Արեւմտահայերէնի Պաշտպանութեան Եւ Զարգացման Վայրը Հայաստանն Է Հայոց ցեղասպանութեան պատճառով հայ ժողովուրդը կորցրեց մէկուկէս միլիոն մարդ, հարիւրաւոր եկեղեցիներ ու վանքեր, կորցրեց իր պատմական հայրենիքի մեծագոյն մասն ու երեքհազարամեայ մի ողջ քաղաքակրթութիւն: Արեւմտահայ լեզուն, որի կրողների մեծ
մասը զոհ գնաց թուրքական եաթաղանին, շարունակեց ապրել ու զարգանալ հիմնականում այն վայրերում, որտեղ հաստատուեցին Ցեղասպանութիւնից մազապուրծ հայերը: Հալէպում, Պէյրութում, Գահիրէում ու բազմաթիւ այլ քաղաքներում ու գիւղերում հայրենազուրկ հայութիւնը կառուցեց դպրոցներ ու եկեղեցիներ, հրատարակեց թերթեր ու գրքեր: Եթէ 1920-ական թթ. սկզբներին խորհրդայնացուած Հայաստանում անցում կատարուեց աբեղեանական ուղղագրութեան, ապա սփիւռքում պահպանուեց մեսրոպեան կամ դասական ուղղագրութիւնը, իսկ հայկական դպրոցներում ուսումը շարունակուեց արեւմտահայերէնով:
Հարիւր տարուայ ընթացքում արեւմտահայերէնով ստեղծուել է ծով գրականութիւն, հազարաւոր հայեր կրթութիւն են ստացել ու շարունակում են ստանալ հէնց արեւմտահայերէնով, տպագրուել ու տպագըրւում են օրաթերթեր, հանդէսներ, գըրքեր: Սրա հետ մէկտեղ՝ արեւմտահայերէնը վերջին տասնամեակներում նահանջ է ապրել սփիւռքի գրեթէ բոլոր գաղթօճախներում, անգամ‘ Սուրիայում ու Լիբանանում: Շատերը սա համարում են բնական երեւոյթ՝ պնդելով, որ երկարաժամկէտ առումով մայրենի լեզուն, գիրն ու գրականութիւնը, աւանդոյթներն ու սովորոյթները հնարաւոր է պահպանել միայն անկախ պետականութիւն կամ պետականութեան որոշակի մակարդակ (օրինակ՝ Խորհրդային Հայաստանը) ունենալու դէպքում:
2010 թուականին ԵՈՒՆԵՍՔՕ-ն արեւմտահայերէնը դասեց աշխարհի վտանգուած լեզուների շարքում: Յատկապէս վերջին շրջանում սփիւռքի հայկական կազմակերպութիւնները, որոնք տասնամեակներ եղել են արեւմտահայերէնի պահպանութեան ու զարգացման ջահակիրները, իրենց գրագրութիւններում եւ այլ գործառնութիւններում սկսել են անցնել երկլեզուութեանը՝ աւելի ու աւելի շատ հակուելով այն լեզուին, որը իրենց պետութեան մէջ համարւում է պաշտօնական: Բազմաթիւ հետազօտութիւններ ցոյց են տալիս, որ սփիւռքում հայկական դպրոցներ յաճախող երեխաների թիւը կտրուկ անկում է ապրում: Թւում է՝ այս միտումը անշրջելի է:
Լեզուն ազգի պահպանութեան հիմնական, ես կը պնդէի, միակ միջոցն է: Դու անգամ կարող ես դաւանել այլ կրօն, բայց շարունակում ես հայ մնալ, քանի դեռ խօսում ես հայերէն, քո լեզուամտածողութիւնը հայերէնով է:
Արեւմտահայերէնի պահպանութեան ու զարգացման գործում մեծ աւանդ են ունեցել առաջին հերթին Սուրիոյ ու Լիբանանի, իսկ աւելի վաղ՝ Եգիպտոսի ու մի քանի այլ երկրներում հաստատուած հայ համայնքները: Հալէպը, Պէյրութը, Գահիրէն եղել են հայ գրատպութեան կարեւորագոյն կեդրոններ: Այսօր Մերձաւոր Արեւելքը ցնցումների մէջ է, քրիստոնեաները, այդ թւում՝ հայերը, զանգուածաբար հեռանում են այլ երկրներ: Ոչ վաղ անցեալի պատմութիւնը յուշում է, որ Եւրոպա ու Ամերիկա տեղափոխուած հայութեան երկրորդ, երրորդ սերունդները մոռանում են հայերէնը եւ ձուլւում: Հիւսիսային եւ Հարաւային Ամերիկայի, Եւրոպայի երկրներում հայութեան թիւը հաւանաբար երեք միլիոնի սահմաններում է, սակայն նրանց մեծագոյն մասը չի խօսում հայերէնով կամ նախընտրում է խօսել տուեալ երկրի լեզուով, նրանց երեխաների մեծագոյն մասը չի յաճախում հայկական դպրոց:
Այո, այսօր էլ, բարեբախտաբար, այդ գաղթօճախներում կան հայկական դպրոցներ: Մեծ զոհողութիւններով ու դժուարութիւններով շարունակւում են տպուել թերթեր, արեւմըտահայերէնով շարունակւում է ստեղծուել լաւ գրականութիւն, տպագրւում են արժէքաւոր գրքեր ու հետազօտութիւններ, սակայն միտումները մտահոգիչ են:
Բարեբախտաբար այսօր ունենք Հայաստանի Հանրապետութիւն: Այո՛ այդ հանրապետութիւնը ունի բազմաթիւ դժուարութիւններ, դիմակայում է մարտահրաւէրների, այդ երկրում կան անարդարութիւններ ու ընկերային անհաւասարութիւն, այդ երկրի իշխանական վերնախաւը կեդրոնացած է իր համար հարստութիւն դիզելով՝ փոխանակ արտագաղթի առաջն առնելու:
Հայաստանում տեսանելի արտագաղթի կողքին կայ նաեւ ներգաղթ, ճիշդ է՝ շատ փոքր ծաւալներով, գուցէ՝ պարտադրուած ներգաղթ: Երբ տասը տարի առաջ Իրաքն ընկաւ ցնցումների, պատերազմի ու ահաբեկչութիւնների մէջ, իրաքահայութեան մի հատուած եկաւ Հայաստան: Սակայն կարճ ժամանակ անց նրանց մեծագոյն մասը հեռացաւ հայրենիքից:
Այսօր Սուրիան է յայտնուել ցնցումների, պատերազմի ու ահաբեկչութիւնների մէջ: Սուրիահայերի մի հատուած ապաստան է գտել հայրենիքում, սակայն եթէ ձեռք չառնուեն անհրաժեշտ միջոցառումներ, ապա նրանք եւս, կամ՝ նրանց մեծ մասը, արտագաղթելու է Արեւմուտք:
Այո՛, պէտք է հասկանալ, որ Հայաստանը այսօր ի վիճակի չէ իտէալական պայմաններ ապահովել սուրիահայերի եւ ընդհանրապէս այն սփիւռքահայերի համար, ովքեր կը ցանկանային ներգաղթել: Սակայն Հայաստանը կարող է եւ պարտաւոր է ստեղծել պայմաններ, որոնց առկայութեան դէպքում միայն սուրիահայերը կամ նրանց մի հատուածը վստահաբար կը հաստատուի Երեւանում, Հայաստանի ու Արցախի այլ քաղաքներում:
Իւրաքանչիւր սփիւռքահայ ընտանիքի համար, ով Հայոց ցեղասպանութիւնից ու հայրենազրկումից յետոյ օտար վայրերում իր հայ ինքնութիւնը տասնամեակներ պահպանել է լեզուի շնորհիւ, շատ կարեւոր է իր երեխաներին ուսման տալ այնպիսի դպրոցում, որտեղ դասաւանդւում է արեւմտահայերէնը՝ մեսրոպեան ուղղագրութեամբ:
Հայաստանի իշխանութիւնները մի քանի տարի առաջ յանդգնութիւն ունեցան կանաչ լոյս վառել օտարալեզու դպրոցներ բացելու ճանապարհին: Ի՞նչն է խանգարում, որպէսզի այսօր բացուեն մի քանի դպրոցներ, որտեղ ուսուցումը, առաջինից մինչեւ վերջին դասարան, կը լինի արեւմտահայերէնով եւ մեսրոպեան ուղղագրութեամբ: Չէ՞ որ դրա պահանջը այսօր կայ Հայաստանում: Աւելի՛ն. նման դպրոցների բացումը կարող է ճանապարհ բացել այն սփիւռքահայ ընտանիքների համար, ովքեր իրենց ապագան պատկերացնում են Հայաստանում:
Այսօր ժամանակն է նաեւ, որպէսզի Հայաստանում տպագրուի օրաթերթ արեւմտահայերէնով ու դասական ուղղագրութեամբ: Հայաստանում կան բազմաթիւ համալսարաններ, որտեղ ուսուցման լեզուն արեւելահայերէնն է: Հնարաւոր չէ՞ եւ կամ ինչո՞ւ չունենալ մի համալսարան ու կից հայագիտական կեդրոն, որտեղ ուսուցումը կը լինի արեւմտահայերէնով ու դասական՝ մեսրոպեան ուղղագրութեամբ:
Սրանք քայլերն են, որոնք կարող են խթանել սփիւռքահայերի ներգաղթը, աւելի առարկայական հիմքերի վրայ դնել Հայաստան-սփիւռք կապերը, ինչպէս նաեւ՝ ջանքեր թափել ԵՈՒՆԵՍՔՕ-ի կողմից աշխարհի վտանգուած լեզուների շարքին դասուած արեւմտահայերէնի կեանքը երկարացընելու ու փրկելու ուղղութեամբ:
Հասկանալի է, որ արեւմտահայերէնի պահպանութեան ու զարգացման իտէալական ու բնական վայրն Արեւմտեան Հայաստանն է, որը, ցաւալիօրէն, մենք կորցրել ենք:
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ