Իմ գիրկն է նա մտել պարտէզի ծաղկունքով,
Վարդագոյն այտերով մի աղջիկ.
Գարուն է անունը,
բուրում է արբունքով,
Հագել է կուրծքը բաց մի շապիկ:
Ծոցի տաք լոյսը իմ աչքերն է ծակծակում,
Շուրթերը հասուն են դեղձի պէս.
Սրտագին իր սէրը վարդի հետ է ծաղկում,
Ասում է՝ քաղիր թէ ուզում ես:
Հիւթեղ է... ու հիւթը խմում եմ մեղուի պէս.
Ասում է՝ մի՛ խմիր, դա թոյն է.
Չգիտեմ՝ դա մա՞հ է, դա կեա՞նք է,
թէ հանդէ՞ս,
Որի մէջ գլուխս դառնում է:
Անունը գարուն է, թափուել է իմ կրծքին,
Բուրաւէտ է, որպէս վարդիթեր.
Իմ շունչը կտրում է, փուշեր կան ձեռքերին,
Երբեմն էլ խայթում է խստամբեր:
Բայց յանկարծ դառնում է ուլունքի մի շարոց,
Կախւում է վզիցս, պսպղում,
Իմ ամբողջ հոգսերը դարձնում է մի հոգոց,
Հովին է տալիս ու քրքջում...
Շշնջում է մեղմիւ ականջիս ու ասում,
Գարնան երգ է ասում իմ համար.
Վարդագոյն այտերով աղջիկ է նա հասուն,
Հագինը՝ մի շապիկ ծաղկատար:
Ա Ռ Ա Ւ Օ Տ
Գիշերը, որպէս թուխ մի աղջիկ
Մայրամուտից ի վեր հասունացած,
Արբունութեան հրապոյրով գեղեցկացած,
Տարածուել է շուրջս,
Քսւում է ինձ,
Ցանկանում է՝ սիրաբանեմ,
Որ մայրանայ...
Լուսինը շէկ տղան է
Արեւելքներից եկած
Իր պաղ ու փափուկ ուզմունքներով,
Մտել է ծոցը ու սիրաբանում է...
Սիրատարփ թուխ աղջիկը
Հեշտանքի գերագոյն հաճոյքում
Մայրանում է,
Երազի ոսկէափում
Ծնում է արեւ մի աղջիկ...
Աղջամուղջը փլւում է
Արեւի շողերի գրկում...
Սիրաբանութիւնս բեկւում է
Յագուրդի ալեբախութեամբ...
Բացում եմ աչքերս լոյսի մէջ
Իմաստնացած:
Առաւօտ է,
Սկսում եմ օրը:
ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Կլենտէյլ, Քալիֆորնիա