Երեւանում կայացած «Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով իրաւաբանների համահայկական երկրորդ համաժողովի աշխատանքներին մասնակցած ՀՀ գլխաւոր դատախազ Աղուան Յովսէփեանը արել է ուշագրաւ, եթէ չասենք սենսացիոն յայտարարութիւններ՝
կապուած Հայոց ցեղասպանութեան կազմակերպիչներին կամ հրահրողներին բացայայտելու, բայց յատկապէս՝ Ցեղասպանութեան հետեւանքները փոխհատուցմամբ վերացնելու հնարաւորութիւններին: «Իմ խորին համոզմամբ՝ Ցեղասպանութեան զոհերի ժառանգները պէտք է նիւթական փոխհատուցում ստանան, Հայ եկեղեցուն պէտք է վերադարձուեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները եւ եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետութիւնը պէտք է ստանայ իր կորցրած տարածքները եւայլն: Բայց այդ բոլոր պահանջները պէտք է ունենան անթերի իրաւական հիմնաւորումներ»,- ընդգծել է Աղուան Յովսէփեանը:
Դժուար է ասել՝ Յովսէփեանն այդ խորհրդաժողովին իբրեւ սովորական իրաւաբա՞ն է մասնակցել, թէ՞ որպէս ՀՀ գլխաւոր դատախազ: Սակայն թէ՛ կազմակերպիչները եւ թէ՛ անձամբ Յովսէփեանը չէին կարող չիմանալ, որ անկախ նրանից՝ ինչ կարգավիճակով է մասնակցում նմանատիպ միջոցառումների, նրա արած ցանկացած արտայայտութիւն, միտք կամ պընդում ընկալուելու է իբրեւ պաշտօնական: Եթէ դա իսկապէս պաշտօնական դիրքորոշում է, ապա նշանակում է, որ Ցեղասպանութեան ճանաչման եւ յատկապէս՝ փոխհատուցման հետ կապուած խնդիրների համատեքստում Հայաստանի արտաքին դիւանագիտութիւնը ենթարկւում է փոփոխութիւնների:
Բանն այն է, որ նախկինում Հայաստանը երբեք պաշտօնապէս չի պնդել, որ Ցեղասպանութեան զոհերի ժառանգների նիւթական փոխհատուցման պահանջատէրն է: Առաւել եւս, որ առ այսօր այդ վնասների չափը յստակ ճշգրտուած չէ ու լուրջ ուսումնասիրութիւնների ու փաստագրումների կարիք ունի: Ցեղասպանութեան ժառանգները, ովքեր հիմքեր ու փաստաթղթեր են ունեցել, որոնք հաւաստում են ամերիկեան, եւրոպական եւ թրքական բանկերում իրենց նախնիների ունեցած աւանդների, թրքական բանկերի կողմից հայերին պատկանող հողատարածքներն ու ունեցուածքը իւրացնելու վերաբերեալ, առ այսօր ինքնուրոյն են պայքարում այդ բանկերից փոխհատուցում ստանալու ուղղութեամբ, որից Հայաստանը փաստացի անմասն է: Նոյնը վերաբերում է նաեւ եկեղեցապատկան հողերին: Այդ կապակցութեամբ ընդամէնը ամիսներ առաջ Թուրքիային ուղղուած համատեղ կոչով հանդէս եկան Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա-ն: Իսկ դրանից աւելի վաղ՝ 2011թ., ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն էր ընդունել 306-րդ բանաձեւը, որով կոչ էր անում Թուրքիայի կառավարութեանը վերադարձնել եկեղեցապատկան հողերն ու կալուածքները: Այնպէս որ՝ նաեւ այս մասով Հայաստանը որեւէ մասնակցութիւն չի փորձել ունենալ:
Բայց Յովսէփեանի յայտարարութեան մեխը, ըստ էութեան, նրա պնդումն է այն մասին, որ Հայաստանի Հանրապետութիւնը պէտք է ստանայ իր կորցրած տարածքները: ՀՀ գլխաւոր դատախազը, փաստացի հողային պահանջ է ներկայացնում Թուրքիային, ընդ որու՝ դա անում է պետութեան անունից, մի բան, որից Հայաստանի Հանրապետութեան 22-ամեայ պատմութեան ընթացքում բոլոր իշխանութիւնները ոչ միայն հետեւողականօրէն խուսափել են, այլեւ նախագահի մակարդակով յստակ յայտարարել, որ նման պահանջ Հայաստանը Թուրքիայի հանդէպ չունի:
2008թ. Անգարայում լոյս տեսնող «Թըրքիշ տէյլի նիւզ»ի եւ «Հիւրրիյէթի» սիւնակագիր Մեհմեթ Ալի Պիրանդի հետ կայացած հարցազրոյցում այն ժամանակ նախագահ Ռոպերթ Քոչարեանը յստակ յայտարարում է. «Թուրքիայի կողմից Ցեղասպանութեան ճանաչումից յետոյ Հայաստանն ի վիճակի չի լինի Թուրքիայի դէմ իրաւական գործողութիւնների նախաձեռնութիւն սկսել: Ցեղասպանութեան ճանաչման դէպքում Հայաստանը հողային պահանջ չի ունենայ: ...Հայաստանն այդ հողերի ժառանգորդը չէ»: Հետագայ տարիներին այս քաղաքականութիւնը եւ խնդրոյ առարկայի վերաբերեալ պաշտօնական դիրքորոշումը էական փոփոխութիւնների չի ենթարկուել: Աւելին՝ 2009թ. «գիշերային դիւանագիտութեան» ուղղակի արգասիքը դարձաւ Հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում հայ-թուրքական զոյգ արձանագրութիւնների նախաստորագրումը, որը, չնայած սառեցուած կարգավիճակին, դեռ եւս գտնւում է Հայաստանի պառլամենտի օրակարգում: Այդ արձանագրութիւնների նախաստորագրմամբ Հայաստանը փաստացի ճանաչում է Հայաստան-Թուրքիա ներկայիս սահմանները, որոնք գծուել են 1921թ. Կարսի տխրահռչակ պայմանագրով: Այլ կերպ ասած՝ դրանով հայկական կողմը պատրաստակամութիւն յայտնեց իրաւական ձեւակերպում եւ ուժ տալ այդ երկրի նկատմամբ որեւէ տարածքային պահանջ չունենալու կեցուածքին: Եւ այն հանգամանքը, որ Հայաստանը չի յայտարարել այդ արձանագրութիւններից իր ստորագրութիւնը ետ կանչելու մասին, այս պատրաստակամութիւնը մնում է ուժի մէջ:
Եւ հէնց այս ֆոնին է հետաքրքրական Յովսէփեանի յայտարարութիւնը, որը կարող է երկու բան նշանակել: Առաջին՝ նա պարզապէս հանդէս է գալիս որպէս հայ մարդ ու խօսում բացառապէս իր եւ իր նման մտածողների անունից: Բայց դա անելով՝ Յովսէփեանը, որպէս գլխաւոր դատախազ, չէր կարող չիմանալ, որ ուղղակիօրէն հակադրւում է պետական քաղաքականութեանը, որի բարոյական իրաւունքն ինքը գուցէ չունի: Եթէ այս տեսանկիւնից ենք մօտենում հարցին, ապա Յովսէփեանի քայլն ակնյայտ դեմարշ է վարուող քաղաքականութեանը, որը լիազօրութիւնների ժամկէտն սպառող դատախազը չի երկնչում կատարել յատկապէս իշխանութեան մօտ վստահութիւնը մեծ հաշուով կորցրած լինելու հանգամանքներում: Սակայն եթէ այդպէս է, ապա առնուազն տարօրինակ է, որ յատկապէս արտաքին գործերի նախարարութիւնը նման յայտարարութիւնը թողնում է անարձագանգ:
Երկրորդ՝ Աղուան Յովսէփեանի այս յայտարարութիւնը ինքնաբուխ չէ եւ հետապնդում է հեռուն գնացող նպատակներ: Չի բացառւում, որ այսպիսով պաշտօնական Երեւանն անուղղակի սպառնում է հրաժարուել սեղանին գտնուող հայ-թրքական արձանագրութիւններից եւ աստիճանաբար՝ Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ, սկսում Թուրքիային հողային պահանջներ առաջադրելու իրաւական նախադրեալներ ստեղծելու նոր գործընթաց: Եթէ այդպէս է, ապա Հայաստանի արտաքին քաղաքականութիւնն իսկապէս ենթարկւում է շրջադարձային փոփոխութիւնների: Սակայն այդ յայտարարութիւնը կարող է նաեւ զուտ մարտավարական նշանակութիւն ունենալ, որի նպատակը միջազգային հանրութեանը դրդելն է, որպէսզի վերջինս Անգարային դրդի վերանայել արձանագրութիւնները չստորագրելու եւ յատկապէս դա ԼՂ հիմնահարցի հետ կապելու իր ներկայիս կուրսը: Սա կարող է պայմանաւորուած լինել հայ-թրքական սահմանը հնարաւորինս արագ բացելու՝ հայաստանեան իշխանութիւնների ցանկութիւններով:
Գէորգ ԴԱՐԲԻՆԵԱՆ
«Երկիր»