Դու գալիս ես նրա դալար հետքերով,
արահետներով այն գալարուն ու սորուն,
որտեղից նա անցել է թեթև քայլերով,
բայց մխրճուել է սրտիս մէջ,
որպէս տաք ու լուսաւոր ճառագայթ,
որ արեանս հետ զգացումով է հոսում,
ու յորձանուտ անելով խորանում է,
խորանում:
Եւ խորքերից իմ սրտի
պայթում է վառ կոկոնի պէս,
բնութեան զարթնումի աւետիսով,
որպէս կապոյտ մի ծաղիկ,
որ երազի վառ ծուէն է,
արևի տակ յամեցող
սրտապնդող մի խոստում է,
որ շնչում է նրա բոյրով
ու շոյում է քունքերս.
իր ջերմութիւնն է քսում իմ շուրթերին
համբոյրի կարօտանքով:
Դու գալիս ես նրա քայլքով սեթևեթ,
որ ճկում է մէջքը վտիտ
ու խուսափում է իմ գրկից,
որպէս ամպը, որ փարում է լուսնեակին,
բայց սայթակում է մահիկից,
ու կուտակւում է
յոնքերիս մութ մռայլութեամբ երազկոտ:
Դու գալիս ես ճամբաներով այն հե-ռաւոր,
որտեղից իմ երազներն են անցնում
անվերադարձ յուշերով.
յօրինում են կեանքիս հեքիաթը թաքուն,
գաղտնիքներով դիւթական,
արօտներով իղձերիս,
ուր ուզմունքներս են արածում,
որպէս ճերմակ գառնուկներ:
Տենչերս խայտում են հանց թիթեռներ,
որոնց թևով ես գալիս:
Նրա թրթիռներով ես գալիս
ու մտնում ես սիրտս:
Ես երկրպագում եմ քո ծաղկունքին,
որի վարդաթերթերը
նա շաղ տուեց իմ կրծքին,
որպէս խանդաղատանք ու երջանկութիւն:
Երկրպագում եմ
քո նարգիսներին ոսկեբաժակ,
որոնց մէջ լցուած ցօղով
կարօտներիս սոխակները արբեցին,
փառերգութիւններ դայլայլելով նրան:
Ես երկրպագում եմ
մանուշակներին քրքումէ,
յասմիկներին սպիտակ,
որոնց զարդարանքով ես նմանւում նրան
և արժանանում ես իմ պաշտամունքին:
Առաւօտների խաղաղութեամբ
բեղմնաւորիր կարօտներս,
որ այս պաղատանքիս մէջ
համն առնեմ նրա համբոյրների.
խոնարհուեմ գեղեցկութեան պաշտամունքով,
հաւատարմութեան հաւաստիքով,
և զգամ հարազատութիւնը
սիրոյ ջերմութեամբ,
որով գալիս ես վերանորոգ կեանքով.
գալիս ես
շարունակութեան նման անփոփոխ,
և համ ու բոյր ես բաշխում,
որպէս անվերջանալի առատութիւն,
որպէս խորհրդաւոր մեկնումների
իմաստաւոր վերադարձ:
Գալիս ես,
մտնում ես սիրտս
ու ծաղկում ես:
Գրիշ Դաւթեան
Կլենտէյլ, Քալիֆորնիա