Print
Category: Յօդուածագրութիւն

Պաշտօնապէս հաստատուեց, որ Ռուսաստանի նախագահի Նովօ Օգարյովոյի նստավայրում կայացած՝ Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսեան բանակցութիւնների արդիւնքում ստորագրուած՝ երկու երկրների նախագահների համատեղ յայտարարութեամբ Հայաստանը որոշում է ընդունել անդամակցել Ռուսաստան-Պելառուս-Ղազախստան Մաքսային միութեանը:

«Ես հաստատեցի Հայաստանի ցանկութիւնը՝ միանալու Մաքսային միութեանը եւ ներգրաւուելու Եւրասիական տնտեսական միութեան ձեւաւորման գործընթացում» բանակցութիւններից յետոյ կայացած համատեղ մամլոյ ասուլիսում յայտարարել է Սերժ Սարգսեանը՝ այդ որոշումը բացատրելով հետեւեալ կերպ. «գտնուելով ռազմական անվտանգութեան մի համակարգում, անհնար է եւ անարդիւնաւէտ մեկուսանալ համապատասխան աշխարհատնտեսական տարածքից»:

ՀՀ նախագահը ոչ միայն յայտարարել է Մաքսային միութեանը միանալու վերաբերեալ ընդունուած որոշման մասին, այլեւ յաւելել է, թէ անհրաժեշտ է այդ նպատակով ձեռնարկել գործնական քայլեր՝ հետագայում նաեւ Եւրասիական տնտեսական միութեան ձեւաւորմանը մասնակցելու ուղղութեամբ: Իր հերթին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, թէ Ռուսաստանը Հայաստանի երկաթուղային ցանցում մօտաւորապէս 15 մլրդ ռուբլու ներդրումներ է անելու, իսկ ռուս մասնագէտները աշխատանքներ են տանելու Հայաստանի ատոմակայանի շահագործումը երկարաձգելու ուղղութեամբ:

Այսպիսով՝ կարելի է ասել՝ Հայաստանի եւրաինտեգրման մեծ խաղը մօտեցաւ իր հանգուցալուծմանը՝ հերթական անգամ արձանագրելով հայկական դիւանագիտութեան խայտառակ ձախողումը: Հայաստանը ոչ միայն ընտրեց Մաքսային միութիւնը, այլ նաեւ  նախաձեռնողականութիւն եւ պատրաստակամութիւն ցուցաբերեց՝ կեանքի կոչելու պուտինեան Եւրասիական միութեան՝ բնոյթով իմպերիալիստական գաղափարը: Այս մասին Սերժ Սարգսեանի արած պնդումը, ըստ էութեան, նշանակում է, որ Հայաստանի ընտրութիւնը վերջնական է, ինչն էլ, իր հերթին, նշանակում է, թէ Հայաստանը ամբողջութեամբ ջուրն է լցնում դեռ եւս 2010-ից ընթացող ու բոլորովին վերջերս աւար- տուած՝ ԵՄ-ին Հայաստանի ասոցացման, Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գօտու համաձայնագրերի շուրջ բանակցութիւնները:

ԵՄ-ն ամենատարբեր մակարդակներով բազմիցս է յստակ յայտարարել, որ Մաքսային միութիւնը ընտրելու պարագայում Հայաստանը զրկուելու է այդ համաձայնագրերը ստորագրելու եւ դրանցով նախատեսուող նոր ռեժիմներից օգտուելու հնարաւորութիւնից: Այլ կերպ ասած՝ մի կողմից Հայաստանը կորցրեց իր կշիռը եւրոպական տարածքում եւ զուգահեռաբար կրկին Ռուսաստանին զոհաբերեց իր ինքնիշխանութեան մի մասը: Ըստ էութեան՝ պէտք է արձանագրել, որ այս յայտարարութիւնն ընդունուել է Ռուսաստանի աննախադէպ ուժեղ ճնշման, շանտաժային քաղաքականութեան արդիւնքում:

Մինչեւ Սերժ Սարգսեանի՝ Մոսկուա կատարելիք աշխատանքային այս այցը ՌԴ նախագահի օգնական Եուրի Ուշակովը յայտարարել էր, թէ նախագահները քննարկելու են Մաքսային միութեան հետ Հայաստանի փոխգործակցութեան, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնա- խնդրին առնչուող հարցեր: Հայաստանի եւ ԼՂՀ անվտանգութեան խնդիրները կապելով Մաքսային միութեան հետ կապուած հիմնահարցին՝ պաշտօնական Մոսկուան հէնց սկզբից հասկացրեց, թէ ինչ կարող է արժենալ ռուսական ուղեգծից հրաժարուելու՝ Երեւանի հնարաւոր որոշումը: Հայաստանի ընդունած այս որոշման վերաբերեալ նախագահների համատեղ յայտարարութիւն ոչ այլ ինչ է, եթէ ոչ Սերժ Սարգսեանից գրաւոր ստացուած հաւաստիացում, ինչով Մոսկուան Երեւանին ուղղակի զրկեց հետագայում մանեւրելու հնարաւորութիւնից՝ ըստ էութեան այլեւս չհաւատալով ՀՀ իշխանութիւնների բանաւոր խօսքին:

Եւ, այնուամենայնիւ, պէտք է ենթադրել, որ Հայաստանը գնացել է այս նուաստացուցիչ քայլին՝ Մոսկուայից լուրջ ֆինանսական, գուցէ նաեւ այլ կարգի օժանդակութիւն ստանալու երաշխիքներ ստանալով: Պատահական չէ, որ Պուտինը հէնց այս հանդիպման շրջանակներում է խօսում Հայաստանի երկաթուղային համակարգում 15 մլրդ ռուբլու ներդրումների եւ Մեծամորի ԱԷԿ-ի շահագործումը երկարաձգելու պատրաստակամութեան մասին: Դժուար է ասել՝ որքանով է համեմատելի Ռուսաստանի խոստացած ֆինանսական ներդրումների ծաւալը այն միջոցների հետ, որը խոստանում էր ԵՄ-ն Հայաստանի կողմից ասոցացման եւ ԽՀԱԱԳ-ի համաձայնագրերն ստորագրելու պարագայում, բայց ակնյայտ է, որ այս ընտրութեան հարցում որոշիչ դեր են կատարել ոչ թէ ֆինանսական, այլ քաղաքական գործօնները:

Մոսկովեան այս այցը, սակայն, Սերժ Սարգսեանի համար խնդիրը դեռ եւս չի փակում: Առջեւում ԵՄ-ին պարզաբանումներ տալու՝ չափազանց բարդ ու ցաւագին պրոցեսներն են, որոնք կարող են Հայաստանի վրայ իսկապէս ծանր նստել: Այն, որ վարած՝ երկու լարերին միաժամանակ խաղալու անհաշուենըկատ քաղաքականութեան պատճառով Հայաստանը կորցնելու է վստահելի գործընկերոջ՝ քիչ, թէ շատ համարումը, կարելի է չկասկածել, եթէ Սերժ Սարգսեանը չկարողանայ երկաթեայ հիմնաւորում գտնել Մոսկուայում այս յայտարարութիւնը ստորագրելու համար, որը գործնականում այս պահին թւում է անհնարին: Առ այսօր Հայաստանը երկու անգամ միայն փորձել է ԵՄ ինտեգրացիոն պրոցեսներից հրաժարուելու կամուրջներ ստեղծել՝ յղում կատարելով Թուրքիայի հետ փակ սահմաններին եւ այդ հարցում ԵՄ-ի անզօրութեանը: Եւ չի բացառւում, որ Երեւանը կը փորձի իր կատարած ընտրութիւնը բացատրել հէնց այս հանգամանքով, ինչը, իհարկէ, չափազանց թոյլ ու անհամոզիչ է թւում:

Պէտք է սպասել, որ այս որոշումը լուրջ հետեւանքներ է ունենալու ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Սերժ Սարգսեանի իշխանութեան համար, որն առ այսօր վայելում էր Արեւմուտքի բացարձակ վստահութիւնն ու աջակցութիւնը, որի շնորհիւ ապահովեց իր իշխանութեան վերարտադրումը անցած ընտրութիւններին: Այդ ամէնն այժմ արդէն լուրջ վտանգի տակ է, թէեւ պէտք է ենթադրել, որ իշխանութեան պահպանման եւ Հայաստանում իրավիճակի վերահսկելիութեան երաշխիքները Սերժ Սարգսեանը փորձած կը լինի ստանալ Պուտինից, այսինքն՝ ստիպուած կը լինի ԵՄ-ի տանիքը փոխարինել Մոսկուայի հովանաւորութեամբ: Ամէն դէպքում Հայաստանին առաջիկայում արտաքին քաղաքական ցնցումներ են սպասւում, եւ դժուար է ասել՝ որքանով է Սերժ Սարգսեանի վարչակարգը պատրաստ դրանց:

 Գէորգ ԱՂԱԲԱԲԵԱՆ

yerkir.am