Երկօրեայ պաշտօնական այցով Մոսկուա էր մեկնել Ատրպէյճանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդեարովը:
Այսօր նա հանդիպել է ՌԴ իր գործընկերոջ՝ Սերգէյ Լավրովի հետ եւ, ըստ ՌԴ արտգործնախարարութեան պաշտօնական հաղորդագրութեան, քննարկուել են հարցերի լայն շրջանակ՝ կապւած քաղաքական ու տնտեսական երկկողմ յարաբերութիւնների, տարածաշրջանային համագործակցութեան եւ յատկապէս՝ ԼՂ հակամարտութեան կարգաւորման հետ:
Մամեդեարովի այցը հետաքրքական է երկու առումով: Նախ՝ այն տեղի է ունենում հայ-ռուսական քաղաքական յարաբերութիւններում առաջացած որոշակի լարուածութեան ֆոնին՝պայմանաւորուած, մի կողմից, եւրասիական ինտեգրացիոն պրոյեկտներից խուսափելու եւ ԵՄ-ի հետ գործակցութեան խորացման ուղղութեամբ Հայաստանի վարած քաղաքականութեամբ, միւս կողմից՝ գազի սակագնի հարցում ռուսական կողմից զիջումների չգնալու պատճառով Հայաստանի նկատմամբ Մոսկուայի փաստացի գործադրած սոցիալ-տնտեսական հսկայական ճընշումներով: Երկրորդ՝ Մամեդեարովը Ռուսաստան է այցելել նաեւ ռուս-ատրպէյճանական յարաբերութիւններում վերջին ամիսներին կուտակուած էական խնդիրների պաշարով: Խօսքն առաջին հերթին վերաբերում է Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալութեան շարունակման հարցում երկու կողմերի միջեւ համաձայնութեան չկայացմանը, ինչի պատճառով ռուսական կողմն արդէն Նոյեմբերին վերջնականապէս կÿազատի կայանը: Բացի դրանից՝ բոլորովին վերջերս ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հրամանագրով կասեցուեց Պաքու-Նովոռոսիյսկ նավթամուղի շահագործման վերաբերեալ պայմանագրի գործողութիւնը, որն ապահովում էր Ռուսաստանի տարածքով ատրպէյճանական նավթի տարանցումը արեւմտեան շուկաներ: Որոշման պատճառը, ըստ ռուսական կողմի, եղել է այն, որ Ատրպէյճանը չի կատարել տարեկան 2.5 մլն թոն ծաւալով նավթի արտամղումը այդ խողովակաշարով, ինչը վերջինս դարձրել է տնտեսապէս անշահաւէտ: Սրան կարելի է աւելացնել նաեւ Գիւմրիում տեղակայուած ռուսական 102-րդ ռազմաբազան տեխնիկապէս ու նոր զինատեսակներով համալրելու գործընթացը, որը Պաքւում լուրջ մտահոգութիւնների տեղիք է տուել:
Ռուսաստանի եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնների սառեցման որոշակի ազդակ է նաեւ այն հանգամանքը, որ 2012թ. Մարտին Վլադիմիր Պուտինի՝ Կրեմլ վերադառնալուց յետոյ առ այսօր երկու երկրների նախագահների մակարդակով հանդիպում չի կայացել: Չի կարելի բացառել, որ Մամեդեարովի այս այցը պայմանաւորուած է երկկողմ յարաբերութիւններում կուտակուած անվստահութեան մթնոլորտը յաղթահարելու ձգտումներով: Յատկապէս այս փուլում Պաքուին դա անհրաժեշտ է մի կողմից հայ-ռուսական յարաբերութիւնների վերաիմաստաւորման գործօնն օգտագործելով Հայաստանի նկատմամբ դիրքային առաւելութիւն ստանալու եւ տարածաշրջանում Ռուսաստանի վստահելի գործընկերոջ կարգավիճակը ձեռք բերելու համար, իսկ միւս կողմից՝ Ատրպէյճանում այս աշնանը կայանալիք նախագահական ընտրութիւններին ընդառաջ ալիեւեան կլանի համար Ռուսաստանի աջակցութիւնն ստանալու:
Բոլոր դէպքերում Պաքուի այս ձգտումները հիանալի հնարաւորութիւն են տալիս Մոսկուային՝ մեծացնելու քաղաքական ու հոգեբանական ճնշումները Հայաստանի վրայ: Մամեդեարովի հետ հանդիպումից առաջ ՌԻԱ «Նովոստի» գործակալութեանը տուած հարցազրոյցում ՌԴ ԱԳՆ տեղեկատուութեան եւ հրատարակչութեան դեպարտամենտի ղեկավար Մարիա Զախարովան յայտարարեց, թէ Ատրպէյճանը հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը: Այս միտքը բանակցութիւններից յետոյ կայացած ասուլիսի ընթացքում արտայայտեց նաեւ Սերգէյ Լաւրովը: Բացի դրանից՝ վերջինս, անդրադառնալով ԼՂ հակամարտութեան կարգաւորմանը, յայտարարել է, թէ բանակցող կողմերի միջեւ փոխզիջումը դժուարանում է յատկապէս այն պատճառով, որ «Հայաստանը պնդում է, թէ իր համար, իբրեւ բանակցութիւնների հիմք, ընդունելի է միայն Մադրիդեան սկզբունքների 2007թ. տարբերակը, իսկ Ատրպէյճանը պարտադիր է համարում աշխատանքների շարունակումը Մադրիդեան սկզբունքների՝ 2009-ին թարմացուած տարբերակի հենքի վրայ»:
Փաստացի, այդպիսով, Լաւրովը խախտում է ԼՂ բանակցութիւնների գաղտնիութեան սկզբունքը այն դէպքում, երբ Ռուսաստանը հանդիսանում է ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահներից մէկը, եւ երբ արդէն վաղը ՄԽ համանախագահներն իրենց հերթական այցն են կատարելու տարածաշրջան: Սակայն խնդիրը ոչ այնքան վերջիններիս հետ է կապուած, որքան այն փաստի, որ, իրավիճակը նման լոյսի ներքոյ ներկայացնելով, Լաւրովն ուղղակի, թէ անուղղակի հէնց Հայաստանի շահերին է հարուածում, քանի որ ստացւում է, որ ձեռք բերուած վերջին պայմանաւորուածութիւններից հրաժարւում ու նախկին՝ 2007թ. դիրքերին է վերադառնում ոչ թէ Պաքուն, այլ հէնց Երեւանը: Այսինքն՝ ապակառուցողականութիւնը դրսեւորում է հայկական կողմը: Լաւրովը նաեւ նշել է, որ հակամարտութեան գօտում ստեղծուած ստատուս քվոյի շարունակումն անընդունելի է:
Թէեւ սա, ընդհանուր առմամբ, տեղաւորւում է ՄԽ համանախագահող երկրների համաձայնեցուած դիրքորոշման շրջանակում, սակայն խնդիրը Լաւրովի կողմից բերուող հիմնաւորումն է. «Առկայ ստատուս քվոն նշանակում է ոչ միայն ատրպէյճանական տարածքների վերադարձման, այլ նաեւ Հայաստանի շրջափակման հարցի չլուծում»,- ասում է ՌԴ արտգործնախարարը: Նա փաստացի անտեսում է բանակցութիւնների ամենաառանցքային հարցը՝ ԼՂ կարգավիճակի յստակեցումը: Լաւրովի մեկնաբանութիւններից կարելի է այնպիսի տպաւորութիւն ստանալ, թէ ընթացող, աւելի ճիշդ՝ սառեցուած բանակցութիւնների ողջ իմաստը այդ տարածքները վերադարձնելու մեխանիզմների յստակեցման մէջ է:
Ըստ էութեան՝ Հարաւային Կովկասում Մոսկուան սկսել է քաղաքական մանեւրների նոր շրջափուլ: Դա առաջին հերթին ներառում է Ատրպէյճանի հետ յարաբերութիւնների կարգաւորման օրակարգը, ինչն անհրաժեշտ է քաղաքական ու էներգետիկ ոլորտում տարածաշրջանում վերահսկողութեան լիարժէքութեան ապահովման համար: ՌԴ-ն արդէն սկսել է Պաքու-Նովոռոսիյսկ նավթամուղի շահագործման նոր պայմանների շուրջ բանակցութիւնները ատրպէյճանական կողմի հետ, եւ հասկանալի է, որ նման շտապողականութիւնը պայմանաւորուած է Ատրպէյճանին Պաքու-Ջէյհան այլընտրանքային նավթամուղային նախագիծը վերակենդանացնելուն չմղելու մարտավարական խնդրով:
Երկրորդը Իրանի եւ դրա շուրջը սեղմուող օղակն է, որտեղ Ատրպէյճանին վերապահուած է առանցքային դերակատարումներից մէկը: Միւս կողմից, իհարկէ, Հայաստանի արտաքուստ եւրոպականացման մղումները զսպելու խնդիրն է, ինչը, փաստօրէն, Մոսկուան փորձում է լուծել թէ՛ տնտեսական եւ թէ՛ քաղաքական ճնշումներն ուժեղացելով: Սա խօսում է տարածաշրջանում ստեղծուած նոր իրավիճակի եւ դրանում Հայաստանի տեղը վերաճշգրտելու՝ ի յայտ եկող անհրաժեշտութեան մասին:
ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
«Երկիր»