսելն այս նամակի համբերութեան սահմաններից դուրս է, որով ընդամէնը բաւական կը լինի նշել միայն բուժկենտրոններում եւ հիւանդանոցներում դեղորայքի չգոյութեան հետեւանքներից տուժած «յատուկ կարգավիճակով» հիւանդների մասին:

-Նորօրեայ աշխարհը կանգնած է տնտեսական հսկայածաւալ շրջանառութիւնների փորձաքարի դիմաց, որտեղ տնտեսութիւնը բոյկոտի ենթարկելով՝ նպաստաւոր իրավիճակ կառաջանայ ստւերային տնտեսութեան ի յայտ գալուն հարկաւոր ենթահողի համար, որով տարածուելու են նաեւ անթափանցիկ, անօրինական եւ անարդար տնտեսաշրջանառութիւնը, ինչը, բնականաբար, անհամապատասխանելու է համաշխարհային ընթացքին, որտեղ արդարութեան համար ենթադրւում է՝ թափանցիկութիւն, պատասխանատւութիւն, արդար իշխանութիւն եւ հաղորդակցւելու ազատ իրաւունք: Պատժամիջոցները իրականութեան մէջ միայն խրախուսելու են միջազգային ընդունւած նորմերի շրջանցմանը: Իրավիճակ, որտեղ կաշառակերութիւնն ու կոռուպցիան փոխարինելու են օրինականութեանն ու հարստութեան արդար բաշխմանը, որն էլ իր հերթին տարածուելու դինամիկա ունի դէպի տարածաշրջանի հարեւան երկրներ:

-Թեթեւ հայեացք նետելով անցեալում կիրառուած բոյկոտներին՝ պարզ կը դառնայ, որ թելադրող կողմին երբեք չի յաջողուել՝ արդարացնելու սպասածը: Պատժամիջոցները նոյնիսկ հակամարտութիւնների եւ մարդկային աղէտալի դէպքերի հիմնական պատճառն են հանդիսացել :

-Պատմութեան ներկայ կտրուածքում, երբ Միջին Արեւելքը տառապում է իր ամենաանմխիթար վիճակից, ինչ արդարացում կարող է ունենալ դառը բանաձեւերի կրկնումը: Եւ արդեօք այն ինչպէ՞ս է սատարելու համաշխարհային խաղաղութեանը:

-Իրանի պատմութիւնը կարող է վկայել, որ Իրանի ժողովուրդը միշտ եղել է խաղաղ ապրելակերպի հետեւողը եւ միշտ արձագանգել է որեւէ ոտնձգութեանն ու անարդարութեանը: Եկէք արձանագրենք, որ անկախ նշուած համաշխարհային պատմութեան փորձերից՝ բոյկոտի հեղինակների աչքից վրիպել է այս ժողովրդի պատմական եւ քաղաքակրթական հսկայական ներուժը՝ կապուած խնդրի լուծմանն ուղղուած որդեգրուած ելքի հետ:

-Իրանի վերջին շրջանի նախագահական ընտրութիւնների ելքը բացառիկ հնարաւորութիւն է: Պատժամիջոցների համահեղինակների համար մօտեցումները վերանայման ենթարկելով՝ որդեգրել խաղաղութեանն ուղղուած ճկուն ելքեր, որով հնարաւոր կը լինի Իրանի ժողովրդին, ինչպէս նաեւ տարածաշրջանը հանգստացնելով՝ նորամուծութիւն մտցնել տարածաշրջանային հակամարտութիւնների դադարեցման գործում:

Իսկ մեր ակնկալիքը աշխարհի մտաւորականութիւնից այն է, որ սատարելով խաղաղասիրական նպատակներով կեանքի կոչուած՝ «Հակաբոյկոտ»-ի այս շարժմանը՝ պատկան երկըրների քաղաքական այրերին մղել վերցնելու համապատասխան առաջին դրական քայլերը՝ ստեղծուած բարդ իրավիճակը շտկելուն ուղղուած ճկունութեան գծով:

«ԱԼԻՔ»