Print
Category: Յօդուածագրութիւն

Այսօր առաւօտեան մի քանի թերթ ու կայք աղմկել են այն մասին, որ իբր ընդդիմադիր ՀԱԿ-ՀՅԴ խմբակցութիւնների պատգամաւորները խուսափում են լրագրողների հետ հանդիպումներից, քանզի պատասխան չունեն այն հարցին, թէ որտեղ էին իրենք Ապրիլի 9-ին եւ ինչու չկանգնեցին ժողովրդի կողքին:

Պատճառը, թերեւս «Ժառանգութեան» գլխաւոր քարտուղար Ստեոպա Սաֆարեանի երէկուայ ասուլիսն է, որի ժամանակ պարոն Սաֆարեանը փորձել էր, նսեմացնելով բոլորին, վսեմացնել իր կուսակցութեան առաջնորդին:

Կարճ յիշողութիւնն, անշուշտ, չի գեղեցկացնում քաղաքական գործչին: Յուսանք՝ Ստեփան Սաֆարեանի ականջին դեռ հնչում են իր կուսակցապետի խօսքերն այն մասին, որ իր պապերի կուսակցութիւնն այստեղ է՝ Ազատութեան հրապարակում: Դաշնակցութիւնը, պարո՛ն Սաֆարեան, Րաֆֆի Յովհաննիսեանի հրաւէրով չէ, որ եկել էր Ազատութեան հրապարակ ու Րաֆֆի Յովհաննիսեանի հրահանգով չէ, որ հարթակից յայտարարեց ժողովրդի հետ լինելու մասին: Ամէն ինչում մեղադրեցին Դաշնակցութեանը, ընդհուպ՝ մինչեւ Րաֆֆու շարժմանը տէր կանգնելու նկըրտումներ ունենալու: Ինչո՞ւ նոյն Րաֆֆի Յովհաննիսեանը կամ Ստեփան Սաֆարեանը չասացին, որ այդպիսի բան չկայ, որ մենք Դաշնակցութեան հետ մեզ հզօր ենք զգում: Ընդհակառակը, ամէն ինչ արեցին, որ հարթակը դառնայ ամէն տեսակ ելոյթների վայր, որ այն հեղինակազրկուի, որ այն չարտայայտի ժողովրդի բուն պահանջները, որ այն ծրագիր չունենայ ու մարդկանց մատնի անորոշութեան:

Ի՞նչ պիտի անէր Դաշնակցութիւնը, պիտի փորձէր բողոքող հանրութեանն այլ վայրո՞ւմ հաւաքուել, հարթակից պիտի քննադատէ՞ր Րաֆֆի Յովհաննիսեանին, որ նա պայքարը սխալ հունով է տանում, որ նա ծրագիր ու քաղաքական տարրական քայլերի պատկերացում իսկ չունի: Քանի՞ անգամ Դաշնակցութիւնը յուշեց Րաֆֆի Յովհաննիսեանին՝ սկսուած շարժման շուրջ համախմբել քաղաքական ուժերին ու միասնական ցուցակով գնալ աւագանու ընտրութիւնների, չթուլացնել քաղաքական պայքարը զանազան զգացմունքային որոշումներով ու քայլերով: Ո՞վ լսեց… Փոխարէնը, այսպէս կոչուած, ալտերնատիւ կառավարութեան ցուցակներ, մարզային անիմաստ շրջագայութիւններ, մահ-ւան տեսիլներ եւայլն: Նոյն Ստեփան Սաֆարեանի խօսքերն են՝ մենք դիմեցինք Սահմանադրական դատարան, որ յետոյ մեզ չասեն՝ ինչու չդիմեցիք: Մանկապարտէզ՝ բառիս բուն իմաստով: Մի՞թէ Սահմանադրական դատարան դիմում են խաղադրոյք կատարելու պէս՝ կա՛մ կը շահես, կա՛մ չես շահի սկզբունքով: Դատարան դիմում են փաստերի, յստակ բողոքների, վկաների աւելցուկով, այլ ոչ թէ խախտումների մասին այստեղից-այնտեղից լսած տրտունջներով: Հետեւաբար, ի՞նչ մտածես ընտրութիւններում երկրորդ տեղը գրաւած թեկնածուի մասին, երբ նա ու նրա թիմը մատների արանքով են նայում նման խնդիրներին:

Եւ վերջապէս՝ «Ժառանգութեան» մեր գործընկերները պէտք է լաւ իմանան, որ իրենք միանգամայն պատահաբար են յայտնուել ճիշդ տեղում, ճիշդ ժամանակին: Պէտք է գիտակցեն, որ սա Րաֆֆի Յովհաննիսեանի բարձրացրած շարժումը չէ, եւ որ, առիթից օգտուելով, իրենք փորձում են այս շարժումը դնել Րաֆֆու տակ: Կարող է ծիծաղելի թուալ, բայց նոյնիսկ իշխանութիւնն է ջանում դա անել, միայն թէ Րաֆֆի Յովհաննիսեանը մնայ շարժման առաջնորդի կարգավիճակում եւ նրա շուրջ ձեւաւորուի կառավարելի ընդդիմութիւն: Ապրիլի 9-ի «կապիկութիւնները» հէնց դա են ցոյց տալիս, ինչը միւս ընդդիմադիր ուժերին ստիպում է զգուշանալ թէ՛ Րաֆֆի Յովհաննիսեանից եւ թէ՛ նրա ամենամերձաւոր շրջապատից, որ իւրաքանչիւր 5 րոպէն մէկ «առաջնորդին» դրդում է հերթական անկապ քայլին ու յայտարարութեանը:

Որտե՞ղ էին միւս ընդդիմադիր ուժերը, երբ Բաղրամեան պողոտայի սկզբնամասում ծեծում էին ժողովրդին՝ աղմկել են որոշ լրատուամիջոցներ: Շատ ներողութիւն՝ դուք տեսե՞լ էք, որ ժողովուրդ են ծեծել: Եթէ դա ծեծելն էր, ապա ո՞րն է ծեծելը: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարեանը դեռ մի բան էլ Ներսիկի վրայ էր բարկանում, թէ ինչո՞ւ չի բացում Բաղրամեանի ձախ մայթը, որ մարդիկ հանգիստ քայլեն քաղաքի այդ պողոտայով: Մի՞թէ սա չէ ողջ ճշմարտութիւնը: Ուրեմն որտե՞ղ պիտի լինէր Դաշնակցութիւնն այդ պահին: Վլադիմիր Գասպարեանի կողքի՞ն:

ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ

«ԵՐԿԻՐ»