Վերջին օրերին ակտիվ քննարկւում է իրանցի զբօսաշրջիկների հոսքի՝ համարեայ կրկնակի կրճատումը դէպի Հայաստան:
Սովորաբար իրանցիները մեծ շուքով են նշում իրենց ամէնասիրելի տօներից մէկը՝ Նովրոզը եւ բաւականին մեծ թիւով իրանցիներ իրենց հանգստեան օրերն անցկացնում են հարեւան պետութիւններում, ասենք Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում կամ Թուրքիայում, որտեղ աւելի ազատ եւ անկաշկանդ մթնոլորտում կարողանում են վայելել աշխարհիկ կեանքի՝ այդքան իրենց համար անհասանելի բերկրանքը: Սակայն վերջին երկու-երեք տարիների ընթացքում իրանցի զբօսաշրջիկները սկսել են աւելի քիչ ճանապարհորդել դէպի արտասահման:
Դրա համար կան բազմաթիւ պատճառներ, բայց հիմնական պատճառները երկուսն են: Նախ Իրանի կառավարութիւնը արգելք է դրել իրենց քաղաքացիների՝ պետութիւնից աւելի քան 3000 տոլարին համարժէք ֆինանսական միջոցներ դուրս բերել վրայ: Պատճառն այն է, որ միջազգային պատժամիջոցների հետեւանքով իրանական տնտեսութիւնը յայտնուել է բաւականին ծանր վիճակում եւ նման ճոխութիւն իրանական իշխանութիւնները իրենց թոյլ տալ չեն կարող, որպէսզի մեծածաւալ ֆինանսական միջոցներ երկրից դուրս գան: Յաջորդ հանգամանքն այն է, որ նոյնիսկ շարքային իրանցիներն են գիտակցում, որ աւելի լաւ է տօներն անցկացնել իրենց հայրենիքում եւ իրենց խնայողութիւնները ծախսեն՝ ի նպաստ իրենց փոքր եւ միջին բիզնեսի եւ հետեւաբար ընդհանուր տնտեսութեան զարգացման համար, քան հարստացնեն հարեւաններին: Այսինքն ստացւում է, որ Իրանի քաղաքացիներն ընդառաջ են գնում դէպի իրենց իշխանութիւններ, ովքեր կոչ են անում ֆինանսական միջոցները ծախսել՝ զարգացնելով ներքին տուրիզմը, իսկ իշխանութիւններն էլ ընդառաջ են գնում իրենց քաղաքացիներին՝ թոյլ տալով որոշակի սահմանափակումներով հանդերձ ինքնուրոյն որոշել, թէ որտեղ անցկացնել հանգիստը: Այստեղ փաստօրէն գործ ունենք ուժեղ եւ ինքնակազմակերպուած ժողովրդական ճակատի հետ:
Գանք Հայաստանի իրականութեանը: Ոչ մէկի համար գաղտնիք չէ, որ հայաստանցիները շատ են սիրում իրենց ամառային հանգիստն անցկացնել ծովի ափին: Դա կարող է լինել ասենք Վրաստանը կամ Թուրքիան, որտեղ զբօսաշրջութեան ոլորտում գիները բաւականին մատչելի են: Այստեղ սակայն հայ զբօսաշրջիկներն էլ, կառավարութիւնն էլ չունեն ընդհանուր մօտեցումներ: Տարիներ առաջ վարչապետ Անդրանիկ Մարգարեանի մակարդակով բանաւոր յանձնարարական էր տրուել պետական հիմնարկների ղեկավարներին, որպէսզի պետական չինովնիկները յանկարծ չմտածեն էլ Անթալիայում իրենց հանգիստն անցկացնելու մասին: Պետութիւնը հիմնաւորում էր, որ Հայաստանն այսպիսով հզօրացնում է Թուրքիայի տնտեսութիւնը, եւ Հայաստանից գնացող փողերը Թուրքիան՝ որպէս ռազմական օգնութիւն ուղարկում է Ադրբեջան: Սակայն այդ արգելքը երկար կեանք չունեցաւ, քանի որ այլընտրանք առանձնապէս չկար եւ ժողովրդին պէտք էր էժան հանգիստ, որը Հայաստանի կառավարութիւնը չէր կարող կազմակերպել: Հայաստանի հանրութիւնը սա հասկացաւ եւ որոշակի քայլեր ձեռնարկեց այս ուղղութեամբ: Որոշ կուսակցութիւններ, մանաւանդ աւանդական կուսակցութիւնները կոչեր էին անում չգնալ Թուրքիա հանգստանալու եւ ընդհանրապէս չգնել թուրքական ապրանքներ: Այս բոյկոտը եւս երկար կեանք չունեցաւ, քանի որ հէնց այդ նոյն կուսակցութիւնների որոշ ղեկավարներ եւս իրենց հանգիստը կազմակերպում էին Անթալիայում՝ հիմնաւորելով թէ դա պատմական հայկական տարածք է:
Շուտով ամառ է եւ դարձեալ բացւում է հանգիստի սեզոնը: Հայ զբօսաշրջիկները հաւանաբար կրկին կը գնան Անթալիա հանգստանալու՝ հերթական անգամ ապացուցելով, որ Հայաստանում ժողովրդական դիւանագիտութիւն, ազգային համաձայնութիւն եւ ինքնակազմակերպուածութիւն դեռեւս չկայ նոյնիսկ այնպիսի զգայուն թեմայի վերաբերեալ, ինչպիսին Թուրքիան է:
eMedia.am