Print
Category: Յօդուածագրութիւն

Երեւանի իշխանութիւնները բարձրացրեցին երթուղային փոխադրութեան միջոցների վարձավճարը: Այդ բարձրացումը չի վերաբերում միայն մեթրոյին: Կազի թանկացումից յետոյ սա յաջորդ տհաճ անակնկալն էր ժողովրդի համար:

Այս դէպքում վարձավճարները բարձրացան 50 դրամով: 50 դրամը, սակայն, նշանակում է տուեալ ծառայութեան թանկացում 50% -ով: Ոմանց համար գուցէ փող չհամարուող այդ յիսուն դրամը՝ կենսաթոշակ, նպաստ, նուազագոյն աշխատավարձ եւ անգամ միջին աշխատավարձ ստացող քաղաքացու պիւտճէի համար լրացուցիչ լուրջ բեռ է, եթէ նկատի ունենանք, որ նա մօտաւորապէս եկամուտի կէսը պէտք է վճարի համայնքային եւ այլ ծառայութիւնների համար եւ դեռ կարողանայ ապահովել իր կենսագործունէութիւնը: Կազի ինչպէս եւ դրան նախորդող այլ թանկացումների օրինակով կարող ենք վկայել, որ այս թանկացումն իր ետեւից բերելու է նոր թանկացումներ: Կազի թանկացումից յետոյ, օրինակ, ամէնօրեայ պահանջարկ ունեցող մթերային ապրանքները, այդ թւում եւ հացը թանկացան մօտաւորապէս 8-10%-ի չափով: Ի հարկէ թանկացան նաեւ այլ ապրանքներ, ու ծառայութիւններ (ինչպէս օրինակ ելեկտրականութիւնը), որոնց արտադրութիւնը նոյնպէս առնչւում էր կազի հետ:

Կասկած չկայ, որ վերջին թանկացմանը հետեւելու է միջքաղաքային ուղեւորափոխադրումների համար գործող վճարների աւելացումը, թանկացման որոշում կը կայացուի թաքսի ծառայութեան համար եւ այլն:

Ի հարկէ այս դէպքում քաղաքապետարանը շտապեց յայտարարել, որ տուեալ թանկացումը չի կապւում կազի թանկացման հետ, այլապէս պարզ հաշուարկների դէպքում կը յայտնուէր անհեթեթ վիճակում: Ուրեմն եւ հարց է ծագում, թէ ինչով էր պայմանաւորուած այս հապշտապ որոշումը: Նկատի ունե- նանք, որ երթուղային փոխադրումների արտօնագիր ստանալու մրցոյթում, այն շահողները հիմնաւորել էին տուեալ ծառայութիւնը 100 դրամով մատուցելու հնարաւորութիւնն ու պատրաստակամութիւնը:

Ի հարկէ արտօնագիր ձեռք բերողներն ու քաղաքապետարանի գործընկերները յիմար չէին, որ չկարողանային հիմնաւորել, թէ ինչո՛ւ սահմանուած նախնական արժէքը պէտք է մեծացուի 50% -ով:

Անդրադառնանք ոլորտին եւ նրա «խեղճ» պատասխանատուներին:

Ոչ մէկի համար գաղտնիք չէ, որ այս ոլորտը Հայաստանում մշտական եւ կայուն գերշահոյթներ ապահովող պիզնըսներից մէկն է: Բաւական է կատարել նախնական ներդրում, որից յետոյ կարելի է հանգիստ նստել տանը կամ զբաղուել այլ գործերով (օրինակ պատգամաւոր աշխատել) եւ տարիներ շարունակ, ամէն երեկոյ, դուռդ կը թակեն ու օրուայ եկամուտը կը դնեն սեղանին:

Պատահական չէ, որ ժամանակին այս եկամտաբեր պիզնըսին տիրելու համար, մարդիկ իրար «փոր էին թափում», մինչեւ որ եղած «գծերը» բաժան-բաժան արուեցին եւ դրանց ամենակարող տէրերի «ունեցուածքի» վրայ այլեւս ոչ ոք չէր կարող աչք տնկել:

Նոյնպէս գաղտնիք չէ, որ սպասարկման ոլորտի աշխատողների իրաւունքների պաշտպանութեան դէպքում աշխատանքային օրէնսգիրքը մեռած է, ինչպէս ի դէպ շատ այլ դէպքերում, ինչպէս ի դէպ շատ այլ օրէնքներ:

Չգիտեմ իրենց հարկային հաշուետուութիւններում սպասարկման ոլորտի ու մասնաւորապէս երթուղային եւ թաքսի ծառայութիւնների տէրերը ինչեր են գրում, բայց իւրաքանչիւր վարորդ ձեր ականջին կ՛ասի, որ աշխատավարձ չի ստանում: Նրա աշխատավարձը կազմում է օրուայ եկամուտի այն չնչին մասը, որ գծատէրը բարեհաճում է թողնել «իր» աշխատողին:

Վարորդը յաճախ իր այդ ողորմելի փայաբաժնից է վճարում մեքենայի             հետ կապուած զանազան ծախսումներ (վառելանիւթի, քսաիւղերի, նորոգումների գումարներ եւ այլն):

Համոզուելու համար, որ սա բառի ամենաուղղակի իմաստով ստրկական աշխատանք է, բաւական է ծանօթանալ տուեալ վարորդների օրական աշխատաժամանակի տեւողութեանը, իմանալ, թէ շաբաթական քանի հանգստեան օր է նա ունենում՝ եթէ առհասարակ ունենում է: Աւելորդ է խօսելը արձակուրդի, հիւանդութիւնների դէպքում համապատասխան նպաստների եւ աշխատանքային մեռած օրէնսգրքով սահմանուած այլ իրաւունքների մասին:

Արդեօ՞ք իշխանութիւնները չէին կարող զսպել գերշահոյթների մեծացման ձգտող մեծահարուստների ախորժակը: Արդեօ՞ք իշխանութիւնները չէին կարող գոնէ յետաձգել այս թանկացումը մինչեւ տարեվերջ‘ նկատի ունենալով, որ 2014 թուականի սկզբից նախատեսւում է կենսաթոշակների ու աշխատավարձերի բարձրացում: Յետաձգէր հանրութեան բացարձակ մեծամասնութեան գրպանին հարուածող այս նոր բեռան աւելացումը‘ նկատի ունենալով սողացող գնաճի պայմաններում անելանելի վիճակում յայտնուած եւ փրկութիւնը շատ դէպքերում արտագաղթի մէջ տեսնող մարդկանց վիճակը: Ինչու այս դէպքում եւս իշխանութիւնը ընդառաջեց ոչ թէ ժողովրդի՝ այլ մի խումբ մեծահարուստների ցանկութեանը: Մի երեւոյթ, որին զանազան օրէնքների, որոշումների ու գործողութիւնների ձեւով ականատես ենք լինում տարիներ շարունակ:

Խնդիրն այն է, որ իշխանութիւնն իրեն պարտական է տեսնում ոչ թէ ժողովրդի, այլ մեծահարուստների առաջ: Որպէս իշխանութեան քաղաքական, տնտեսական ու բարոյական յենարան այս խաւը «աճեցուեց» դեռ եւս անկախութեան առաջին տարիներին, ուռճացաւ ու ամրապնդուեց Քոչարեանի օրօք եւ քաղաքական ու տնտեսական գերմենաշնորհի հասաւ վերջին նախագահի կառավարման շրջանում:

Եթէ այս խաւը, վերոնշեալ իմաստներով կանգնած է իշխանութիւնների թիկունքին, ապա ժողովուրդը գտնւում է նրա դիմաց, որպէս հակառակորդ՝ առնուազն հոգեբանական առումով: Եթէ մեծահարուստների (պաշտօնեայ կամ ոչ պաշտօնեայ) խաւը պատրաստ է անվերապահօրէն պաշտպանել ու աջակցել իշխանութեան ցանկացած նախաձեռնութիւն, ապա ժողովուրդն այն ենթական է, որի պատնէշը յաղթահարելու մշտական խնդրի առաջ է գտնւում իշխանութիւնը: Չտանք տեղի ունեցողի զանազան բնորոշումները, օրինաչափութիւն հանդիսացող այս օրինակը պատմութեան ընթացքում բազմիցս արձանագրուած երեւոյթ է:

Ժողովրդի համընդհանուր դժգոհութիւնը յարուցած հերթական անակնկալի դէմ հանրութեան մի փոքր հատուած ըմբոստացել է մտածելով, թէ կարող է անիւը ետ պտտել:

Իսկ ի՞նչ է մտածում իշխանութիւնը: Նա հաւանաբար կրկին հաշուարկ է անում, որ ընտրութիւններում նոր է յաղթել եւ դժգոհութիւնները անմիջական վտանգ չեն ներկայացնում: Օրինականութեան խնդիրը լուծել է, եւ արտաքին անհանգստացնող ազդակներ չեն կարող լինել: Ի վերջոյ չափից շատ յուսահատներն ու դժգոհները կը համալրեն փախչողների բանակը: Սա էլ ինչպէս վարչապետն է բնորոշել դրական երեւոյթ է, որովհետեւ երկրից դուրս է մղւում յեղափոխական ներուժը: Կրկին կը լինի յաղթանակ եւ կրկին ժողովրդի դէմ: Ու այսպէս մինչ այն ժամանակ, մինչ ժողովրդի բացարձակ մեծամասնութիւնը կը հասկանայ, որ իշխանութեան իրական տէրն ինքն է, իսկ իշխանութիւնն այն ապրանքն է, որը երբեք չի կարելի վաճառել: 

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ