Print
Category: Յօդուածագրութիւն

Փորձագէտների համոզմամբ՝ «Արմավիա»-ի սնանկացումը լուրջ վտանգ է հանդիսանում Հայաստանի ազգային անվտանգութեան համար:

Կառավարութեանն առընթեր քաղավիացիայի գլխաւոր վարչութեան նախկին պետ Շահէն Պետրոսեանը «Ազատութիւն» ռատիոկայանի հետ զրոյցում ասաց, որ եթէ յանկարծ այնպիսի իրավիճակ ստեղծուի, որ արտասահմանեան ընկերութիւնները որոշեն չուերթներ չկատարել դէպի Հայաստան, ապա երկիրը կը յայտնուի օդային շրջափակման մէջ, քանի որ «Արմավիա»-ից բացի թռիչքներ իրականացնելու հնարաւորութիւն ունեցող այլ ավիաընկերութիւններ չկան:

«Մենք այնպիսի իրավիճակում ենք, որ եթէ յանկարծ ինչ-որ պատահար լինի Հայաստանում, կամ պատերազմ, ոչ ոք չուերթներ չի իրականացնի մեր երկիր: Ամենացաւալին այստեղ այն է, որ կառավարութիւնը այստեղ «մեխի գլուխ» է, ոչ մի բան է կառավարութիւնը, որ այսպիսի մի հզօր ոլորտ է «վարի» գնացել, մի հատ ծպտուն, արձագանգ չկայ, դա է ամենասարսափելին, որ թքած ունեն», - ասում է Պետրոսեանը:

«Արմավիա» ավիաընկերութիւնը մօտ մէկ շաբաթ առաջ յայտարարեց, որ Ապրիլի 1-ից դադարեցնում է թռիչքները եւ սկսում է սնանկացման գործընթացը: Որպէս պատճառ՝ հաղորդագրութիւնում նշւում էր, որ ընկերութեան սեփականատէրը շուրջ 3 տարի այլ բիզնեսներից ներդրումներ էր անում ընկերութեան ձեռքբերումները պահպանելու համար, սակայն ներկայումս այնպիսի իրավիճակ է ստեղծուել, որ այսպէս շարունակելը անհնար է:

Շահէն Պետրոսեանի խօսքով՝ անկախացումից յետոյ սա արդէն երկրորդ դէպքն է, երբ երկրի ազգային ավիափոխադրողը սնանկ է ճանաչւում: Նա ասում է, որ առաջին դէպքում «Հայկական ավիաուղիներ» ընկերութիւնը ժամանակին միտումնաւոր կերպով սնանկացուեց:

Պատմութիւնը կրկնւում է, միակ տարբերութիւնը այն է, որ այս դէպքում պարզ չեն սնանկացման պատճառները: «Արմավիա»-ն կառավարութիւնից մեծ արտօնութիւններ էր ստացել, եւ այս դէպքում սնանկանալու համար պատճառ գտնելը Պետրոսեանի համար դժուար է: Նրա կարծիքով հարցը պէտք է կառավարութիւնում հրատապ քննարկման առարկայ դառնայ, անհրաժեշտ է ստեղծել յատուկ յանձնաժողով, որը կը հետաքննի ընկերութեան գործունէութիւնը եւ սնանկացման պատճառները, քանի որ հնարաւոր է քրէական գործեր յարուցելու անհրաժեշտութիւն էլ լինի:

Բացի այս խնդրից «Արմավիա»-ի սնանկացման գործընթացը ազդել է նաեւ ուղեւորափոխադրումների վրայ: Շատերը, ովքեր արդէն տոմս են ձեռք բերել, ստիպուած են դրանք հետ վերադարձնել: Երէկուանից սկսուել է տոմս ունեցող քաղաքացիների ցուցակագրման գործընթացը: Մեր այցելութեան պահին էլ գրասենեակում մարդիկ կային, ովքեր թէեւ գրանցւում էին, բայց ասացին, որ չեն հաւատում, թէ իրենց կը փոխհատուցեն: «Արմավիա»-ի վաճառքի տնօրէն Անահիտ Այվազեանը «Ազատութիւն» ռատիոկայանի հետ զրոյցում ասաց, որ գրանցումը կը շարունակուի անորոշ ժամանակով, քանի որ մինչ Հոկտեմբեր տոմսեր են վաճառել:

Անահիտ Այվազեանը ասաց, որ արդէն մօտ 100 քաղաքացիների գրանցել են: Գրանցման գործընթացը սկսուել է երէկ ժամը 13-ից, իսկ մինչ այդ գրասենեակի մօտ հաւաքուած մարդիկ բողոքում էին: Վաճառքի տնօրէնը ասաց, որ երէկ ընկերութիւնում խորհրդակցութիւն է եղել, որից յետոյ էլ սկսուել է գրանցման գործընթացը:

Քաղավիացիայի գլխաւոր վարչութեան նախկին պետի խօսքով՝ այստեղ կայ նաեւ սոցիալական խնդիր, քանի որ հիմա «Արմավիա»-ի օդաչուները ստիպուած կը լինեն անցնել այլ աշխատանքի, կամ էլ մեկնել արտերկիր:

«Արմավիա»-ի օդաչուները այսօր հանդիպել են Հանրային խորհրդի նախագահ Վազգէն Մանուկեանի հետ, ներկայացրել իրենց մտահոգութիւնները: Մանուկեանը խոստացել է առաջիկայում շահագրգիռ բոլոր կառոյցների ներկայացուցիչների մասնակցութեամբ լայն քննարկում կազմակերպել:

Այսօր «Արմավիա»-ի սնանկացման հարցին է անդրադարձել նաեւ «Արմենիա միջազգային օդանաւակայաններ» ընկերութիւնը: «Արմավիա»-ին բաժին էր ասնում ուղեւորափոխադրումների կէսից աւելին, եւ հիմա ընկերութեան չուերթները դադարեցնելուց յետոյ լուրջ կորուստներ է կրում նաեւ «Զուարթնոց» օդանաւակայանը: Ընկերութիւնը յայտնել է, որ հիմա սկսել է աւելի ակտիւ աշխատել արտասահմանեան ավիաընկերութիւնների հետ՝ չուերթները աւելացնելու հարցով: «Արմենիա միջազգային օդանաւակայաններ» ընկերութիւնից «Ազատութիւն» ռատիոկայանին փոխանցեցին, որ ներկայ դրութեամբ «Արմավիա»-ի պարտքը կազմում է մօտ 5 միլիոն տոլար: Շահէն Պետրոսեանը նշեց, որ «Արմավիա»-ի սնանկացումը կþազդի նաեւ տոմսերի արժէքի վրայ. նրա կարծիքով՝ որոշ ընկերութիւններ կþօգտուեն իրավիճակից եւ կը թանկացնեն դրանք: «Ազատութիւն» ռատիոկայանի տեղեկութիւններով՝ շուտով ավիացիոն ոլորտում ստեղծուած իրավիճակը կը քննարկուի նաեւ Ազգային ժողովում:

«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»