Print
Category: Յօդուածագրութիւն

Այսօր հրատարակուող Գ. մասով կ'աւարտենք Մարի-Ռոզ Ապուսէֆեանի գրութիւնը՝ Յովհաննէս Չաքրեանի մասին

Չնայած այս բոլոր ներդրումներին աստիճանաբար գաղութը սկսում է նօսրանալ, հայերն սկսում են մեկնել Եգիպտոս, Սուրիա, Լիբանան, Արժանթին, Պրազիլ, Քանատա, Վենեզուէլլա, աւելի բարեկեցիկ կեանքի հեռանկարով, հայ գաղթականութեան թիւը հարիւր հազարից, 36 հազարի իջեցնելով: Գաղութը սկսում է բաժանուել տարբեր կուսակցութիւնների՝ Հնչակեան, որոնք յետոյ Համայնավար են դառնում, Ռամկավար որոնք Դաշնակցութեան դէմ աւելի ուժով պայքարելու համար միանում են Համայնավարներին եւ Հնչակեաններին: Այդ բաժանումները այնքան են սրւում, որ յետոյ, պատերազմի տարիների եւ դրա աւարտից յետոյ, տասնեակներով հայ անմեղ կեանքեր են խլում:

Իսկ մինչ այդ ինչպէս ինքն է նկարագրում՝ հարսանիքներում անգամ «նուագողները թրքերէն կը հարցնէին թէ փեսան Հնչա՞կ է, թէ Դաշնակ: Եթէ Դաշնակ. է, Լուսին չկար, կ'երգէին, եթէ Հնչակ. է՝ Հեռաւոր երկիր»:

Այս ցաւալի իրավիճակում իր աշխատանքի հետ միաժամանակ հաւատարիմ իր կուսակցական պատկանելիութեան, Դաշնակցութեան որոշումով շաբաթական չորս օր շրջել է Աթէնքի տարբեր արուարձաններ, գաղութներ՝ Ֆիքս, Սինկրու, Լիբազմա, Գոքինիա ժողովորդին հաւաքագրելու, ազգային մթնոլորտի մեջ պահելու, ձեւաւորելու նոր սկիզբ առնող գաղութները, չէ՞ որ մէկը պիտի տէր կանգնէր ժողովրդին այդ օտար տարածքում:

 

Փարթենոնի կոթողին առջեւ. վերի շարք՝ Պարգեւ Նաճարեան,
Սեդրակ Գոհարունի («Ազատ Օր»ի խմբագիրը), Յովհաննէս Չաքրեան.
վարը կեդրոնը՝ Սարգիս Զաքարեան

Երկիրը պատերազմի մէջ լինելով հիւծուել, քայքայուել էր: Համատարած աղքատութեան մէջ ծայր է առնում տիֆի համաճարակը եւ Կապոյտ Խաչը էլ աւելի է կեդրոնացնում իր աշխատանքը վարակուածներին բուժման կարելիութիւններ հայթայթելով, սնունդ ու դեղորայք բաժանելով: Հայ բժիշկները ազգասիրաբար իրենց անվճար ծառայութեամբ բուժել են ոչ միայն հայ այլ նաեւ յոյն հիւանդներին: Իւրաքանչիւր կուսակցական իր պարտքն է համարել օգնել հայրենակիցներին: Հայր Կամսարականը Իտալիա է մեկնում եւ դեղերի գործարաններից ձրիաբար դեղեր բերում, որը բաժանում են նաեւ յունական Կարմիր Խաչին: Այդ աշխատանքի ընթացքում տիֆով վարակւում է նաեւ ինքը, բարեբախտաբար բուժւում եւ փրկւում է, բայց իր մազերի կորստի գնով: Ապաքինուելուց յետոյ, յանկարծ կորցնում է իր առատ սեւ մազերը՝ «Երբ ճաղատ եղայ, իրիկունները անվերջ կու լայի, բայց յետոյ աղջիկները ըսին՝ Չաքըր, հիմա աւելի գեղեցիկ ես: Թէեւ շատ չէի հաւատար, բայց հոգեկան մխիթարութիւն կը զգայի եւ ի վերջոյ հաշտուեցայ իմ ճաղատութեան հետ»:

Գաղութի մշակութային կեանքը նոր թափ է ստանում, տարածւում նաեւ տարբեր արուարձաններում: Աթէնքի արուարձան Ֆիքսի շրջանում, ուր ապրել է վեց հազար հայութիւն, Գէորգ Կառվարենցը 130 հոգինոց երգչախումբ է ստեղծել, «Հայ Մտքի Տուն» մշակութային միութիւնը, եւ գրական «Արեւագալ» թերթը:

Իսկ իր ջանքերով ստեղծուել է Հելլենահայ Լիկա, մասնակցութեամբ յոյն մտաւորականների, փաստաբանների եւ պետական երեսփոխանների, որի նպատակն էր յոյների եւ հայերի գործակցութեամբ իրար ճանաչելու կապ ստեղծել:

1940 Հոկտեմբերին սկսւում է Իտալո-յունական պատերազմը: Յունահպատակ հայերը իրենց քաղաքացիական պարտքն են համարում զինուորագրուել եւ փրկել իրենց ապաստան տուած երկիրը, կռուելով ճակատային առաջին գծում: Յոյների հետ հայերն էլ մեծ կորուստներ են ունենում: Այդ պատերազմում 50 հազար զինուոր ցրտահարւում ու հաշմանդամ են դառնում, հայերից շատեր նոյնպէս: Գերմանիան տեսնելով, որ իր դաշնակից Իտալիան պարտւում է, օգնութեան է հասնում, մտնում Աթէնք: Յունական կառավարութեանը ստիպում են պարենաւորել իրենց: Սկսւում է սովը: 100.000 մարդ է մեռնում 41-42թթ: Հայերը համախմբւում են փրկելու իրենց ժողովրդին այդ մահացու սովից: Յատուկ յանձնախմբեր կազմելով ինքն էլ նրանց պատասխանատուներից լինելով, մեկնում են հեռաւոր շրջանների գիւղերից պարենաւորում բերելու եւ համայնքին բաժանելու: Հայ տիկինները նոյնպէս իրենց մասնակցութիւնն են բերում կերակուր եփելով, վարժարաններին եւ հիւանդներին բաժանելով: Իրենց այդ անձնուէր աշխատանքով փրկում են համայնքը սովի ճիրաններից:

Գերմանացիները արդէն իրենք իրենց Յունաստանի տէրը նկատելով, սկսում են օրէնքներ պարտադրել ժողովրդին, ստիպում են յունարէնի փոխարէն գերմաներէն օգտագործել: Հայերը որոշ ժամանակ ստիպուած դադարեցնում են իրենց թերթերի հրատարակութիւնը, կրճատում ձեռնարկները, որ նրանց ուշադրութեան թիրախը չդառնան:

Սկսւում են ծանր օրեր հայերի համար: Մի կողմից երկրի տնտեսական ծանր վիճակը, գերմանացիների ճնշումը, միւս կողմից հայ համայնավարների հայութեանը իրար թշնամացնող, իրար դէմ հանող թշնամութիւնը, մեծ հարուած են հասցնում ժողովրդին: Համայնավարների թիրախը ամէնից առաջ Դաշնակցականներն են դառնում, նրանք առանց աչք թարթելու սկսում են սպաննել նոյնիսկ Դաշնակցութեան համակիրներին, մինչեւ իսկ ընտանիքներ են գնդակահարում առանց բացատրութեան: Հայ համայնքը սկսում է ահ ու սարսափ ապրել: Այս ընթացքում, Յովհաննէսը ամուսնանում է Ատրինէ Շըլըմեանի հետ: «Բոլոր ընկերներս կþըսէին՝ եղբայր, ժողովուրդը սովահար կը մեռնի, դուն ի՞նչ համարձակութեամբ կ'ամուսնանաս: Աստուած մեծ է կ'ըսէի: Եւ իսկապէս մենք ալ ապրեցանք»:

Յունաստանում օրէ օր տարածուող համայնավարութիւնը վտանգաւոր նկատելով գերմանացիները սկսում են կտրուկ միջոցներ ձեռք առնել, մաքրել Յունաստանը համայնավարներից: Այդ օրերից մէկում, բոլոր տղամարդկանց հրամայում են հաւաքւել հրապարակում, յայտարարելով, որ եթէ տների խուզարկութեան ժամանակ թագնուած տղամարդ գտնեն տեղն ու տեղը գնդակահարելու են: Աթէնքի երկու խոշոր հրապարակներում հաւաքում, նստեցնում են հինգ-հինգ հազար հոգի, գերման սպաներից մէկը ըստ ցուցակի կարդում է համայնավարների անունը եւ երբ տուեալ անձը ոտքի է կանգնում, տեղն ու տեղը գնդակահարում են: «Վերջին պահուն յանկարծ կանչեցին՝ Յովհաննէս Չաքրեան: Շուարեցայ, ուզեցի ոտքի ելլել, մէկը ետեւէս վար քաշեց: Երրորդ անգամ երբ կանչեցին, մարդ մը ոտքի ելաւ. Անձնագիրը ուզեցին ու անմիջապէս գնդակահարեցին: Այդպէս ալ չգիտցայ, թէ ո՞վ էր իմ անունը գողցած այդ մարդը: Գնդակահարածներուն թիւը 42-ի հասաւ: Երբ ցանկը աւարտուեցաւ, մնացեալներուս բոլորիս 9052 հոգի, ճամբայ հանեցին, որպէսզի քալելով Փիրէա երթանք, ուրկէ նաւերով մեզի Գերմանիա պիտի տանին եղեր գործարաններուն մէջ աշխատելու: Հազիւ ճամբայ ելած, ճիփ մը եկաւ, սպայ մը թուղթ մը հանեց եւ բարձրաձայն կարդաց՝ Յովհաննէս Չաքրեան, թող դուրս գայ: Նոյնպէս՝ Դանիէլ Դանիէլեան, Ահարոն Ստեփանեան եւ Բարթող Քէչեան: Սպան մեզի ճիփին մէջ դրաւ ու տարաւ յունական բանակի հազարապետ տոք. Արամ Ֆէրմանեանին մօտ: Ան մեզի ազատեց Գերմանիա երթալէ: Այս կարծես չէր բաւեր գերմանացիք նաեւ Ֆիքսի հայ գաղթականներու փայտաշէն բնակարանները սկսան կրակի տալ համայնավարներու բոյն նկատելով զանոնք: Հայր Կամսարականն էր, որ հաւաքելով այր մարդիկը հազիւ կրակը կրցած էր մարել եւ փրկել հայ, խեղճ, համայնավարութեան հետ կապ չունեցող, գաղթականներուն»:

Գերմանական բանակը հազիւ նահանջած, յոյն համայնավարներն են գլուխ բարձրացնում եւ սկսում են հայերին էլ ներգրաւել իրենց մէջ: Յաջողւում է տասնեակներով հայ երիտասարդների ներգրաւել իրենց շարքերը: Երկիրը բաժանւում է համայնավարների եւ հանրապետականների: 1944թ Դեկտ. 1-ին համայնավարները երկրով մէկ գործադուլ են յայտարարում եւ ցոյցի մասնակիցները բախւում են ոստիկանութեան եւ զինուորների հետ ու հարիւրաւորների մահով վերջանում է բախումը: «Այս թուականէն սկսաւ Յունաստանի ողբերգութիւնը: Համայնավարները մէկ ամսուան մէջ 45.000 մարդ սպաննեցին իբրեւ ազգայնականներ, հայերից էլ՝ դաշնակցականներ: Հայ համայնավարները չխնայեցին նաեւ ազգին նուիրեալները, անոնք ընտանիքներ գնդակահարեցին, իրենց չհարող պարզ անձերու անգամ տեռորի ենթարկեցին:

Դեկ. 3-ին որոշած էին ինծի ալ սպաննել: Տեսնալով, որ կուսակցական բախումներու զոհ պիտի երթան բաւական մեծ թիւով ազգային գործիչներ, ընկ. Դրօն Գերմանիայէն նամակ մը ղրկեց կուսակցութեանը ըսելով, որ շոգեկառքի ընկերութեան հետ համաձայնած է, որ վակոն տրամադրէն Աթէնքի Կ.Կ ի ընկերները իրենց ընտանիքներով Պերլին փոխադրելու, համայնավարներու տեռորէն ազատելու: Սակայն Կ.Կ. որոշեց չհեռանալ եւ պաշտպանել հայերը համայնավարներէ:

Ամերիկայի մէջ. Յովհաննէս Չաքրեան՝ նշանաւոր զօրավար Շեքէրճեանի հետ.
աջին՝ Լուսի Թոսպաթ (խմբագիր) եւ Տիգրան Թոսպաթ (նախարար ու երեսփոխան)

1944 թուականին ի վերջոյ երկիրը ազատագրուեցաւ համայնավարներէ: Մէկ տարի անց 1945թ Յուն-ւար 1-ին մենք սկսանք հրատարակել «Ազատ Օր» կուսակցութեան օրաթերթը, որուն վարչական տնօրինութիւնը եւ պատասխանատուութիւնը ինծի յանձնուեցաւ: Ընկ. Սեդրակ Գոհարունին դարձաւ թերթին խմբագիրը»: Յիշեցնեմ, որ թերթը մինչեւ այսօր էլ մեծ յաջողութեամբ դեռ շարունակւում է հրատարակուել:

Սակայն հայ գաղութը նոր հալածանքների է ենթարկւում յոյն կառավարութեան կողմից: Յոյները սկսում են հայկական դպրոցները փակել: Խմբագրութիւնը սկսւում է հեղեղուել հայկական դպրոցների այդ շատ մտահոգիչ հարցերի բողոք-նամակներով, որը ստիպում է իրեն, որպէս հայկական պաշտօնական մամուլի տնօրէն եւ կուսակցական գործիչ, ներկայանալ Յունաստանի Կրթութեան Նախարարին եւ փոխանցել հայ համայնքի ցասումն ու իրաւունքի վերահաստատումը: «Պրն. Նախարար, երբ յունական բանակը Փոքր Ասիան գրաւեց, հայերս ալ յոյն զինուորներու հետ հաւասար կռուեցանք թուրքին դէմ, եւ թուրքերը մեզի ալ թշնամի նկատեցին, մեր տուներն ալ այրեցին, մեր հողերն ալ խլեցին մեզմէ: Մենք մեր կամքէն անկախ յայտնուեցանք ձեր հողին վրայ եւ այսօր այսպէ՞ս կը վարձատրէք մեր զոհողութիւններուն», ասում է նա: Նախարարը իրեն ամօթով է զգում այս հարցադրումի առաջ, զգում իր անարդարացիութիւնը եւ արգելքը վերացնում է:

Սկսւում է մէկ այլ դժուարութիւն, իրենց հողային-սահմանային, հարցով յոյները թշնամանալով Պուլկարացիների հետ, մի անորոշ սխալութեամբ հայերին էլ պուլկարոֆիլ նկատելով, սկսում են բանտարկել, յատկապէս Թրակիոյ շրջանի հայութեան, այն զըրպարտութեամբ, «որ հայերը Պուլկար թագաւորին ոսկիէ սուր մը նուիրած են: Իրականին մէջ, այդ սուրը Թրակիոյ բանակը նուիրած էր իրենց թագաւորին: Եւ որովհետեւ սուրին վրայ փորագրուած է եղել «Արմէ», որ պուլկարերէն նշանակած է՝ Բանակ, յոյները այդ բառը «Հայ» հասկցած են, այդ իսկ պատճառով հալածած հայերուն: Հալածանքը այն աստիճան է սըրւում, որ մինչեւ իսկ Տէտէաղաճի մէջ Տէր Ճլկունի քահանան, որ ննջեցեալ մը կը փոխադրէր գերեզմանատուն, իր հետ նաեւ թափօրին մասնակցող 40 հոգին ձերբակալեցին, բանտարկեցին եւ ննջեցեալին իրենք՝ յոյները թաղեցին: Ահաւոր կացութիւն ստեղծուած էր հայերու եւ յոյներու միջեւ: Երկու, մինչ այդ խաղաղ ազգերը, ահաւոր թշնամիներ դարձած էին»:

Իր ունեցած կառավարական կապերի միջոցով, կարողանում է երկրի նախարար՝ Նաբոլէոն Զերվասից արտօնագիր ստանալ Թրակիոյ բանտարկուած հայերին ազատելու համար: Թրակիոյ հինգ քաղաքներից կարողանում են բանտերից ազատել 175 հայի: Այդ հարցը հազիւ լուծում գտած, այս անգամ էլ Թրակիոյ կառավարութիւնը որոշում է իր տարածքում ապրող հայութեան 12 հազար հոգի, աքսորել հարաւային Յունաստան, Բէլոբոնէզ: Այս հարցով ինքն անձամբ որպէս հայ գաղութի եւ Դաշնակցութեան ներկայացուցիչ ներկայանում է Արտաքին Գործոց Նախարարութիւն եւ զայրացած հարցնում է Նախարարին՝ «գիտէ՞ք ում կþաքսորէք: Անոնք այն երիտասարդներուն ծնողներն են, որ իրենց զաւակները զոհ տուին Ալպանիոյ ճակատին վրայ, յանուն Հելլադայի փրկութեան եւ տակաւին այդ հերոսներուն արիւնը չչորցած, իրենց հայրերը, մայրերն ու կիները ու քոյրերը կþաքսորէ՞ք: Ինչո՞վ պատասխանատու է հայ ժողովուրդը, որ աւելիով իր տուրքը վճարեց, զոհելով իր զաւակները յանուն այս երկրի ազատութեան: Նախարարը շատ ազդուած անմիջապէս հեռաձայնեց, որ այդ որոշումը չեղեալ համարեն»:

Սկսւում է ներգաղթը, կառավարութիւնը հայ բանտարկուած համայնավարներին էլ ուղարկում է Հայաստան: Յունաստանից 18 հազար հայ է մեկնում Հայաստան, որոնցից շատերը օտար լծից ազատագրուելու, լաւ կեանք ապրելու հեռանկարով դժուարութեամբ ստեղծուած իրենց կեանքը քանդելով, հայրենիքի կարօտով մեկնում են, եւ որոնց մեծ մասը իր մահկանացուն է կնքում Սիպիրի աքսորավայրերում:

Յունաստանի տնտեսական վիճակը գնալով վատթարանում է, բայց շնորհիւ ազգային կազմակերպութիւնների նուիրուած աշխատանքի եւ հայերի աշախատասիրութեան եւ ոչ մէկ հայ մուրացկան է դառնում: Միւս կողմից կառավարութեան հալածանք-ձերբակալումները՝ իբրեւ իտալական, պուլկարական գործակալների, գաղութահայութեան կեանքն անտանելի են դարձնում:

Տեսնելով, որ երկրում դեռ գործող համայնավարները իր եւ իր ընտանիքի կեանքին էլ շարունակում են վտանգ սպառնալ, որոշում է հեռանալ երկրից: 1948թ. «Ազատ Օր»ի տնօրէնի եւ արտօնութեան պատասխանատւութիւնը փոխանցում է Օննիկ Զաքարեանին, իր ազգային ծառայութեան եւ Կապոյտ Խաչի 25 տարի Շրջանային Վարչութեան անդամութեան համար պարգեւատրւում եւ մեծարւում է, որով եւ աւարտում է Յունաստանի իր ապրած կեանքի էջը եւ Մայիս 20-ին մեկնում է Լիբանան:

Լիբանանով սկսւում է իր ազգային գործունէութեան նոր էջը: Դեռ հազիւ Պէյրութի «Փանսիոն Աննա» պանդոկը տեղաւորուած, շրջապատւում է այնպիսի հեղինակաւոր կուսակցականներով, ինչպիսիք Կարօ Սասունին, Ռուբէն Տէր-Մինասեանը, Մովսէս Տէր Գալուստեան, Ատուր Գապագեան եւ շատ ուրիշներ:

Անշուշտ, հայ ընտանիքի համար երկու փոքրիկներով դժուար էր հիւրանոցում ապրելը, անմիջապէս տուն են վարձում եւ փոխադրւում: Երկրին, նրանց սովորոյթներին, լեզուին ու յարաբերութեան միջոցներին անծանօթ լինելով բաւական դժուարութիւնների է հանդիպում: Զբաղւում է տարբեր իրերի վաճառականութեամբ, բայց բոլորն էլ՝ թէ ժամացոյցի, թէ բժըշկական գործիքների, թէ գորգերի գործերը յաջողութիւն չեն բերում, մեծ վնասներով հազիւ վազ է անցնում վաճառականութիւնից եւ մի հին յոյն բարեկամի օգնութեամբ ու խորհըրդով ճամբորդական գրասենեակ բացում: Այս գրասենեակը, ոչ միայն կերակրում է ընտանիքին, այլ դառնում յատկապէս Ռումինահայութեան եւ Պուլկարահայութեան ազատարար կեդրոն:

1975, Ամերիկայի մէջ. Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Գարեգին Բ.ի
(հետագային ամենայն հայոց Գարեգին Ա.)ի հետ

Ռումինիոյ համայնավարացումից յետոյ պարսկահպատակ հայերին Եւկոսլավիոյ եւ Շահի միջեւ կնքուած համաձայնութեամբ իրաւունք է տրուել դուրս գալ երկրից: Այդ օրէնքից օգտուելով, հայերն էլ սկսում են մեծ թափով հեռանալ երկրից, որոնց անմիջական հանգրուանը դառնում է Պէյրութը Չաքրեան ճամբորդական գրասենեակով: Հարիւրաւոր ընտանիքներ ամէն ամիս համայնավարութեան բռնութիւնից փախչելով իջեւանում են Պէյրութ, ծանր կացութեան մատնելով եւ իրենց, եւ տեղի կառավարութեան:

1947թ. Հայաստանէն փախստական հայերը, որոնք կեդրոնացած էին Գերմանիոյ, Շթութկարտ քաղաքում, ամերիկեան ԱՆՉԱ Գաղթականական Միութեան միջոցով, գլխաւորութեամբ Ճորճ Մարտիկեանի, Զօրավար Շէքէրճեանի եւ Տիգրանեանի, օգնում են այդ հայերին հաստատուել Ամերիկայում: Տեսնելով, որ Պէյրութում օրէօր աճող գաղթականների վիճակը ծանրանում է, Լիբանանահայութիւնը անկարող է լինում հոգալու նրանց, Յովհաննէսն էլ, դիմում է Ամերիկա, այդ կազմակերպութեան, որ օգնեն եւ արտօնութիւն տան այդ անձանց Ամերիկա հաստատուելու, քանի որ նրանք միայն 6 ամսուայ իրաւունքով էին մտնում Լիբանան: Հիւ. Ամերիկայից ԱՆՉԱ-ի ներկայացուցիչ Սուրէն Սարոյեանը, այդ հարցով գալիս է Պէյրութ, տեսնում գաղթականների ամենամեայ աճող թիւը, նրանց կեցութեան դժուարութիւնները եւ համաձայնագիր է ստորագրւում, իրաւունք տալու Ամերիկա մտնելու: Հարցը սակայն նրանում էր, որ Ամերիկան մերժում էր համայնավար ընդունելու իր երկիրը եւ Լիբանանից պահանջում էր, որ եթէ Ամերիկա մուտք գործողների մէջ յայտնաբերուեն այդպիսիներ, անմիջապէս Լիբանան պիտի վերադարձուեն: Անշուշտ ոչ մէկ երկիր էր ուզում համայնավարութեան ախտը իր երկիրը բերել, բայց Լիբանանի հայ Երեսփոխանների ջանքերով յաջողւում է այդ հարցն էլ հարթել:

Մինչ ամերիկեան ԱՆՉԱ-ի միջամտութիւնը, տիկ. Ատրինէ Չաքրեանն էլ իր մասնակցութիւնն է բերում ամուսնու ծանր գործին: Տեսնելով գաղթական ընտանիքների անօգնական վիճակը, ինքն էլ լծւում է գործի, առանց հանգստի, նրանց համար աշխատանքի միջոցներ ու հնարաւորութիւններ հայթհայթում, նրանց սնունդով, հագուստեղէնով եւ կենցաղային գոնէ ամենապարզ միջոցներով ապահովում: Խորէն Սրբազանին ներկայացնելով գաղթականների նոյնիսկ անկողին չունենալու անմարդկային պարագան, տիկ. Չաքրեանը կարողանում է Սրբազանի անձնական օգնութեամբ, Պուրճ Համուտի Կոմիտէութեան հետ, գլխաւորութեամբ Յարութիւն Տարագճեանի, նրանց հանգանակութեամբ, 850 անկողին կարել տալ եւ ընտանիքներին ապահովել պարզ անկողիններով:

Այստեղ տեղին է յիշել մի միջադէպ, հաստատելու համար, թէ ինչ մաքրութեամբ եւ անձնազոհութեամբ են աշխատել Չաքրեան զոյգերը այդ տարիներին: Նախապէս Ամերիկա հաստատուած Ռումինահայերը հանգանակութեամբ հաւաքում են 1275 տոլար գաղթական նոր հայերի ծախսերի համար եւ Սուրէն Սարոյեանի միջոցով ուղարկում են Պէյրութ: Պէյրութ գալով պրն. Սարոյեանը, ոչ միայն չի յանձնում այդ դրամը, այլ ուզում է նոր յանձնախումբ կազմել եւ դրամը օգտագործել նոր յանձնախմբին գրասենեակ եւ պիտոյքներ ապահովելու համար: Պէյրութի առաջնորդարանում ժողով է գումարւում Տաճատ Սրբազանի գլխաւորութեամբ, գաղթականների հարցով, ուր լսելով Սարոյեանի առաջարկը մի նոր յանձնախումբ կազմելու մասին, ընդվզում են, եւ յայտնում, որ Չաքրեան զոյգերը երկուսով, առանց յանձնախումբ ունենալու, առանց աղմուկի ու ժողովների, առանց յաւելեալ ծախսերի, լուռ կատարում են բոլոր աշխատանքները: Իր ելոյթում պրն. Չաքրեանը պատմում է թէ ինչ դժուարութիւններից են անցնում իրենք, իրենց զաւակներին եւ իրենց կեանքը մոռացած «Ամէն ամիս կը վազենք օդակայան երկու բասերով, 100 հոգի կը փոխադրենք Պուրճ Համուտի Դաշնակցութեան ակումբը: Երբեմն մինչեւ առտու անոնց տեղաւորելու գործով կը զբաղինք: Այր եւ կին գիշերները կը վազենք կայանները իրենց հիւանդներուն հիւանդանոց փոխադրելու, կամ զանազան այլ խնդիրներով: Հիւանդներու համար կինս համաձայնած էր Պէյրութի ֆրանսական «Սագրը Գէօր» հիւանդանոցին հետ: Հազարներով հիւանդներ բուժուեցան, հարիւրէ աւելի հիւանդներ ձրիաբար գործողութեան ենթարկուեցան տոք. Կիւրեղեանի միջոցով: Եւ այս պրն. Սարոյեանը գաղթականներու ծախսերը հոգալու համար մեզի ուղարկուած 1275 տոլարը գրպանը դրած կը պտտի անբարեխղճօրէն: Գիտէ՞ք, թէ ինչու այր ու կին նուիրուած ենք այս գործին, կþուզենք օգտակար ըլլալ երկաթեայ վարագոյրէն ներս ապրողներուն, որովհետեւ Յունաստանի մէջ մենք ալ մեր մաշկին վրայ զգացինք անոնց բռնութիւնը: Համայնավարները զիս մահուան դատապարտեցին, բայց կաշիս կըրցայ փրկել անոնց ձեռքէն:- Իմ ելոյթէս վերջ Սարոյեանը շփոթուած այդ գումարը յանձնեց Լ.Օ.Խ-ին»:

Համայնավարութիւնից փախչող Ռումինահայերին են միանում նաեւ պուլկարահայերը եւ տեսնելով, որ անկարելի է դառնում հոգալ այդքան գաղթականների, Յովհաննէսը ստիպուած դիմում է Ամերիկա, Մարտիկեանին, որ «անոնց ծախսերը գոնէ հոգան: Ան ինծի պատասխանեց ըսելով, որ Պէյրութի մէջ սինէմայի ցուցադրութիւն մը տամ եւ այդ գումարը ապահովեմ: Ստիպուեցայ կրկին Պուրճ Համուտի Կոմիտէութեան դիմել եւ համապատասխան օգնութիւն ստանալ: Դարձեալ կուսակցութիւնս էր, որ եռանդ չխնայեց այդ հայութեան ապահով կեցութեան համար: Երբ գաղթականները սկսան նուազիլ, այն բոլոր գոյքերը, որ հանգանակութեամբ գնած էինք, սկսանք տրամադրել հայկական հաստատութիւններուն: 100 անկողին տուինք Շթորայի Ն. Աղբալեան ակումբին ուր փոքրիկները օդափոխութեան կþերթային: 300 անկողին, մահճակալ, աթոռ, սեղան յանձնեցինք Թռչնոց Բոյն, իսկ մնացածներն ալ տրամադրեցինք գարանթինայի տուներու հրկիզման պատճառաւ մէջտեղ մնացած հայ ընտանիքներուն»:

Գնալով Լիբանանի քաղաքական վիճակը վատթարանում է, սկսւում են քրիստոնեաների եւ մահմետականների բախումները, իրենց տունն էլ մահմետականների շրջանում՝ Համատէ փողոցի վրայ լինելով, ուր ամէն գիշեր սպանութիւններ են կատարւում եւ այլեւս բացայայտ վտանգ սպառնում իրենց կեանքին, որոշում են իրենք էլ Ամերիկա փոխադրուել:

1975-ին հաստատւում են Սան Ֆրանսիսկօ, ուր իր քոյրը՝ Անիձան, (որը յիշո՞ւմ էք, 1923ից Յունաստանից մեկնել էր Ամերիկա), դիմաւորում է իրենց: Այդ տարիներին ծանր հիւանդութեամբ կորցրել էլ մեծ քրոջը, իսկ ինքը բախտաւորուել մէկ այլ աղջիկ զաւակով՝ Սեդայով, որը եւ մինչեւ վերջ դառնում է իրենց պահապան հրեշտակը: Իր այդ փոքր աղջիկը՝ Սեդան, իրենցից մէկ տարի առաջ հասնելով Ամերիկա, կարգաւորում է իրենց կեցութիւնը: Սան Ֆրանսիսկոյի արուարձաններից մէկում՝ Սան Բրունոյում, շուտով տուն են գնում ու վերջնականապէս հաստատւում այնտեղ:

«1956-1974 ընթացքին մօտ 30 հազար հայեր ԱՆՉԱ-ի միջոցով ուղարկած ենք Ամերիկա: Այդ բազմահազար հայերը իմ տիկնոջս կը կոչէին Գթութեան Մայր: Այդ գաղթականներու զաւակները Ազգային Վարժարաններ յաճախած են, իսկ ծնողները հայկական տարբեր կազմակերպութիւններու մէջ ձրիօրէն աշխատած: Ահա այս է իմ տարիներու վարձատրութիւնը:

Քանի մը օրէն Ապրիլ 1 է, ծննդեանս տարեդարձը: Կը թեւակոխեմ 85 տարիս: Մաշալլահ, ե՞րբ ալ մեծցար, պիտի ըսէք:

Հոս, Սան ֆրանսիսկօ, անգամ մը ակումբին մէջ տարեդարձս տօնուեցաւ Համազգայինի ընկերներու հետ: Այսօր, կրկին ոտքի ելած են, աղջըկաս՝ Սեդային հետ, նորէն տարեդարձի հաւաքոյթ մը կազմակերպելու: Այս անգամ վէթօ դրի եւ ըսի-այս ծերունին կեանքի վերջալոյսին մէջ կը գտնուի, շատ յուզումի չի գար: Թող տուէք, որ բնական քայլերով առաջանամ վերջին հանգստարանս, քանզի շատ հոգնած եմ եւ շատ նրբազգաց դարձած, յուզումի չեմ դիմանար, պէտք է այլեւս խնայէք ինծի: Դուք ալ գիտէք, որ կիներուն խօսք հասկցնելը շատ դժուար է, բայց կարծեմ այս անգամ հասկցան»:

Այսպէս է աւարտւում հարուստ ու սիրով լի ընտանիքով սկսուած, բայց թուրքի վայրագութեամբ ջարդ ու փշուր եղած, կեանքի դժուարին բաւիղներում անհաւատալի ուժով ինքն իրեն վերագտած, իր արմատների հզօրութիւնը վերականգնած այս ազգանուէր անձի՝ Յովհաննէս Չաքրեանի կենսագրութիւնը:

Ինչպէս ասացի Արեւմտահայի կենսագրութիւն է սա, տխուր, դաժան, դժուար, բայց արժանապատուութեամբ ու նպատակասլացութեամբ լեցւած կենսագրութիւն, որը արժեւորում է ոչ միայն այն ապրողին, այլ այսպիսի անձեր ծնող ու դաստիարակող ժողովրդին:

Անձ, որի գոյութիւնը ապարդիւն չի եղել, որի ներդրումը դեռ շարունակում է շիւղեր արձակել, վկան յունահայ գաղութի գոյութիւնը, «Ազատ Օր» օրաթերթը, «ՀՕՄ-ի Կապոյտ Խաչը» եւ հարիւրաւոր այն ընտանիքների շառաւիղները, որոնք ազատ երկիր ապաստանած շարունակում են հայ մնալ եւ հայ գաղութին նուիրաբերել իրենց ունեցածը:

Մանկութիւն, պատանեկութիւն ու երիտասարդութիւն չապրած մեր այդ սերունդը իր գոյութիւնը ինքնանպատակ չապրեց, այլ անմնացորդ ներդրեց իր ուժն ու իրենից խլուածը ապագայ սերունդի ուղին հարթելու, նրանց աւելի երջանիկ կեանք ապահովելու, նրանց երթը օտար հողում կորցրած հայրենի երկրի ոգով լեցնելու համար:

Այսօր մեր հայ գաղութների ձեւաւորումով պարտական ենք այդ սերունդին:

Իւրաքանչիւր այսպիսի կենսագրութեան ծանօթացում մեզ մտածել է տալիս, մեր այսօրուայ որպէս ազգ վիճակի մասին: Ինչպէ՞ս ձերբազատւենք մեր անտարբերութիւնից եւ մի ամբողջ ժողովրդից խլուածը ինչպէ՞ս դարձնենք մեր առաջնահերթ խնդիրը:

Սան Ֆրանսիսկօ

Գ. մաս եւ վերջ