Ազատամարտիկ Վիգէն Գրիգորեանի մասին իր մտորումները թուղթին յանձնած է իր կինը՝ Գրետա Աւետիսեանը։ Ստորեւ կը ներկայացնենք աշխատանքը, խմբագրական աննշան միջամտութիւններով.-
Թուղթն ու գրիչն առել ու փորձում եմ թափառ մտքերս ժողովել, քո մասին խօսք ասել: Կը յաջողուի՞: Փորձեմ: Դու այն եզակիներից ես, որի կեանքի նպատակը հայրենիքի ազատութիւնն ու անկախութիւնն է: Այն դժուար ու վեհ գործ է. աձնազոհութիւն ու սխրանք: Շատ քչերին է յաջողւում, շատերին չի յաջողւում այդ ուղին ընտրել, քանի որ այն պատուաբեր ու նաեւ վտանգներով լեցուն է:
Դու ծնուել ես պատմական Դիզակի մելիքանիստ Տողում: Աստուած ծնողներիդ պարգեւել է մի զաւակ նախ հայրենիքի, յետոյ միայն իրենց համար: Հեշտ չի ապրել, սովորել, աշխատել թուրքախառը Տողում, Պաքւում, Վարդաշէնում: Քեզ ոգեւորում ու ավիւն էր տալիս ընտրած մասնագիտութիւնդ՝ մանկավարժութիւնը: Այն նաեւ լայն հնարաւորութիւններ էր ընձեռնում քո աշակերտներին տոգորելու հայրենասիրութեամբ: Գիւղի 26 նահատակներից 12-ը միայն քո սաներն են, քանի որ ամենուր նրանց առաջնորդում էիր դէպի պայքար, դիրքեր ու մարտ:
Խորհրդային բանակում ծառայելիս աչքի ընկար, տուն վերադարձար սպայի կոչումով ու պարգեւով: Երբ քեզ առաջարկեցին շարունակել ծառայութիւնդ, մերժեցիր, քանի որ քո հայրենիքին՝ ափաչափ Արցախին այլ ձեւով նուիրուելով աւելի պէտք էիր: Հայրդ Մեծ Հայրենականի ակտիւ մասնակիցներից էր, հաշմանդամ: Ինչ լաւ է (թող ինձ ների) ու չտեսաւ քո երիտասարդ կեանքի ընդհատուելը: Թող ներեն մայրդ, քոյրդ ու եղբայրներդ, ընտանիքդ, հարազատներդ:
87-ի աշնանը մասնակցում էիր Արցախը Հայաստանին միացնելու նպատակով գումարուող գաղտնի ժողովներին: Հետաքրքիրն այն է, որ Հադրութի շրջանի Շարժման ակունքային 4-5 անդամներից մէկը դու ես: Դա պատահական չի, քանի որ քո մօտ միշտ էլ այն գործում էր: Շարժումն անշարժ չէր եզակի մարդկանց մօտ: Նաեւ՝ քո մօտ:
Երբ Ստեփանակերտ յաճախ գնալուդ գումարուեցին նաեւ Երեւան մեկնելդ, մարդկանց մօտ առաջացան կասկածներ, որոնք անտեղի չէին: Սկսուեցին հալածանքներ, հետապնդումներ: Դու գործում էիր զգոյշ, ուշադիր:
Ոչ մի պայքար մենակ չի յաջողւում: Յիշում եմ այն երեկոները, երբ քո տուն հրաւիրեցիր քո աշակերտ Արմէնին: Նա ինչ-որ ձեւով զարմացած եկաւ, քանի որ խորհրդաւոր էիր քո կեանքով, գործով: Երբ սեղանի շուրջ նստած նրան բացատրեցիր մեր պայքարի ու նաեւ ….. պատերազմի մասին, նա զարմանքից ապշել ու անթարթ նայում էր քեզ: Դիւրին չի համոզել աշակերտին պայքարի հարցում: Կամաց-կամաց այն յաջողուեց: Արդէն գիւղում մենակ չէիր գործում: Ընդհատակեայ պայքարն այդ ընթացքում պայքարի հին ու նոր նուիրեալների մասին տեղեկութիւններ պատմելն էր, տնային պայմաններում տարբեր տեղերից ձեռք բերած 3 գոյնի՝ կարմիր, կապոյտ, նարնջագոյն կտորներից դրօշակ կարելը, հայերէն, թրքերէն թռուցիկներ գրելը եւ դրանք որոշ մարդկանց փոստարկղ մտցնելը, ազգային-հայրենասիրական ոչ յայտնի երգեր բերելն ու տարածելն էր: Կամաց-կամաց պայքարն ակտիւանում էր: Զգացւում էր պատերազմի հոտը: Ձեր տանը ոչ մի զէնք-զինամթերք չկար: Ինչի էր պէտք մանկավարժի ընտանիքին զէնք: Նրա զէնքը իր գիտելիքներն են:
Մի անգամ Երեւանից գալուց յետոյ որոշեցիր գիւղում որսորդական հրացան ունեցողների անունները ճշդել: Հրացանի կարիք կայ, չնայած այն բացայայտ չի: Ամէն ինչ իր ժամանակն ունի:
Արցախում հայութեան առաջին միտինգը գումարուեց Հադրութում՝ Մայր Հայաստանին միանալու պահանջով: Միտինգի ակտիւ վարողներից դարձար, «Ղարաբաղի ողբն» այդ օրը արտասանելդ շատերին սթափեցրեց: Մեկնեցիր Երեւան, այնտեղ էլ մասնակիցը դարձար միտինգների, ոգեւորուեցիր: Դու այնքան արագ ու միմիայն քեզ համար հեշտ ձեւով կարողանում էիր մարդկանց գրաւել դէպի քեզ, դէպի «քո գործը»՝ միացումը: Ձեր տուն էին գալիս տարբեր մարդիկ: Մէկը զէնքի գաղտնիքն էր բացատրում, գծագիրներ ցոյց տալիս, միւսը՝ պայթուցիկ նիւթերի բաղադրութիւնը: Քո բարեկամ բուժաշխատողից խնդրեցիր ինչքան հնարաւոր է «մարգանցովկա», գլիցերին (գուցէ այս յօդուածը կարդայ զէնք պատրաստած նախկին զինուորներից մէկը եւ վերյիշի ու տրտմի, նաեւ՝ հպարտանայ, թէ ինչպէս է սկսել այսօրուայ յաղթանակի համար մղուած պատերազմը): Շուտով Լեոնիդ Ազգալդեանից պաշտպանական այլ միջոցների բաղադրատոմսեր եւս բերեցիր: Երբ մի անգամ Նոր Հաճնից եկար, մի քանի մեխանիզատոր տղաներ քո յանձնարարութեամբ իրենց արհեստանոցներում աշխատանքից յետոյ կամ առաջ ինքնաշէն նռնակներ սկսեցին պատրաստել: Սրանք բոլորը պէտք էին: Դու պատրաստւում էիր պատերազմին: Եւ քեզ հետ միասին մի ամբողջ ժողովրդի հոգեբարոյապէս պատրաստում անկանխատեսելի պատերազմին:
Թրքերէնի քո իմանալն ու օգտագործելը քեզ շատ-շատ օգնեցին: Երբ գիւղում մտցուեց պարեկային ժամ, թուրքերը չափազանց լկտիացան: Երբեմն գիշերները գաղտնի տեղ գնալ-գալու ժամանակ հանդիպում էիր պարեկներին եւ քո վարժ թրքերէնով անցնում:
Երբ Արցախում թուրքերի վայրագութիւնները շատացան, քո ընկերները աւելացան: Արդէն մարդիկ գալիս եւ խնդրում էին քեզ` որեւէ յանձնարարութիւն տալ, որ կատարեն եւ քո պայքարին աջակից լինեն: Ամէնքը չէին արժանանում այդ պատուին:
Դպրոցական գրիչն ու մատեանը ժամանակաւոր կողք դրեցիր, զէնք ուսեցիր: Օրհասական էր գիւղի վիճակը: Նախօրոք ներկայացել էիր Երեւան՝ Սպարապետի մօտ, որ օգնի քո ջոկատին՝ գիւղն ազատելու թուրքերից: Այնքան փաստացի ու համոզիչ էին քո տուեալները, որ որոշ ջոկատների հրամանատարներին մերժելուց յետոյ՝ նա քեզ զէնք տուեց: Ուրախ ու ոգեւորուած՝ Երեւանից յատուկ ուղղաթիռով եկար գիւղի մօտակայ անտառը: Զէնքը կայ, ոգին՝ եւս:
Մի քանի օգնական ջոկատների օգնութեամբ, առանց մի կաթիլ արեան, ազատագրուեց քո գիւղը: Այդ ազատագրումը եղաւ նորահռչակ Արցախի հանրապետութեանը քո ջոկատի կողմից մատուցած արժանի նուէր: Այդ ազատագրումը նաեւ Արցախի անկախութեան տարեկիցն է:
Շուրջբոլորը ծանր կացութիւնից հեւացող գիւղեր են: Հերթով պէտք է օգնել բոլորին: Ստուարացաւ քո ջոկատը, իսկ նրա փառքը եւ կատարած հերոսութիւնների քանակը օր օրի աւելանում էր: Քո անունը սարսափ էր առաջացնում թուլամորթ թուրքերի շրջանում: Քո մարտիկներով երդուել էիք` «Ով զարկուի, դաւաճան է»:
Սուրբ-սրբազան է հայրենիքի իւրաքանչիւր թիզը: Աւելի ծանր է, հաւանաբար, սրբավայրերի վիճակը: Ամենուրէք պղծւում, աւերւում էին հայկական կոթողները, որոնց կիսաւեր պատերը պէտք էր ազատագրել թրքական վանդալների ճիրաններից: Ոչինչ, յետոյ կը նորոգուեն, կը վերականգնուեն, հայկական ազատ շունչ կը զգան իրենց հինաւուրց պատերին: Այդ գործը եւս յաջողացրեցիր:
Գիւղից հեռու կայ Կաւագ անունով մի եկեղեցի, որը կառուցող վարպետի անուամբ հաստատում է իր յաւերժութիւնը՝ կայ՝ Աւագը: Թուրքերը իրենց զէնք-զինամթերքը այնտեղ էին կուտակել, այնտեղից էին գնդակոծում մօտակայ հայկական բնակավայրերը եւ դիրքերը: Անչափ դժուար ստացուեց բարձունքի ազատագրումը, բայց ստացուեց արագ եւ հնարամտօրէն: Երբեմն ուզում ես հաւատալ Աստծոյ մատը խառը լինելուն: Ստացուեց, բայց…..քո արեամբ, քո կեանքի գնով, քո….
Երբ կապի միջոցով միմեանց էին գուժում քո յաւերժութիւնը, թուրքը եւս իմացաւ. Սաստկացրեց գրոհը: Այն ետ մղուեց, բայց մեծ զոհերի գնով: Միանգամից 8 զոհ…
Սիրելի ընթերցող, դու երեւի չէիր ձանձրանում այսքանն ընթերցելիս: Եւ հետաքրքրութիւն առաջացաւ, թէ ում մասին է խօսքը.
Մեր հերոսը Վիգէն Սամվէլի Գրիգորեանն է: Նա ծնուել է 1951 թ.-ին Արցախի Տող գիւղում: Աւարտել դպրոցը, բուհը, աշխատել դպրոցում որպէս ուսուցիչ, փոխտնօրէն, տնօրէն, եղել ժողովրդային կրթութեան ակնառու աշխատող, պարգեւատրուել պատուոյ գրերով: Պատերազմից առաջ եղել է «Ամարաս» հայրենակցական միութեան Հադրութի բաժանմունքի նախագահը, ԼՂՀ ԱԺ I գումարման պատգամաւոր, գումարտակի շտապի պետ: Նահատակուել է 1993 թ. Ապրիլի 5-ին: Յետ մահու պարգեւատրուել է ԼՂՀ ԳԽ «Մարտական Խաչ» II աստիճանի շքանշանով, «Արիութեան մեդալով», ԵԿ «Վազգէն Սարգսեան» շքանշանով:
Գիւղի դպրոցը կոչւում է նրա անուամբ: Նրա մասին գրուել են շատ յօդուածներ, յուշեր, նկարահանուել ֆիլմեր: Նրա աճիւնն ամփոփուած է գիւղի Մեծ Հայրենականի զոհերի յուշարձանի մօտ:
Այս բոլորն ինձ պատմեցին նրան լաւագոյն մի քանի ճանաչողներ՝ միմեանց ընդհատելով:
ԳՐԵՏԱ ԱՒԵՏԻՍԵԱՆ