Print
Category: Յօդուածագրութիւն

ԵՐՐՈՐԴ  ԲՈՒՌ  ՀՈՂ

Մարդու եւ  հողի կապակցութիւնը,
Փոխադարձ սէրը արիւնակցական,
Հայրենիքով է,
Ու արարչի հուր շունչն ունի իր մէջ,

Որ հողը առաւ,
Շունչ փչեց մէջը,
Ու մարդ արարեց.
Եւ հողն այնուհետ դարձաւ հայրենիք,
Ու հողն հայրենի
Դարձաւ սրբազան…
Այդտեղից ենք մեր բռան մէջ կրում
Հողը հայրենի…

 

Ուշ ամառային մի յետմիջօրէ,
Կարմիր Կիրակի,
Երբ ես ծնուել եմ,
Ինձ ողջունել է արեւն Իրանի։
Զրնգացել է երբ ճիչս մանկան
Առաջին անգամ
Ի լուր աշխարհի,
Հայկն ու Ահուրան
Համաձայնուել են,
Գրել են իմ սուրբ գիրը ճակատի.

— Որ՝ հայ է պորտով
Ու հայ է ծնուել,
Հայկական հողից թէև հեռաւոր,
Բայց հայոց հողը իր բռում բռնած
Ծնուել է հողում Իրան աշխարհի,
Ու վեր է կալել իր միւս բռում
Հողը Իրանի։

Նրա ոսկորը հայ ուղն ու ծուծով՝
Եփուել է վառման
Իրան աշխարհի արեւի  հրով,
Ուշ ամառային կարմիր  Կիրակի
Յետմիջօրէում:
Հայկն ու Ահուրան համաձայնուել են,
Գրել են իմ սուրբ գիրը ճակատի.

— Հայկական հողից՝
Հողում Իրանի.
Մէկ բռում հողը հայր Հայաստանի,
Ու միւս բռում հողը Իրանի:
... Եւ անցել են տարիները իմ կէսդարեայ
Ու աւելի...
Եւ անցել եմ ես ցամաքներ ու աշխարհներ,
Ու հասել եմ
Պանդուխտների հայրենիքին ամերիկեան,
Կանգնել հողին նժդեհական...

... Հիմա իմ ո՞ր ափով վերցնեմ
Երրորդ բուռ հողը սրբազան...

ՓԱՌՔՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ

Մենք նոյն ազգն ենք ու նոյն հայրենին,
Հայկից սերածը.
Մեծն Տիգրանի, Կարմիր Վարդանի
Շահած, պահածը։

Մեսրոպ Մաշտոցն է մեզ տուել ոգի,
Նոյն հիմնն ենք երգում.
Նոյն Արարատն է ճամբան մեր ելքի,
Ու նոյնն ենք երդւում։

Մեր աշխատանքով ու միասնութեամբ
Նոր կեանք պիտ կերտենք,
Մեր զաւակներն են, որ համբերութեամբ
Մեզ են ակնդէտ։

Անցեալի լաւը, ներկայի վատը
Մենք յանձն ենք առնում.
Մենք չենք կորցրել մեր սուրբ հաւատը,
Ու պինդ ենք կանգնում։

Ու պինդ ենք կպչում մեր գործ ու բանին,
Արդար վաստակին,
Ու հաւատով ենք փարում մեր կեանքին,
Մեր ունեցուածքին։

Օ՜ն, հայ ու հայեր, մենք միասին ենք
Ու միասնական,
Մեր հայրենիքում ազգովին կերտենք
Փառքը հայկական։

Գրիշ Դաւթեան
Կլենտէլ, Քալիֆորնիա