Անցնում է արդէն քանի տարին,
Որ ցած ես բերուած կախարանից.
Քանի տարուց ի վեր անկախ ես։
Դարերի ընթացքում
Ու տարիների հետ
Շատերը նուիրուեցին այն ճամբին,
Շատերը զոհուեցին այն ճամբում,
Որ հասցնեն քեզ անկախութեան,
Վերականգնեն անկախութիւնդ։
Բայց երբ պատահեց,
Այդ վերջին արարը երբ պատահեց,
Էլ կարիք չեղաւ զոհաբերութեան…
Թէեւ կար կուտակումը
Դարերի ու տարիների ոթած արեան,
Զոհաբերութիւնների հերոսական,
Խոյացումների ու պայքարի,
Անհաւասար, սրբազան կռուի…
… Բայց այս անգամուայ վերջին արարը
Այնպէս էր,
Որ կարիք չեղաւ զոհաբերութեան,
Այլ առիթ եղաւ հերոսացումների,
Որի համար չպակսեցին
Դէպքեր ու դէմքեր…
Պարզապէս կախարանը փլուզւում էր
Ու կախուածները կախազրկւում էին,
Անկախանում էին…
Ինքնաբերաբար հերոսանում էին դէմքեր
Որ ներկայ էին այսուայնտեղ…
Ինքնաբերաբար հերոսանում էին
Տեղում լինելու բերումով…
Այնպէս էր,
Որ կարիք չկար ինքնազոհաբերման,
Ազգասիրաբար, թէ այլապէս…
Միայն կարիք կար հերոսացումի…
Արդարեւ, ինչպէս անցեալում,
Հիմա էլ ցնկնուեց չարութեան մի բիճ
Ռուսական ու ատրպատականութեան
Թուրքութեան վիժուածքով,
Գայլային արիւնախում ծինով
Եղեռնագործ ու ցեղասպան…
Որի դէմ յառնեց հայութեան բնազդը
Որպէս բռունցք վրէժի ու պաշտպանութեան,
Որ փշրեց գայլի ցռուկը արիւնոտ…
Բայց պարտադրութեամբ
Զիջեց վերջին հարուածը
Ի դիմաց ռուսական ու եւրոպական
Ողոքումների,
Տերպետրոսական ազգավնաս ընդիմութեան…
Եւ պատահեց այն՝ ինչ պատահեց
Ծրագրաւորմամբ թէ պատահմամբ…
Ապա
Պատմական օրէնքը գործեց հակասաբար.
Անզոհաբեր հերոսները,
Զոհաբեր հերոսներին փոխարինելով
Սկսեցին զոհեր փնտրել…
Պատրաստի զոհը
Ժողովուրդն էր, հայրենիքն էր…
Փոխարինած եւ այլասերուած հերոսները
Սկսեցին զոհել ժողովրդին,
Ոգեւորելով ազգային նուիրականութիւններով,
Բայց խաբեբայաբար,
Մոլորեցնելով,
Կողոպտելով,
Թալանելով…
Ցուրտ ձմեռով,
Գործարանների փակումով,
Սեփականաշնորհումներով եւ գործազրկութեամբ,
Հարստահարութիւններով.
Ազգային գաղափարախօսութիւնը
Արգահատելով.
Էլեկտրականութիւնը ազգից գողանալով
Ու թշնամուն վաճառելով…
Ազգին տարտղնելով, արտագաղթեցնելով
… Հասցնելով թշուառութեան…
Հասցրին մի պահի,
Որ պարտ էր… պարտ էին
Պատահեցնել մի բան,
Մի բա՜ն…
Պատահեցրին՝ հանգստառութիւն…
Հանգստառութիւն
Կողոպուտով բեռնաւորուած չհերոսների,
Թալանչիների,
Որ յախռեն կողոպուտը…
Ձեւակերպուեց երաժշտական աթոռների
Մի սրընթած խաղ…
Մի քանի դէմքերի փոփոխութիւններ,
Չփոփոխութիւններ…
Նոր չհերոսներ…
Այլեւ դաւադրեցին
Արիւն ու հեղութիւններ,
Դատ ու աւարութիւններ,
Բացայայտումներ ու չբացայայտումներ,
Ստուերային
Չպետականացումներ ու սեփականացումներ…
Արդեօք այն մերժուածի ծու՞խն է,
Որ մտել է մեր աչքերը,
Ու մեր հայրենասէրի կուրութիւնը
Չի տեսնում նրանց էութիւնը…
Անցնում է արդէն քանի տարին…
Դիմացել ենք,
Հասկանում ենք, որ համբերել ենք…
Բայց որպէսզի համբերութիւնը չդառնայ
Կրտուած ժայռի անտարբերութիւն,
Եւ որպէսզի մենք չդառնանք
Անարժանապատիւ էշնահատակ,
Այլ համբերութիւնը յարատեւի
Որպէս մարդակային առաքինութիւն,
Քաշում ենք գիծը մեր դիրքի
Յանուն ազգութեան ու հայրենիքի…
Ուզում ենք արժեցնել քանիամեակը
Այս մետասաներորդ պահին։
Գրիշ Դաւթեան